Լրահոս

13.07.2009 14:27


Արտակ Գաբրիելյան. «Մենք մեծ հիասթափություն ապրեցինք, երբ երկու նախագահները հանդիպեցին»

-Մենք, իրոք, մեծ հիասթափություն ապրեցինք, երբ երկու նախագահները հանդիպեցին։ Նախքան նրանց հանդիպելը՝ Սամցխե-Ջավախքի և Քվեմոքարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անունից մենք նամակ էինք գրել՝ մեկ առաջարկով, որպեսզի ստեղծվի հայ-վրացական համատեղ հանձնախումբ, որը կզբաղվի Ջավախքի հիմնախնդիրներով։ Հիմնախնդիրների շարքում են հայոց լեզվի կարգավիճակի, հայկական եկեղեցիների, տեղական ինքնակառավարման մարմինների դերի բարձրացման և ինքնավար Ջավախք ունենալու հարցերը,- «7օր»-ին ասել է  Ջավախքում գործող «Ա-Ինֆո» լրատվական գործակալության ղեկավար Արտակ Գաբրիելյանը։ 

Նա նշել է, որ իրենց պահանջները միշտ բխել են Վրաստանի սահմանադրությունից և ազգային փոքրամասնություններին վերաբերող միջազգային եվրոպական համաձայնագրերից, իսկ Ջավախքի խնդիրներն արդեն 10 տարի է՝ ծեծվում են։ Արդեն դարձել են հիմնախնդիրներ, որոնք, սակայն, արդյունք չեն տալիս։

-Նախագահի այցից մենք նախ ակնկալում էինք, որ ՀՀ նախագահը պետք է բարձրացնի մեր հարցերը։ Մինչ այդ, մտածում էինք, որ միգուցե ՀՀ նախագահն այդքան էլ քաջատեղյակ չէ մեր խնդիրներին, սակայն նամակը հղելուց հետո ևս, ցավոք, հրապարակայնորեն ոչինչ չասվեց։ Չգիտեմ՝ իրենք իրենց առանձնազրույցներում խոսե՞լ են այդ խնդիրների վերաբերյալ, թե՞ ոչ։ Իսկ այն ցույցը, որ Հայաստանում ապրող ջավախահայերը կազմակերպել էին, որը կոպիտ ձևով ցրվեց, ամբողջ ջավախահայության շրջանակներում մեծ հիասթափություն առաջացրեց,- ասել է Արտակ Գաբրիելյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը