Աշխարհ

20.06.2013 12:41


Քրեական նոր բացահայտումներ Վրաստանում

Քրեական նոր բացահայտումներ Վրաստանում

Այս շաբաթ Արևմտյան Վրաստանի Սամեգրելո շրջանում բացահայտված թաքստոցից վրաց իրավապահերը հայտնաբերել են զենք, զինամթերք, թմրանյութեր և ձայնագրություններ, որոնցում նկարահանված են կտտանքներ և խոշտանգումներ: Ինչպես հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարարության մամլո ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին, թաքստոցը ստեղծվել է Վրաստանի ներքին գործերի նախարարության նախկին ղեկավարության անմիջական մասնակցությամբ: Նա նաև հայտնել է, որ թաքստոցից առգրավվել է արխիվ` նախկին իշխանությունների նկատմամբ ընդդիմադիր հայացքներով հայտնի անձանց նկարներով և նրանց վերաբերյալ նյութերով, ովքեր ընտրություններում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հաղթանակի դեպքում պետք է ձերբակալվեին հորինովի մեղադրանքներով:

Վրաստանի քաղաքացիների նկատմամբ կտտանքներ իրագործելու մեղադրանքով ձերբակալվել են Ներքին գործերի և Պաշտպանության նախարարությունների 9 աշխատակիցներ. գործին առնչություն ունեցող մնացած հնարավոր անձանց ինքնությունը պարզվում է:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Վրաստանում կտտանքներ պատկերող տեսաձայնագրություններ են հայտնաբերվում, նախորդ աշնանն էլ տեղեկություններ հայտնվեցին վրացական մի քանի բանտերում կալանավորների նկատմամբ կիրառվող կտտանքների և խոշտանգումների դեպքերի մասին:

«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը սրա վերաբերյալ հայտարարել է, թե բացված քրեական գործը կեղծիք է, և այն տեղավորվում է քաղաքական հակառակորդներին հետապնդելու՝ Վրաստանում մեկնարկած արշավի մեջ:

Նման մեղադրանքներից խուսափելու, ինչպես նաև այս գործընթացի առավելագույն թափանցիկությունը ապահովելու նպատակով Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կազմակերպել է հանդիպում Վրաստանում հավատարմագրված դիվանագետների հետ, որոնց ներկայացրել են հայտնաբերված նյութերը և ծանոթացրել են քննության մանրամասներին:

Ներքին գործերի նախարարությունը, հաշվի առնելով գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունը, խոստացել է գործի զարգացման ընթացքի վերաբերյալ պարբերաբար տեղեկություններ հաղորդել։

Այս խորագրի վերջին նյութերը