Լրահոս

07.07.2009 15:58


Սերժ Սարգսյանն այցելել է ԱՄՆ դեսպանություն

Սերժ Սարգսյանն այցելել է ԱՄՆ դեսպանություն

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատուն և շնորհավորել դեսպանության բարձրաստիճան աշխատակիցներին անկախության 233-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ս. Սարգսյանն իր շնորհավորական խոսքում մասնավորապես նշել է.

«Ցանկանում եմ Միացյալ Նահանգներին հետագա հզորացում, իսկ նրա ժողովրդին' բարգավաճում: Մենք իրապես շահագրգռված ենք Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ: Մենք Միացյալ Նահանգներին ընկալում ենք ոչ միայն որպես հզոր երկիր, որպես Հայաստանին ամենամեծ մարդասիրական օգնությունը ցուցաբերող երկիր, այլև մի երկիր, որը ամենաօրհասական պահին մեր ժողովրդին օգնության ձեռք մեկնեց՝ նրա մի ստվար հատվածին իր գիրկն ընդունելով, հնարավորություն տվեց զարգանալու և իրենց ավանդը ներդնելու ինչպես Միացյալ Նահանգների հզորացման, այնպես էլ իրենց ազգային ինքնությունը պահպանելու գործում»:
ՀՀ-ում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ ծավալված առանձնազրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել է հայ-ամերիկյան հարաբերությունները տարբեր ոլորտներում առաջ մղելու ցանկությունն ու պատրաստակամությունը: Դեսպան Յովանովիչը Հանրապետության նախագահին ներկայացրել է ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ ունեցած վերջին հանդիպումներից իր տպավորությունները:

Նախագահ Սարգսյանն ու դեսպան Յովանովիչը ընդգծել են, որ ինքնատիպ ու հզոր ամերիկահայ համայնքի առկայությունը, ամերիկահայ տարբեր կազմակերպությունների ակտիվ գործունեությունը բարեկամության իրական կամուրջ է Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև:

Առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը