Հարցազրույց

19.07.2013 13:17


««Ռազմավարական դաշնակցի» հակադաշնակից քայլերի պատասխանատվության զգալի մասը կրում է ՀՀ իշխանությունը»

««Ռազմավարական դաշնակցի» հակադաշնակից քայլերի պատասխանատվության զգալի մասը կրում է ՀՀ իշխանությունը»

Հարցազրույց սոցիոլոգ Գայանե Ղազարյանի հետ։

Ռուսաստանում ողբերգական պատմության մեջ հայտնված Հրաչյա Հարությունյանի հետ տեղի ունեցածը ռասի՞զմ է, թե՞ պարզպես անօրինականություն:

–Քանի որ ռասիզմի դրսևորումներն իրենք իրենցով չեն կարող օրինական լինել՝ ինչ էլ լինի՝ նախ և առաջ անօրինականություն է: Այլ բան է, թե ինչից է դա դրդված:

Հետսովետական համարյա բոլոր երկրներում պետական մակարդակում տիրող և վերարտադրվող անօրինականությունը հաղթահարված չէ և որոշ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, Հայաստանում, Ադրբեջանում և այլուր հաղթահարելու միտումներ ցույց չի տալիս: Պետք չէ պատրանք ստեղծել, թե ՌԴ քաղաքացին կամ ռուս իրավախախտներն ավելի լավ վերաբերմունքի են արժանանում ՌԴ իրավապահների կամ պետական այլ մարմինների կողմից:

Սակայն ռասիզմը տվյալ դեպքում ընդգծվում է մասնավորապես նրանով, որ այս դիպվածի շրջանակներում պաշտոնական մակարդակով փորձ է արվում հարցը «ներքին» մեղավորներից (չկարգավորվող խաչմերուկից, հաշվառումից դուրս գտնվող մեքենան՝ ճանապարհային ոստիկանության կողմից չհայտնաբերելուց և այլ երևույթներից) շեղել «օտարերկրացիների» կամ «կովկասցիների» ուղղությամբ: Սրա մասին են խոսում և՛ Պետդումայի նախաձեռնությունը՝ խստացնել օտարերկրացի վարորդների հանդեպ օրենքը՝ ստիպելով երթևեկության քննություն հանձնել ՌԴ-ում և ստանալ ՌԴ վարորդական իրավունք (այլ ոչ թե, օրինակ, խստացնել վերահսկողությունը ճանապարհային ոստիկանության կատարողականության նկատմամբ կամ վերացնել կոռուպցիան և այլն), և՛ ԶԼՄ-ների, հատկապես իշխանամետ համարում ունեցող լրագրողների կողմից պատրաստված՝ ակնհայտ ապատեղեկատվություն և ռասիստական նոտաներ պարունակող ռեպորտաժները, որոնցից ամենանշանակալին Օլգա Սկաբեևայի տեսանյութն էր (որի հղումը, ի դեպ, այդ օրերին փակ էր Հայաստանի համար), իսկ Օլգա Սկաբեևան ՌԴ լրագրողական շրջանակներում հայտնի է «Պուտինյան TV-ի երկաթյա տիկնիկ» մականվամբ:

Դեպքի առիթով արված բողոքի ակցիաներից և հասարակական արձագանքից նկատելի են հակառուսական տրմադրություններ: Ըստ ձեզ՝ այդ երևույթը խնդրի լուծո՞ւմ է, թե՞ նոր խնդրի բորբոքում:

Արտաքին քաղաքականության համար կարևորը ոչ թե հասարակության տրամադրություններն են, այլ արտաքին քաղաքականության՝ պետության շահերից բխելը: Հասարակության մեծ մասը կարող է այս կամ այն չափով հակված լինել դեպի այս կամ այն մշակույթը, ցանկանալ կամ չցանկանալ վերցնել այս կամ այն մշակույթի տարրերը, սակայն դրանք չեն կարող դրվել միջպետական հարաբերությունների կառուցման հիմքում: Հայ հասարակության մեծագույն մասը, վստահ եմ, չի ցանկանում մուսուլման դառնալ կամ պետական լեզու հռչակել ճապոներենը: Դրանից չի բխում, թե մեր հարաբերություններն այդ երկրների հետ չպետք է կառուցվեն փոխշահավետության հարթության վրա և օգտագործվեն մեր պետության առջև ծառացող խնդիրների՝ մեզ համար նպաստավոր լուծումներ գտնելու համատեքստում:

Իսկ հասարակական տրամադրություններն այս պահին ոչ թե «հակառուսական» են, այլ «հակա-ռազմավարական դաշնակից»: Այս ալիքն այս ձևով չէր բարձրանա, օրինակ, Ադրբեջանի կամ Թուրքիայի՝ նույն քայլերի պարագայում, քանի որ տվյալ երկրները Հայաստանի ռազմավարական դաշնակիցը չեն, ուստի սպասումներն էլ նրանցից բոլորովին այլ են: Բայց երբ «ռազմավարական դաշնակիցը» մենաշնորհում է երկրիդ ստրատեգիական ռեսուրսները, ռազմաբազաների համարյա հավերժ առկայությամբ ամրապնդում է իր «ոտքը» քո երկրում, այնուհետև «Սմերչ» է վաճառում քո հակառակորդին՝ բնորոշելով այն պարզ «բիզնես», իսկ հետո ակնհայտ ռասիստական քարոզչություն տանում քո քաղաքացու հետ կատարված դիպվածի շուրջ, բնական է՝ կասկածներ են առաջանում ռազմավարական դաշնակցի՝ այդպիսին լինելու հարցում և առաջացնում «դիսոնանս»՝ ինչ է սպասվում «դաշնակցից» և ինչ է «դաշնակիցն» անում իրականում. հիմնականում հենց այս հարցն էլ հենց այս շեշտադրմամբ շրջանառվում է հասարակության որոշակի շերտերում:

Այս հարցում, իհարկե, պետք չէ մոռանալ, որ «ռազմավարական դաշնակիցն» իր քայլերը կամ քայլերի թողտվության աստիճանը կառուցում է՝ կախված տվյալ պետության, այս դեպքում՝ Հայաստանի իշխանության վարած քաղաքականության վրա: Եվ հարկ է ֆիքսել, որ «ռազմավարական դաշնակցի» հակադաշնակից քայլերի պատասխանատվության զգալի մասը կրում է ՀՀ իշխանությունը, որը ոչ միայն իր ոչ լեգիտիմության պատճառով մշտական կոմպրոմատի տակ է, այլև որևէ կերպ չի կանխում կամ արձագանքում ՀՀ շահերին հակասող ձեռնարկումները:

Գաղտնիք չէ, որ ՀՀ քաղաքացիներից շատերն են գերադասում ապրել և աշխատել արտերկրում, անգամ եթե ստիպված են կատարել անօրինական և ոչ շահավետ աշխատանք: Ի՞նչ է սա՝ ազգային մենթալիտե՞տ, թե՞ իշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունք:

Ներկայումս անօրինական միգրանտների և նրանց կատարած ապօրինի աշխատանքի հարցում հավանաբար ամենակիզակետում ԱՄՆ-ն է, որտեղ անօրինական և նույնիսկ ոչ շահավետ աշխատանք կատարելու են մեկնում Չինաստանից, Լատինական Ամերիկայից, Վիետնամից, Հյուսիսային Կորեայից և այլ բռնատիրական կամ աղքատ երկրներից: Հայաստանի քաղաքացիների դեպքում առավելապես Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելը պայմանավորվում է նաև մեկ հավելյալ գործոնով՝ նախկինում ԽՍՀՄ-ի մասը կազմելով:

Ուստի պարզ է, որ սա տվյալ պետության վարած սխալ քաղաքականության արդյունք է, որը ռեսուրսների անարդար, անարդյունավետ օգտագործման ու բաշխման, տնտեսության մենաշնորհման ու ստվերայնացման, կոռուպցիայի և բազմաթիվ այլ՝ պետության համար կործանարար մեխանիզմներով ստեղծում է հասարակության սոցիալական բևեռացում և մեծամասնություն կազմող աղքատ շերտի մարգինալացում ու օրինազրկում, որն էլ հանգեցնում է այդ շերտի կողմից գոյության պահպանման այլընտրանքային մեխանիզմներ որոնելուն: Ամենադյուրինը արտագնա աշխատանքն է, ինչը ցանկացած պետության համար հասարակության ներուժի մսխում-փոշիացում է, քանի որ արդյունքը ստեղծվում է այլ երկրում, իսկ տվյալ երկիրը չի զարգանում:

Հարցազրույցը վարեց Տաթևիկ Պողպատյանը

Այս խորագրի վերջին նյութերը