Հարցազրույց

25.06.2013 15:33


Արամ Հարությունյան. «Վաղը կարող է պարզվի, որ որևէ տեղ Տիգրան Սարգսյանի անունով գեյ–ակումբ է բացվել»

Արամ Հարությունյան. «Վաղը կարող է պարզվի, որ որևէ տեղ Տիգրան Սարգսյանի անունով գեյ–ակումբ է բացվել»

Հարցազրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ

–ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը համառորեն հերքում են իրենց առնչությունը օֆշորային ընկերության հետ։ Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է, որ իրոք առանց նրանց գիտության Աշոտ Սուքիասյանը Տիգրան Սարգսյանին ու արքեպիսկոպոս Կճոյանին բաժնետեր դարձրած լիներ, և ավելին՝ այդ հաշվեհամարով փոխանցումներ կատարեր։

–Ընդհանրապես հնարավոր չէ դա։ Նույնիսկ Հայաստանում եթե որևէ բանկից վարկ ես վերցնում, այն էլ՝ այդ չափի, ոչ միայն Կենտրոնական բանկի նախագահ Ջավադյանն է իմանում, այլ նաև՝ հաստատ Տիգրան Սարգսյանը։ Ի դեպ, չեմ կարծում, որ երբ «Ամերիաբանկ»–ում թղթերը նայեն ու տեսնեն Տիգրան Սարգսյանի անունը, շատ արագ Ջավադյանին չասեն, ու Ջավադյանն էլ չասի նույն Տիգրան Սարգսյանին։ Էդ նույն հաջողությամբ վաղը կարող է պարզվի, որ որևէ տեղ Տիգրան Սարգսյանի անունով գեյ–ակումբ է բացվել։

–Այսինքն՝ եթե նույնիսկ մի պահ հավատանք, որ իրոք նրանք անտեղյակ են եղել այս ամենից, միևնույն է, հնարավոր չէ՞, որ «Ամերիաբանկ»–ը փաստաթղթերը ստուգած չլիներ և դա ավելի վաղ պարզած չլիներ։

Փայլակ Հայրապետյանի հետ կապված այս պատմությունը մոտ մեկ տարի առաջ է սկսվել։ Եվ «Հայաստան» հանրախանութի աշխատակիցների ցույցերի, Հայրապետյանի բողոքների ժամանակ «Ամերիան» ոնց կարող էր իր փաստաթղթերը ստուգած չլիներ, թե ում անունով է ինքը վարկ տրամադրել։ Դա աբսուրդ է։ Ասում են՝ երբ հանցագործին բռնում են, նոր է ասում, նշանակում է՝ հանցագործությունը փաստ է։

–Սակայն, փաստ է նաև, որ անգամ այս աղմակահարույց պատմությունից հետո ո՛չ Տիգրան Սարգսյանն է շտապում հրաժարական ներկայացնել, ո՛չ էլ Սերժ Սարգսյանն է շտապում նրան պաշտոնանկ անել։

–Ես զարմանում եմ Սերժ Սարգսյանի վրա։ Էլ ի՞նչ է պետք։ Հենց գողության պահի՞ն Տիգրան Սարգսյանի ձեռքը պետք է բռնենք, որ նրան պաշտոնանկ անի։ Ես չգիտեմ՝ ո՞ւմ պատվերով է Սերժ Սարգսյանն առայժմ պահում Տիգրան Սարգսյանին։ Չգիտեմ նաև՝ արտագաղթից հետո Հայաստանում քանի՞ մարդ պետք է մնա, որ Սերժ Սարգսյանը հասկանա՝ այլևս անհնար է հանդուրժել Տիգրան Սարգսյանին։ Լավ, հասկացանք՝ Սերժ Սարգսյանը չընտրված նախագահ է, հասկացանք, որ Հայաստանում ոչ թե իշխանություն է, այլ մարդկանց մի խումբ, որը զբաղված է միայն փող աշխատելով։ Բայց ախր այնպիսի վայրագ ձևով են աշխատում։ Ես համոզված եմ, որ այդ մարդկանց, նրանց թվում նաև Տիգրան Սարգսյանի, «ծերությունը» հաստատ ոչ միայն ապահով չի լինելու, այլև Հայաստանում չի լինելու։ Բայց ես նաև համոզված եմ, որ հետ ենք բերելու այդ մարդկանց, այդ թվում և Տիգրան Սարգսյանին, և նա պիտի պատասխան տա իր «անիրազեկության» համար։

–Օֆշորային այս պատմությունն ի վերջո ի՞նչ ավարտ կունենա։

–Ուզում եմ հավատալ, որ Սերժ Սարգսյանը խոհեմություն կունենա և շատ արագ կազատվի Տիգրան Սարգսյանից։ Մի առիթով Ռոբերտ Քոչարյանն էր ասել՝ ընդհանրապես քաղաքականության հետ շախմատի համեմատությունը չափազանց անհաջող է, որովհետև շախմատում խաղի իմաստն է ամեն գնով պաշտպանել թագավորի «գլուխը», իսկ հանուն այդ նպատակի կարելի է զոհաբերել նույնիսկ «թագավորության» կեսը: Կարծում եմ, եթե Սերժ Սարգսյանը մի քանի օր ավելի է ուզում մնալ իշխանության ղեկին, ապա շատ արագ պետք է ձերբազատվի Տիգրան Սարգսյանից։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը