Հարցազրույց

10.06.2013 16:16


Վահան Հովհաննիսյան. «Չեմ կարծում, որ ինչ–որ մեկը ռիսկ կաներ վարչապետի անունից ընկերություն բացել»

Վահան Հովհաննիսյան. «Չեմ կարծում, որ ինչ–որ մեկը ռիսկ կաներ վարչապետի անունից ընկերություն բացել»

Հարցազրույց ՀՅ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հետ

–Ի՞նչ գնահատական կտաք Գորիսում՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ, տեղի ունեցած փոխհրաձգությանը։

–Ես կտամ քաղաքակա՛ն գնահատական։ Դա նրա արդյունքն է, որ մեկ տարուց ավելի է՝ մեր իշխանություններն իրենց ամբողջ ռեսուրսը ծառայեցնում էին խորհրդարանական ընտրություններում «ջախջախիչ» հաղթանակ տանելու համար՝ բոլորի՛ նկատմամբ։ Նույնը՝ նախագահական և Երևանի քաղաքապետի ընտրություններում։ Եվ, բնականաբար, նրանք այդ ընթացքում չէին զբաղվում սեփական ընդերքում կատարվող պրոցեսներով և չէին տեսնում, թե էդ հաղթանակը լկտիության ինչ նոր ալիքով է հղի։ Հիմա դրա արդյունքը երևում է։

–Այսինքն ուզում եք ասել, որ տեղի ունեցածում մեղքի առյուծի բաժինը ոչ թե կոնկրետ Սուրիկ Խաչատրայնինն է, այլ ՀՀԿ–ի՞նը։

Եթե մի իշխանություն իր գիրկն է ընդունում սուրենխաչատրյաններին... Սուրենխաչատրյաններ՝ որպես երևույթ, կան բոլոր հասարակություններում՝ ամերիկյան, կանադական, նույնիսկ կրիմինալից համեմատաբար զուրկ նորվեգական և շվեյցարական, բայց նրանք չեն դառնում մարզպետ։ Նրանք տարիներ, տասնամյակներ շարունակ իշխանության զինանոցի կարևորագույն դերակատար չեն դառնում, իշխանությունը կարողանում է ֆիլտրել, կարողանում է մարդկանց այդ տեսակին հեռու պահել որոշումներ կայացնելու օղակներից։ Հայաստանում էդպես չէ՛։ Սուրեն Խաչատրյանին ո՞ր արածի համար դատապարտեցին։ Օրինակ, երբ որ կնոջ էր ապտակում հյուրանոցում, և դա բոլորը տեսան, երբ որ բազմաթիվ նման պատմությունների մեջ էր հայտնվում, ոչ մի արձագանք չէր տալիս իշխանությունը։ Այսինքն՝ անպայման սպանությո՛ւն պետք է տեղի ունենար, որ արձագանքեին։

–Բայց հիմա՛ էլ չեն արձագանքում։ Կարծես ուզում են ջրից չոր դուրս բերել։

–Եթե ընտրություններ լինեին, ես չէի արդարացնի, բայց կհասկանայի, որ չեն ուզում մարդուն նեղեն, որովհետև վաղը Սյունիքից ձայներ պիտի բերի։ Հիմա այդ խնդիրն էլ չկա, բայց գոյություն ունի քաղաքական միջավայրի իներցիա։ Եթե Սուրեն Խաչատրյանին ասենք թե չների իշխանությունը կամ նրա դեմ լուրջ սանկցիաներ կիրառի, բայց չէ՞ որ ամիջապես հարցեր կբարձրանան հասարակության մեջ` բա մի տարի առաջ էս մեկին ինչի՞ չբռնեցիք, բա կես տարի առաջ էն մեկին ինչի՞ չհանեցիք գործից, բա երկու տարի առաջ այսպիսի դեպք եղավ, և այլն։ Իսկ այսպիսի դեպքերը լի՛քն են: Հիմա թվում էր, թե նախագահը հանգիստ կարող է այդ կիսագողական շրջապատից ազատվել, բայց ի՞նչն է նրան պահում, ես չգիտեմ։ Առջևում ընտրություններ չկան, ի՞նչն է քեզ պահում։

–Մեկ այլ աղմկահարույց հարցի շուրջ։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ օֆշորային գոտում ընկերություն բացելու և գործարար Փայլակ Հայրապետյանին ունեզրկելու հետ կապված պատմությունից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի հարցը օրակարգում չի դրվում։

–Ես գործուղումների եմ եղել և դրա հետ կապված ամբողջական տեղեկություն չունեմ։ Բայց ընդհանրապես՝ օֆշորային գոտիներում բավականին խայտաբղետ սցենարներ գործում են։

–Հնարավո՞ր է, որ առանց Տիգրան Սարգսյանի գիտության ինչ–որ մեկը նրա անունով ընկերություն գրանցի։

–Հավատալ դրան, իհարկե, դժվար է։ Բայց հավանաբար հնարավոր էլ չի ապացուցել հակառակը։ Սպասենք, տեսնենք՝ ինչ կապացուցեն։ Բայց ինչո՞ւ է մեր դատախազությանը դիմել, թող Կիպրոսի՛ դատախազությանը դիմի Տիգրան Սարգսյանը։ Ո՞նց կարող է մեր դատախազությունը դա պարզի։ Նաև չեմ կարծում, որ ինչ–որ մեկը ռիսկ կաներ վարչապետի անունից ընկերություն բացել։ Միգուցե այդ ընկերությունը բացվել է ավելի վաղ, իսկ այդ դեպքը կատարվել է, երբ Տիգրան Սարգսյանը վարչապետ էր։ Օֆշորային գոտում ընկերություն բացելը, ինքնին, կրիմինալ չէ, բայց ունեզրկելը կրիմինալ է, որը պետք է ապացուցվի։

–Կարծում եք՝ իրավապահ մարմինները կամք ունե՞ն ապացուցելու ճշմարտությունը։ Կամ եթե հանկարծ ապացուցվի, որ Տիգրան Սարգսյանը մեղավոր է, պաշտոնանկ կարվի՞։

–Ոչ մի բան էլ չի լինի։ Հայաստանում ե՞րբ է ինչ տեղի ունենում որ։ Հայաստանում իրավական համակարգը խայտառակ թերի է։ Որևէ պետական պաշտոնյայի, այդ թվում և Տիգրան Սարգսյանի նկատմամաբ նման կասկածը այդպես էլ կմնա կասկած, քանի ապացուցողական բազային թույլ չեն տա կուտակել կրիտիկական մասսա։

–Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին, կոպիտ ասած, փուռը կտա՞։

–Ես կյանքում հացթուխ չեմ աշխատել, ինձ մի քիչ դժվար է փուռը տալու մասին խոսել, բայց տեսե՛ք՝ Սերժ Սարգսյանը որոշեց, որ Տիգրան Սարգսյանը մնում է վարչապետ։ Նախագահը մնաց նույնը, խորհրդարանական և քաղաքապետական ընտրություններում ըստ պաշտոնական տվյալների հաղթեցին։ Ոչի՛նչ չփոխվեց։ Հարց է առաջանում՝ այդ կառավարությունը հաջողության հասե՞լ էր։ Համատարած պատկերացումն այն է, որ ո՛չ։ Այդ համատարած պատկերացումը պետք է արտահայտվի ընտրությունների մեջ, բայց չի արտահայտվում, հանրապետականներն էլ գալիս, ասում են՝ բա մենք հաղթել ենք, ուրեմն հաջողել ենք, նշանակում է՝ ժողովուրդը մեզանից չի դժգոհում։ Դա, իհարկե, զզվելի է, գարշելի է, բայց փաստ է։ Եվ այս պայմաններում սպասել, որ ինչ–որ բան կբացահայտեն, ինչ–որ լուրջ բարեփոխումներ կլինեն, անիմաստ է։

–Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն այդպես ատամներով պահում Տիգրան Սարգսյանին։

–Ուրեմն քաղաքական ինչ–որ հաշվարկ կա։ Այլ հարց է՝ այդ հաշվարկը ճի՞շտ է, թե՞ սխալ։ Ես կարծում եմ, որ սխա՛լ հաշվարկ է, բայց մյուս կողմից գիտենք, որ տարբեր խաղեր կան, երբ խաղացողներից մեկը միայն մեկ քայլի հնարավորություն է ստանում, մնացած քայլերն իր համար փակ են։ Միգուցե այս դեպքո՞ւմ էլ է այդ իրավիճակը։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը