Լրահոս

15.07.2009 17:36


ԼՂՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումների կապակցությամբ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը անհրաժեշտ է համարում հանդես գալ հետևյալ հայտարարությամբ.

ԼՂՀ դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ  մնում է անփոփոխ: Անհնար է հասնել հակամարտության կարգավորմանը՝ անտեսելով առկա իրողությունները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անցյալ վերադարձնելու ցանկացած փորձ ոչ միայն անարդյունավետ է, այլև հղի է հակամարտության նոր սրացումով: Բանակցություններում իրական առաջընթացի հնարավոր է հասնել միայն բանակցային գործընթացի բոլոր փուլերին ղարաբաղյան կողմի լիարժեք  մասնակցությամբ: Ցանկացած համաձայնություն, որը շոշափում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերը, ճակատագիրը և ապագան, չի կարող ընդունվել առանց այդ երկրի ժողովրդի և նրա ճակատագրի համար անմիջական պատասխանատվություն կրող ղեկավարության մասնակցության:

Հույս ունենք, որ խաղաղ կարգավորման մեջ շահագրգիռ  դերակատարները թույլ չեն տա տարածաշրջանի ստատուս քվոյի խախտումը՝ որպես հետևանք կարգավորման ներկայիս բանաձևի հիման վրա բանակցային գործընթացի  արագացման:

Ելնելով վերոնշյալից՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է խեղաթյուրված բանակցային գործընթացի վերաբեռնավորում, որպես բանակցային գործընթացի լիիրավ կողմ, ԼՂՀ վերադարձ բանակցությունների սեղանի շուրջ և կարգավորման հիմնարար սկզբունքների փոխակերպում: 

Այս խորագրի վերջին նյութերը