Հարցազրույց

08.07.2013 11:20


Լևոն Ավագյան. «Հայաստանին անհրաժեշտ է հեղափոխություն»

Լևոն Ավագյան. «Հայաստանին անհրաժեշտ է հեղափոխություն»

Հարցազրույց «Ինչպես աղավնին» երիտասարդական նախաձեռնության անդամ, լուսանկարիչ Լևոն Ավագյանի հետ:

-Լևոն, հունիսի 24-26-ը «Նարեկացի» արվեստի միությունում «Ինչպես աղավնին» երիտասարդական նախաձեռնությունը ցուցահանդես անցկացրեց «Արտագաղթ. անմշակ հող» թեմայով: Ովքե՞ր էին ցուցահանդեսի մասնակիցները:

-Մասնակցում էին և ցուցահանդեսի կազմակերպիչ հանդիսացող՝ «Ինչպես աղավնին» երիտասարդական նախաձեռնության անդամները, և այն հասարակ քաղաքացիները, ովքեր ուզում էին հանրությանը ներկայացնել, թե ինչպես են պատկերացնում արտագաղթը: Ցուցահանդեսին մասնակցել է 11 հոգի: Նման լուրջ թեմայի ցուցադրման համար շատ քիչ ժամանակ կար, այդ իսկ պատճառով շատ քիչ մարդկանց հնարավոր եղավ ներգրավել: Բայց հիմա մտադիր ենք մարզային ցուցահանդեսներ կազմակերպել, որպեսզի ավելի շատ մարդ մասնակցության հնարավորություն ունենա: Մենք չեն ցանկանում սահմանափակվել միայն Երևանով: Կսկսենք Շիրակի մարզից՝ հուլիս ամսին, ապա օգոստոսին՝ Վանաձոր: Այսպես շարունակաբար կփորձենք այցելել բոլոր մարզերը: Մեզ հետաքրքիր է, թե ինչ կերպ են տարբեր մարզերում հասկանում արտագաղթը և ինչ պատճառներ են մատնանշում:

-Ինչո՞վ էր պայմանավորված ցուցահանդեսի թեմայի ընտրությունը, ինչո՞ւ արտաղգաղթ։

-Արտագաղթի միտքը մեծամասամբ ես եմ բարձրացրել մեր քննարկումների ժամանակ: Վերջերս, երբ Գյումրիից Երևան էի գալիս՝ նկատեցի, որ միկրոավտոբուսներով մարդիկ գնում են, ու մեկը չէ, երկուսը չէ, շատերն են գնում: Սովորաբար այս շրջանում միայն տղաներն էին գնում դրսում աշխատելու նպատակով, իսկ հիմա մարդիկ գնում են ընտանիքներով և ընդմիշտ հեռնալու պայմանով: Այս ամենը մտահոգեց ինձ, այդ իսկ պատճառով ցանկանում էի, որ հենց արտագաղթի թեմայով լինի մեր ցուցահանդեսը: Երևան գնացքով էի գալիս՝ երբ անցանք Շիրակի մարզով, ապա Արգածոտնով, Մասիսով նկատեցի, որ այդ ճանապարհի հողերը մշակված չեն, դա այսօրվա արտագաղթը փաստող մի դրվագ է:

-Դուք Շիրակի մարզից եք՝ Գյումրիից: Կարո՞ղ եք նշել այն հիմնական խնդիրները, որոնք ունի Ձեր քաղաքը, որոնց անլուծելիության պատճառով էլ մարդիկ արտագաղթում են:

-Խնդիրները բավականին շատ են` սկսած աշխատանքի բացակայությունից, մինչև ժամանցային կենտրոնների բացակայություն: Ուսումնական հաստատություններում առկա է կոռուպցիա: Համալսարան ընդունվելու համար մարդիկ պետք է գումար տան, այդ կոռումպացված համակարգը նպաստում է, որ մարդիկ ավելի հեշտ ճանապարհը ընտրեն` գնան արտերկիր: Մենք աշխատանքներ ենք իրականցրել Շիրակի հեռավոր գյուղերում, որտեղ վիճակը ամենից անմխիթարն է: Գյուղերում չկա աշխատանք, գյուղացիների մեծ մասը ունեն վարկեր, որոնք չեն կարողանում փակել: Իսկ այսօրվա իշխանությունների կողմից իրականցված քաղաքականությունը էլ ավելի է բարդացնում ժողովրդի վիճակը: Այս ամենը էլ ավելի է կոտրում գյուղացուն:

-Իսկ ինչպիսի՞ խնդիրներ ունի Գյումրիի երիտասարդությունը:

-Այսօր Գյումրիի փողոցներում շատ քիչ երտասարդներ են հանդիպում, մի քանի տարի առաջ երտասարդները ավելի շատ էին մեր քաղաքում: Գյումրիում երիտասարդները «հոգեպես հիվանդ» վիճակում են: Քաղաքում մեծամասամբ մնացել են ոչ այնքան կիրթ ու նպատակասլաց երիտասարդներ: Սակայն նրանց էլ արդեն ավելի քիչ կարելի է հանդիպել, Գյումրիի փողոցներում հիմնականում մեծահասկներ կամ միջին տարիքի քաղաքացիներ են հանդիպում:

-Ի՞նչ եք կարծում հայաստանյան ընտրությունները ինչ որ կերպ խթանում են արտագաղթը։

-Այո՛, իհա՛րկե: Ես ու իմ ընտանիքը միշտ ակտիվ մասնակցություն ենք ունենում հայաստանյան ընտրություններին: Փաստ է, որ ամեն ընտրությունից հետո Հայաստանը ավելի շատ է դատարկվում: Այս վերջին՝ Երևանի ավագանու ընտրություններին ես մասնակցել եմ որպես վստահված անձ: Ինձ համար զարմանալի էր այն, որ իմ ընտրատեղամասում 780 ընտրողից եկել էր 300-ը, այսինքն՝ կեսից ավելին չեր մասնակցել ընտրություններին: Այստեղից հետևում է՝ կամ այդ մարդիկ բացակայում են Հայաստանից, կամ՝ ընտրությունների հանդեպ հավատ չունեն: Բայց ինձ թվում է, որ այդ մարդիկ պարզապես երկրում չեն, այլապես նրանց պարտադրելով կբերեին ընտրատեղամաս: Իսկ արդեն ընտրություններից հետո ամեն անգամ ժողովուրդը է՛լ ավելի է հիասթափվում ու կոտրվում: Այս նախագահական ընտրություններից հետո գյումրեցիների մեծ հիասթափություն ապրեցին: Քանի որ հույսի աղբյուր լույս էին տեսել, սակայն այդ լույսն էլ խավարեց: Ես ինքս մասնակցել եմ այդ ամբողջ հետընտրական գործընթացներին թե՛ Գյումրիում, թե՛ Երևանի Ազատության հրապարակում: Ժողովուրդը ոտքով Գյումրիից Երևան հանրահավաքի էր գալիս, ոգևորություն կար, սակայն Ազատության հրապարակում մեծ հիասթափություն ապրեցին, որը նորից հուսահատեցրեց հասարակության մի ստվար հատվածին:

-Իսկ ըստ Ձեզ, ինչպե՞ս կարելի է կանգնեցնել արտագաղթը:

-Կարծում եմ, որ պետք է յուրաքանչյուր քաղաքացի իր մեջ գտնի համառություն և պայքարի իր երկրի, իր տան ազատության համար: Ես էլի եմ կրկնում՝ սա իմ տունն է և ես իմ տունը պատրաստ չեմ լքելու, ինչ դժվարություն էլ որ ունենամ: Պետք է բոլորս մնանք և պայքարեք, ես ուրիշ ելք չեմ տեսնում: Ժողովուրդը պետք է հստակ ասի, որ ինքը ստրուկ չի իր երկրում և պատրաստ է կռիվ տալ քաղաքացիական իրավունքների հաստատման համար:

-Ըստ քեզ Հայաստանին անհրաժե՞շտ է քաղաքացիական հեղափոխություն:

-Հայաստանին անշուշտ անհրաժեշտ է հեղափոխություն: Այն կարող ենք անվանել թե՛ քաղաքացիական, թե՛ բուրժուադեմոկրատական: Նախ՝ հեղափոխություն պետք է լինի յուրաքանչյուրիս մեջ, բոլորս պետք է վերանայենք մեր հայացքները: Այսօրվա գործարարները պետք է հասկանան, որ մեր երկրում իշխանությունները կոտրել են հասարակ քաղաքացուն և հասել է նրանց կոտրելու հերթը: Այս իսկ պատճառով, նրանց պետք է գիտակցեն, որ պետք է հասարակության թույլ օղակի՝ ժողովրդի հետ կանգնեն հեղափոխության: Ես լավատես եմ ու կարծում եմ, որ ուշ թե շուտ դա լինելու է, քանի որ այսպես էլ հնարավոր չէ շարունակել:

Զրուցեց ՝Տաթևիկ Պողպատյանը

Այս խորագրի վերջին նյութերը