Լրահոս

10.07.2009 17:17


Հովիկ Աբրահամյան. «Հայաստանում մշտապես կարևորել են Ռուսաստանի հետ սերտ դաշնակցային հարաբերությունները»

Հովիկ Աբրահամյան. «Հայաստանում մշտապես կարևորել են Ռուսաստանի հետ սերտ դաշնակցային հարաբերությունները»

Հուլիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովին՝ Երևանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Զրույցի ընթացքում Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է  հայտնել դեսպան Պավլովին անցած տարիների սերտ համագործակցության համար: Հ. Աբրահամյանը բարձր է գնահատել դեսպանի աշխատանքը և շեշտել, որ Հայաստանում մշտապես կարևորել են Ռուսաստանի հետ սերտ դաշնակցային հարաբերությունները, որոնք ունեն ամուր պատմական հիմք: Նա հույս է հայտնել, որ հետագայում ևս հայ-ռուսական համագործակցությունը կշարունակի զարգանալ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և այլ բնագավառներում՝ ի բարօրություն երկու բարեկամ ժողովուրդների: Զրույցի ընթացքում կողմերը նաև բարձր են գնահատել Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանների միջև գոյություն ունեցող սերտ շփումներն ու համագործակցությունը:

Ամփոփելով զրույցը՝ Հ.Աբրահամյանը հաջողություններ է մաղթել դեսպան Պավլովին իր ձեռնարկումներում և հույս հայտնել, որ նա բարեկամական կապը մեր երկրի հետ կշարունակի իր դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո ևս:

Այս խորագրի վերջին նյութերը