Հարցազրույց

11.07.2013 12:41


Աշոտ Ադամյան. «Այս քրեական իշխանության պահվածքում արդար, ազնիվ գործընթացի որևէ միտում չկա»

Աշոտ Ադամյան. «Այս քրեական իշխանության պահվածքում  արդար, ազնիվ գործընթացի որևէ միտում չկա»

Հարցազրույց ճանաչված ռեժիսոր, դերասան, հրապարակախոս Աշոտ Ադամյանի հետ

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Արտակ Բուդաղյանի դեմ քրեական գործի հարուցումը։ Արդյոք սա անմեղին մեղավոր, իսկ մեղավորին անմեղ հռչակելու փորձ չէ՞:

-Իհարկե, ես հեռու եմ մտքից, որ այստեղ պետք է օրենքով ճիշտ քննում, զննում և արդարադադատություն իրականացնեն, որովհետև այն ձևով, ինչպես որ մեկնաբանվում է, ուղղորդվածությունը միանշանակ երևում է։ Բացի այդ՝ եթե այստեղ խնդիրն այն է, որ դատի առաջ պետք է կանգնեն այդ գործողության մասնակիցները, ապա այդ գործի քննության լիակատար բացահայտումից ես պետք է տեղյակ լինեմ, որովհետև տարբեր տեսակի լոլոներ ու հեքիաթներ լսելով՝ գործի մասին որևէ կարծիք կազմելը, իհարկե, սխալ է: Դա պետք է լինի հետաքննություն, որի մեջ ես համոզված չեմ. առայժմ իմ արդարադատությունը ինձ չի ապացուցել, որ ինքը կանգնած է արդարության կողքին:

Ես այնուամենայնիվ չեմ հավատում, որ այս գործը կքննվի ճշմարիտ և ճիշտ ձևով։ Ես չեմ սպասում դա, որովհետև անընդհատ տեսնում եմ, որ այս քրեական, մաֆիոզ իշխանության պահվածքում ժողովրդավար, արդար, մաքուր, ազնիվ գործընթացի որևէ միտում չկա:

-Կարծիք կա, որ այս ամբողջ ժամանակահատվածում Սուրիկ Խաչատրյանը եղել է իշխանության հենասյուներից մեկը, և այժմ ցանկանում են այդ հենասյունը պահպանել։ Սրա՞ մասին ինչ կասեք:

–Բնականաբար՝ սյունը կտրելը այդքան էլ հեշտ չէ։ Ես չգիտեմ՝ այս իշխանությունը քանի հենասյուն ունի, բայց որ Սուրեն Խաչատրյանը այդ հենասյուներից մեկն է, դա, ինչպես ասում են, ապացույցի կարիք չունի: Գնացեք Սյունիքի մարզ և հարցրեք, թե ով է եղել Սուրիկ Խաչատրյանը մինչև «հրաժարական» տալը:

-Սուրիկ Խաչատրյանը հայտարարել է, որ նախագահականում իր հետ խորհրդակցել են նոր մարզպետ նշանակելու հարցում: Ըստ ձեզ՝ նորմա՞լ է, որ իր անվան հետ առնչվող սպանության պատճառով հրաժարական տված մարզպետին` Սուրիկ Խաչատրյանին, հրավիրում են նախագահական՝ խորհրդակցելու ապագա մարզպետի նշանակման վերաբերյալ:

-Կապված նրա հետ, թե ինչպես հրաժարական տվեց Սուրեն Խաչատրյանը, որի իրավունքը չուներ (չէ որ նշանակված էր), այստեղ սկսվում է անհեթեթությունների մի հսկայական շարք` նրա հրաժարականը, նախագահական հրավիրելը, հետո ընդհանրապես նրա պահվածքը, կեցվածքը:

Եթե մենք գործ ունենք քրեական հանցագործության հետ, բոլոր նրանք, ովքեր մասնակցել էին, ամբողջ կազմով պետք է լինեին նախնական կալանքի տակ, և այստեղ էական չէ՝ Սուրեն Խաչատրյանը հրաժարական տվե՞լ է, թե՞ ոչ:

Զրույցը վարեց Կարեն Թովմասյանը

Այս խորագրի վերջին նյութերը