Աշխարհ

24.07.2013 15:06


Բուլղարիայի ոստիկանությունը կարողացել է ազատել խորհրդարանի շենքում արգելափակված պատգամավորներին և նախարարներին

Բուլղարիայի ոստիկանությունը կարողացել է ազատել խորհրդարանի շենքում արգելափակված պատգամավորներին և նախարարներին

Բուլղարիայում այս գիշեր ցուցարարները պաշարել էին խորհրդարանի շենքը՝ պատանդ պահելով 100-ից ավելի քաղաքական գործիչների, լրագրողների և տեխնիկական աշխատակիցների:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Բուլղարիայի խորհրդարանում արտահերթ նիստի հրավիրման մասին, որտեղ պետք է քննարկվեր բյուջեում փոփոխություններ կատարելու հարցը, որով նախատեսվում էր մեծացնել բյուջեի դեֆիցիտը և կառավարության կողմից վերցվող պարտքերի չափը: Ցուցարարները խորհրդարանի մատույցներում ստեղծել էին պատնեշներ, երեկոյան ժամը 22:00-ին մոտ ոստիկանությունը փորձել էր հատուկ պաշտպանվող ավտոբուսով մուտք գործել խորհրդարանի շենք և այնտեղից տարհանել պատգամավորներից ոմանց և 3 նախարարի, սակայն ցուցարարները կանգնեցրել էին մեքենան: Ավելի ուշ՝ առավոտյան մոտավորապես ժամը 5-ին, ոստիկանության հատուկ ստորաբաժանումները կարողացել են ցրել ցուցարարներին և ազատել խորհրդարանի շենքում արգելափակված պատգամավորներին և կառավարության անդամներին:

Երկրի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ կան թեթև վնասվածքներ ստացածներ և ձերբակալվածներ, պատգամավորների մեջ տուժածներ չկան:

Նշենք, որ Բուլղարիայում արդեն 40 օր տևող համազգային ցույցերի պատճառ էր հանդիսացել իշխանական վերնախավում տիրող կոռուպցիան: Ցուցարարները արդեն մեկ ամսից ավելի է՝ պահանջում են կառավարության և վարչապետի հրաժարականը:

Բուլղարիայի սոցիալիստ վարչապետ Պլամեն Օրեշարսկին հրաժարվում է հրաժարական տալ՝ հայտարարելով, որ դա ավելի կսրի ճգնաժամը:

Նշենք, որ ցուցարարները վայելում են միջազգային աջակցություն: Բուլղարիայում գտնվող եվրոպական հանձնաժողովի հատուկ լիազոր Վիվիան Ռեդինգը հայտարարել էր, որ զորակցում է Բուլղարիայի քաղաքացիներին, որոնք բողոքում են կոռուպցիայի դեմ: Ռեդինգը նշել է. «Մենք չենք կարող փոխել ձեր կառավարությանը, սակայն պատասխանատվություն ենք կրում, որ ամեն ինչ լինի օրենքի սահմաններում»:

Այս խորագրի վերջին նյութերը