Լրահոս

29.01.2011 10:01


«Նավթային» դիվանագիտության «հրեշտակը» պատրանք էր...

Պատերազմը ճակատագրեր է խեղում, ողջերին' հաղթողի կամ պարտվողի հոգեվիճակ հաղորդում, իրեն' վերապահում հրամայականներ առաջադրելու լիիրավ իրավունքը:

Արցախյան ազատամարտի հրամայականները հայ ժողովրդի համար դժվարին էին, բայց պատվախնդիր. դրսևորել ռազմական բարձր ոգի, նվիրում, ինքնակազմակերպվածություն, կարգապահություն, և անպայման հաղաթանակով վճռել պարտադրված պատերազմի ելքը:

Հայոց բանակի սյուները' քաջարի մահապարտները, ազատամարտիկները, առաջին զինվորները, ունենալով համայն հայության նեցուկն ու օրհնությունը, պատվով ստանձնեցին հայրենիքի առաջ ծառացած հրամայականները, կյանքի գնով փոխեցին միջազգային քաղաքական շատ ուժերի խաղաքարտերը: Թեև մեկ տասնամյակից ավելի է, ինչ միջազգային դիվանագիտության սպասավորները' կոմիսարներն ու էմիսաները, փորձում են մոլորեցնել հայությանը, այնուհանդերձ արդարության ուժով ձեռք բերված հաղթանակը իրավունք է տվել դիվանագիտության ասպարեզում ամրագրել հայության հաղթանակը:

Հավաքական ուժը, այն էլ հայի, անպարտելի է, միտքը' տաղանդաշատ, և նա հնարավոր ամեն բան կանի Արցախյան ազատամարտի արդարացի ու հաղթական վերջակետը դնելու համար' ի հիշատակ բյուրավոր հայ նահատակների:

Հայոց բանակի շնորհիվ' մեր բաժին մի կտոր երկինքն այս արևի տակ միշտ պաշտպանված կլինի: Նա, որ բոլորում է ծննդյան 19-ամյակը, միշտ կմնա իր բարձունքին' անառիկ ու զորեղ: Միշտ' արժանի հարգանքի ու մեծարանքի, որովհետև ազատության և արդարության բանակ է: Նրան'  հազարապատիկ շնորհակալություն:

Համաշխարհային պատերազմներ, ցեղասպանություներ, ատոմային ռումբեր. 20-րդ դարի սպիներն են սրանք: Նոր դարաշրջանը, ցավոք, ոչնչով չի զիջում նախորդին, պարզապես «չհայտարարված» պատերազմները ժամանակակից գիտատեխնիկական նորամուծությունների արդյունքում հանդես են գալիս «տարերային աղետ» անվան տակ, որոնք իրենց երկար սպասել չեն տալիս: Դժվար է աշխարհում գտնել խաղաղության ու զարգացման համար պիտանի մի անկյուն. ամենուր հակամարտություններ են, մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող փաստեր, իրական ազատությունների ու զարգացման իրավունքների անտեսում: Մինչդեռ, բոլոր բարձրացված խնդիրները քաղաքակիրթ լուծման ճանապարհ ունեն: Բայց արի ու տես, որ այդ տարբերակները կիրառելի չեն. միջազգային դիվանագիտության գլխավոր դերակատարները նախապատվությունը տալիս են քաղաքական շահարկումներին և ոչ թե իրավունքի սկզբունքին:

Ի պաշտոնե հաշտարարի դեր ստանձնած միջազգային դիվանագիտությունը հետզհետե բացահայտում է իրական դեմքը, զուգահեռ կորցնելով համաշխարհային հանրության հավատն ու վստահությունը...: Այլապես ինչու վերջին երեք տասնամյակում գլուխ բարձրացրած քաղաքական ու ազգամիջյան հակամարտություններից և ոչ մեկը չի ստացել իրական հանգուցալուծում, իրավա-քաղաքական ընդունելի վճիռ' հակամարտող բոլոր կողմերի համար: Միջազգային դիվանագիտությունը անում է հնարավոր ամեն բան ՄԱԿ-ի Կոնվենցիաներն ու Հռչակագրերը շրջանցելու համար, որոնք կարող են դնել թե՛ հաղթանակի, թե՛ պարտության անբեկանելի «իրավական քաղաքական վերջակետը»:

Գլոբալիզացիան միջազգային դիվանագիտության դաշտը վերածել է քաղաքական լաբիրինթի, որտեղ երկու տասնամյակ է, ինչ, ի թիվս այլոց, ներքաշվել է նաև ԼՂՀ իրավական կարգավիճակի, իմա' արցախահայության ազատության և անվտանգության, խնդիրը: Մինչ Արցախյան ազատամարտի հաղթանակի իրավական քաղաքական ամրագրումը, Կովկասյան և տարածաշրջանային քաղաքական իրադրությունը, շահադիտական նկատառումներից մեկնած, շարունակում է մարզական-քաղաքական անվանումներով ակտիվ քննարկումի ենթարկվել:

Պատմության հոլովույթում, բազմազգ ժողովուրդներով բնակեցված Եվրասիական խաչմերուկն ու ողջ տարածաշրջանը բոլոր ժամանակների դիվանագիտության Գորդյան հանգույց է հիշեցնում, որտեղ ոչ միայն տեղաբնակների ու եկվորների քաղաքակրթական, քաղաքական, տնտեսական, մշակութային ու կրոնական խնդիրները, այլև գերտերությունների շահերն են անողոք կերպով ագուցվել:

Հայ ժողովուրդը' Հայկական լեռնաշխարհի բնիկը, հերթական անգամ անմասն չմնաց տարածաշրջանի քաղաքական իրադարձությունների զարգացումներից' ներքաշվեց Ադրբեջանի հրահրած ազգամիջյան պատերազմի մեջ: Դեռևս 1990-ականների սկզբներին Ադրբեջանի քաղաքական վերնախավը նավթադոլլարների արբունքի մեջ էր. Կասպից ծովի մթնշաղի ալիքներին նազող □նավթային□ դիվանագիտության □հրեշտակը□ կարողացավ նրանց խելքահան անել. □Սևանա լճում լողալու ու Երևան հասնելու...□ սին հույս ներշնչել և դառնալ Արցախի պատերազմում ազերիների հովանավորը: □Փողն ամեն տեղ լույս է տալիս□. այս արտահայտությունը դարեր ի վեր չի կորցրել այժմեականությունը, այն ազերիներին շատ էր և է սրտամոտ, սակայն նրանք մոռացել էին ու շարունակում են մոռանալ, որ կյանքը այլ իրական օրենքներ ևս ունի և սիրում է երբեմն անակնկալներ մատուցել, երբեմն էլ սրբագրումներ մտցնել: Արցախի պատերազմը սանձազերծելիս նրանք այս նրբությունները հաշվի չէին առել: Ոչ միայն նրանք, այլև պանթուրքիզմի մնացյալ հետևորդները, որոնց հույսը Ադրբեջանի □նավթային□ դիվանագիտության վրա էր և ոչ թե ադրբեջանական ագրեսորների կամ նրանց վարձկան գրոհայինների ներուժի վրա: Ի՜նչ իմանային, որ պատերազմում միջոցներով չեն հաղթում, այլ' ոգով: Հազարավոր վարձկաններ ձեռք բերեցին, սակայն նկատի չէին առել, որ հոգիներ են գնել և ոչ թե ոգիներ: Ոգեղենները չեն վաճառվում:

Ինչո՞ւ Արցախյան պատերազմում հայերը հաղթեցին. խորհե՞լ են նրանք երբևէ, անկասկած' ոչ: Նրանք մոռացել էին ևս մի հանգամանք' ոգիները վրեժխնդիր են. Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն նահատակների ոգիները քանի՜ տասնամյակ է հանգիստ չունեին. վրեժ էին կտակել գեհենից մազապուրծ հայության բեկորներին: Վրեժի ցասում մի օր պիտի լիներ և եղավ...: Եղավ ոգու պատերազմ:

Ազերիները թուրք բորենու ոճով սկսեցին Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի հայության կոտորածը... Արցախը վիրավորվեց, բայց չծնկեց, նրա հնչեցրած մարտափողը ոտքի հանեց աշխարհասփյուռ հայությանը: Հայոց քաջարի մարտիկները ոչ միայն մոլագար հակառակորդին, այլև ողջ աշխարհին ցույց տվեցին փոքրաթիվ հայ ժողովրդի զորեղ բազկի և անպարտելի հավաքական ոգու ուժը: Նրանք ավելին կարող էին անել, եթե միջազգային դիվանագիտական վերնախավը Ադրբեջանի խնդրանքով, չմիջամտեր' կրակը դադարեցնել...:

«Նավթային» դիվանագիտության «հրեշտակը» պատրանք էր, որի սանձազերծած պատերազմը ճակատագրական կորուստ եղավ նրանց համար: Ղարաբաղյան պատերազմում հայ ժողովրդի փառահեղ հաղթանակը համաթուրանականության ջատագովներին ստիպեց մեծագույն հիասթափություն ապրել. մեկ դարում թուրանական պետություն ստեղծելու երկրորդ փորձը ձախողվեց: Պանթուրքիզմի դրաման նորից տապալվեց:

Պատերազմում հաղթում է արդար ուժը, ամրագրում' իրավունքը, իսկ արդարության հաղթանակը թելադրում է քաղաքականության ընթացքը...

Ջեմմա Բաղդադյան

«Ուխտ Արարատի» ամսագրի փոխխմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը