Լրահոս

11.07.2009 11:12


Դմիտրի Մեդվեդև. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն իրար վատ չեն լսում և հասկանում»

«Հայ-ադրբեջանական և ղարաբաղյան հակամարտությունը այն խնդիրներից է, որի լուծմանն առաջընթաց է տրվում»,-ասել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Իտալիայի Ակվիլա քաղաքում «Մեծ ությակի» գագաթնաժողովից հետո կայացած մամլո ասուլիսում։ Դ. Մեդվեդևը հաղորդել է, որ ինքն այս առումով «վատ սպասելիքներ» չունի։

«Նրբությունների թիվը, որոնց շուրջ դեռ պետք է համաձայնության գալ, գնալով նվազում է։ Սա (ղարաբաղյան խնդիրը) այն հարցը չէ, որը պետք է լուծվի տասնամյակների ընթացքում։ Կարծում եմ, որ այստեղ կարելի է հասնել արդյունքների»,- նշել է Մեդվեդևը։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, Մեդվեդևի կարծիքով, «իրար վատ չեն լսում և հասկանում»։ Նա կարծում է, թե կարևորն այն է, որ կողմերը պահպանեն պայմանավորվածությունների ցանկությունը։ ՌԴ նախագահն իր կողմից խոստացել է օժանդակել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին։

Ավելի վաղ Մեդվեդևը հայտարարել էր, թե գոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահների համատեղ հայտարարությանից, որն արվել է համաժողովում։

«Մենք ընդունել ենք համապատասխան որոշումներ և կողմերին կոչ ենք անում հավելյալ ներուժ գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»,–ասել է ՌԴ նախագահը, հավելելով, թե հույս ունի, որ շուտով կընդունի Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ու կշարունակի այդ հարցի քննարկումը։

Ըստ «Вести»–ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը