Հարցազրույց

02.07.2013 11:12


Արմեն Մազմանյանը՝ Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցածի մասին. «Մի հաբռգե՛ք»

Արմեն Մազմանյանը՝ Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցածի մասին. «Մի հաբռգե՛ք»

Հարցազրույց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի հետ

–Խորհրդարանը բավական թեժ քննարկեց երկրապահ կամավորականներին օրենքով կարգավիճակ տալու մասին օրինագիծը։ Գեներալ Մանվել Գրիգորյանն այդ օրենքն ընդունելու անհրաժեշտությունը ներկայացնելիս հնչեցրեց նաև ձեր անունը։ Որպես նախկին կամավորական՝ խնդրում եմ ասել՝ որքանո՞վ էր անհրաժեշտ երկրապահներին կարգավիճակ տալը։

Մենք ունեցել ենք մեր պատերազմը, որից հետո կան հաղթանակած, բայց անգործ, նաև վատառողջ վետերաններ: Եվ դա անբորայականություն է, երբ հայրենիքն առանձին կարգով չի տալիս հնարավորություն այդ մարդկանց իրենց ծառայության դիմաց գոնե որոշակի հասանելիք բժշկական փաթեթ, սոցիալական փաթեթ, ինչու չէ՝ նաև կենսաթոշակ: Այս խնդիրը գեներալ Մանվելի կամ Մազմանյանի հարցը չէ. պետք է Ազգային ժողովն առաջինը քննարկեր այն։ Սա ազգային ներքին բարոյաէթիկական խնդիր է: Տեսնում ենք մի 30-40 հոգու, ովքեր այսօր լավ դիրքերում են և թմբակահարում են իրենց մասնակցությունը պատերազմին, իսկ նրանք, ովքեր կյանք են ներդրել այդ պատերազմում, վատառողջ են, չունեն ատամնաշար, ընդամենը ազգային ուշադրության խնդրի պակասից է: Այո, մենք պատրաստ պետք է լինենք ազգովիմ մեր մուծած հարկերից բաժին հանել այն մարդկանց կենսաապահովման համար, ովքեր իրենց արյունով վաստակել են մեր ազատությունը, ապրելու և աշխատելու իրավունքը:

Վերջին շրջանում արցախյան ազատամարտին մասնակցած բազմաթիվ ազատամարտիկներ բողոքի ցույցեր և նստացույցեր են անում՝ պահանջելով բարելավել իրենց սոցիալական պայմանները։ Նրանց բողոքն արադարացվա՞ծ է, և ճի՞շտ է իշխանության վարած քաղաքականության դեմ բողոքի արտահայատման նման ձևը։

Ճիշտ են, թե ոչ, չեմ կարող մեկնաբանել. ես չեմ դատավորը, բայց մարդիկ, երբ որ հասնում են եզրագծին, այլևս բողոքի միջոցներին կարևորություն չեն տալիս: Եվ սա հենց վերը նշվածի արդյունքում է տեղի ունենում: Նրանց բողոքն արդարացի է, և արդյունքն այն օրենքն է, որն ընդունվեց Ազգային ժողովում, բայց տեղեկացա, որ այնտեղ ինչ-որ տերմինաբանական սխալ կա: Չեմ կարծում, որ այն պետք է ուղղված լինի միայն երկրապահներին, այլ պետք է ներառի ռազմական գործողությունների մասնակիցներին, որովհետև մարդ կա, որը երկրապահ չի եղել, դաշնակցական չի եղել, իր տնից վեր է կացել ու գնացել առաջին ջոկատում կանգնել, կռվել և հետո եկել իր տուն: Այնպես որ, բողոքն իր հիմքերն ունի, իսկ կերպը ես չեմ որոշողը, որովհետև մարդը, երբ որ ծայրահեղության մեջ է, բողոքի ամեն միջոցի կարող է դիմել:

Քանի դեռ դուք ռեկտորի պաշտոնին չէիք նշանակվել և պետական մրցանակ չէիք ստացել, հասարակական–քաղաքական իրադարձությունների վերաբերյալ շատ ավելի ակտիվ էիք արտահայտվում ։ Ի՞նչն է փոխվել այժմ։

Ես պետական մրցանակներ չեմ ստացել ռեկտոր դառնալուց հետո, իմ վաստակը տարիների աշխատանքի փաստումն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ կարգավիճակով, որն ինձ համար անսպասելի է եղել` չունենալով ոչ մի առնչություն ռեկտոր լինելուս հետ: Ինչ վերաբերում է հասարակական ակտիվության նվազեցմանը: Հիմքում երկու պատճառ կա: Տարիների ընթացքում հասկանում ես, որ ժամանակը շատ կարճ է, և մարդիկ բաժանվում են հիմնականում երկու մասի՝ գործ անողների և խոսողների: Գերադասում եմ լինել գործ անողների շրջանակում և այսուհետ խոսում եմ այն պահերին միայն, երբ իմ մարդկային, քաղաքացիական, ներքին ցուցիչներն ինձ պարտադրում են, որովհետև այդ պարագայում լռել չի կարելի: Ես, միևնույնն է, կմնամ հասարակական ակտիվ քաղաքացի, որն այդ ակտիվությունը ոչ թե իրավունք է համարում, այլ պարտականություն: Բոլոր ներդրումներս, որպես քաղաքացի, պետականության ամրապնդման հարցում ոչ թե առավելություններ են, այլ պատասխանատվություն հետագա բոլոր թերությունների, շեղումների դեպքում արձագանքելու:

–Իսկ ինչո՞ւ եք, այդուհանդերձ, քիչ խոսում։

–Որովհետև պետական ծառայող ռեկտոր, մենեջեր ասվածը երեք անգամ ավելի ժամանակ է ինձնից խլում: Մինչ այդ ես ազատ քաղաքացի Մազմանյանն էի, ով քնում էր գիշերը հինգին, արթնանում էր, երբ ուզում էր, փորձ էր անում, երբ ուզում էր, բայց երբ անցնում ես պետական կարգավիճակի, այն էլ՝ կրթական ոլորտում ստանձնում ես ղեկավարի պաշտոն, պետք է հասկանաս, որ այդ ազատություններն այլևս չունես:

Հիմա ես մի բան անելուց ու ասելուց առաջ մի քանի անգամ մտածում և նոր եմ արտահայտվում, որովհետև այդ ամենի առաջին դիտողն ու լսողը իմ ուսանողն է:

Իմ կարծիքը և դիրքորոշումը ազգային խնդիրների, Հայաստանի նախագահի, նախընտրած կուսակցական գաղափարախոսությունների մասին նոր չէ, որ ես արտահայտում եմ, նոր չէ, որ պահի մեջ ես պետք է խմբագրվեմ: Այո՛, ես ազգային-լիբերալ-պահպանողական արժեքներ կրող կուսակցությունների համակիր եմ. այսօր, ցավոք, այդպիսին է միայն Հանրապետականը, մասամբ՝ Դաշնակցությունը:

Նախագահի շքանշանին արժանացած մեկ այլ անձնավորության՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածին և նրա անվան հետ կապվող մի շարք այլ աղմակահարույց պատմություններին, բնականաբար, տեղյակ եք։ Ինչպե՞ս եք գնահատում նրա գործողությունները։

Սիրում եմ Վահրամ Սահակյանի մի աֆորիզմը, ըստ որի` հայերի համար Աստվածաշնչում մեկ պատվիրան էլ է պակասում. «Մի հաբռգե՛ք»: Դա վերաբերում է թե՛ վարորդին, թե՛ զինվորին, թե՛ պատգամավորին, թե՛ մարզպետին:

Ես սպասում եմ այն պահին, երբ բոլորիս համար գերակա կլինի օրենքի ուժը:

Իսկ թե ինչ է եղել, ով է մեղավոր, դա արդեն քննչական մարմինների պարզելու խնդիր է:

Պարզվել է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունով օֆշորային գոտում բացված ընկերություն կա, որի միջոցով ունեզրկվել է գործարար Փայլակ Հայրապետյանը։ Չե՞ք կարծում, որ անկախ ամեն ինչից՝ միայն այս պատմությունը Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության համար բավարար էր։ Ինչո՞ւ նա հրաժարական չի տալիս, կամ երկրի նախագահը նրան չի հեռացնում։

Նման հարցերը պետք է ինձ ուղղված չլինեն. այդ հարցերն ուղղեք նախագահին կամ Տիգրան Սարգսյանին: 25 տարվա մեջ առաջին իշխանավորներից առայսօր նման պատմությունները բոլորի մասին հազարապատիկ անգամ պատմվել են: Արդյունքում պարզվել է, որ սուտ էր կամ ճիշտ: Ասածս այն է` քանի որ խնդիր է բացվել, կարծում եմ` համապատասխան օրգանները պետք է դրանով զբաղվեն, ստուգեն փաստի իսկությունը և անեն հետևություն: Ես չեմ նրանց դատավորը: Ես միայն կարող եմ կողմ լինել օրենքի գերակայությանը, և թող այն վերաբերի և՛ ինձ, և՛ ոստիկանին, և՛ նախարարին: Բոլորին այդ գիտակցությունն եմ ցանկանում:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը