Հարցազրույց

21.06.2013 16:55


Արամ Մանուկյան. «Կա սեփականության վերաբաշխման ակնհայտ պայքար»

Արամ Մանուկյան. «Կա սեփականության վերաբաշխման ակնհայտ պայքար»

Հարցազրույց Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ

–Շատերը Վերահսկիչ պալատի և ՀՀ կառավարության միջև տեղի ունեցող «փոխհրաձգությունը» գնահատում են որպես ներիշխանական պայքարի արտահայտություն իշխանական տարբեր թիմերի միջև: Սա թատերական ներկայացո՞ւմ է, թե՞ իրական պայքար, և եթե իրոք իրական պայքար կա, ապա ինչի՞ շուրջը:

–Կա ակնհայտ, անթաքույց պայքար. սեփականության վերաբաշխման, տնտեսական ազդեցությունների վերափոխման պայքար։ Դրա մեջ քաղաքական պայքարի նշույլ անգամ չկա: Մի քիչ զարմանալի կլիներ, որ հանրապետականի ներսում քաղաքական տարբեր մոտեցումներ բախվեին։ Այնտեղ բոլորը մի հասակի են, բոլորը քվեարկում են միատեսակ և պառլամենտում քվեարկում են ճիշտ այնպես, ինչպես որ Բաղրամյան 26-ից հրահանգում են: Ես չեմ հիշում մի հարց, որի շուրջը հանրապետականների ներսում տեսակետների բախում լինի: Իրենց բախումները լինում են միայն տնտեսական հողի, ազդեցության ոլորտների հողի, իշխանական աթոռներ ստանալու հողի վրա, եկամուտներ, շահույթներ ստանալու հողի վրա, որովհետև իրենց իշխանության նպատակը հենց դա է, և իրենք դա էլ օգտագործում են հետագայում վերարտադրվելու համար:

Իսկ այդ ներթիմային պայքարը արդյոք չի՞ թուլացնի իշխանության դիրքերը:

–Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը դրա փորձն ունի։ Մի քիչ կթողնի, որ երես առնեն, հետո երկու կողմին էլ կարգի կբերի։ Մաֆիայի օրենքներով դա թույլատրվում է՝ մի քիչ բաց թողնել, հետո սանձերը քաշել։

–Իսկ չկա՞ հավանականություն, որ այդ պայքարը կարող է Սերժ Սարգսյանի վերահսկողությունից դուրս գալ:

–Չեմ բացառում, տեսականորեն հնարավոր է։ Ես ասեմ, որ այս ամառվա ընթացքում իրենց իշխանական բուրգում լինելու է ներքին պայքարի փուլ, դա ակնհայտ արտահայտվում է Ազգային ժողովում: Կա ներքին պայքար, և դա ավելի շատ արտահայտվելու է բիզնեսմենների և տեղական իշխանիկների, նախարարների դաշտում: Կարծում եմ՝ մինչև սեպտեմբեր դրանց դրսևորումներին ականատես կլինենք:

–Ի՞նչ եք կարծում՝ այս պայքարը միտված չէ՞ մինչև 2018թ. թիմերից որևէ մեկի գերակայության հասնելուն:

–Դեռ ոչ, իրենք այսօր շատ լուրջ խնդիրներ ունեն։ Իրենց մոտ հիմա ներսից հոտելու գործընթաց է գնում, որին կնպաստեն նաև արտաքին խնդիրները։ Ղարաբաղի հետ կապված և տարածաշրջանում հասունացած խնդիրները լուծումներ են պահանջում, և կարծում եմ՝ իշխանությունը չունի այն իմունիտետը, այդ վստահությունը, որ կարողանա այդ խնդիրները լուծել և հանգիստ դուրս գալ: Դրան կգումարվի նաև սոցիալական լարվածությունը, գազի, էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով այդ շղթան կարող է այս գործընթացներին ռեզոնանսի էֆեկտ տալ, և իշխանությունը սկսի կարիճի նման ավելի շատ ինքն իրեն խայթել:

Հարցազրույցը վարեց Կարեն Թովմասյանը

Այս խորագրի վերջին նյութերը