Լրահոս

07.07.2009 12:08


Տ. Սարգսյան. «Այսօրվանից սկսած՝ մենք պետք է աչքի տակ ունենանք զարգացումների առնվազն երեք սցենար»

Տ. Սարգսյան. «Այսօրվանից սկսած՝ մենք պետք է աչքի տակ ունենանք զարգացումների առնվազն երեք սցենար»

 

-Մենք հակված չենք սեկվեստր կիրառել,- այս մասին ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ «Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա. Կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներ» միջազգային գիտաժողովի ժամանակ։

Վարչապետը հիշեցրել է, որ ԱԺ-ն հաստատել է կառավարության ներկայացրած 940 մլրդ դրամանոց  բյուջեն, սակայն, նույնիսկ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, բյուջեի կատարման համար կառավարությունը հակված չէ գնալ դրա կրճատմանը.

-Որովհետև ինքը՝ սեկվեստրը, իր բացասական ազդեցությունն է թողնելու այս մակրոմիջավայրում, և նպատակահարմար է, որ պետությունը չկրճատի իր ծախսերը: Եվ, բնականաբար, այդ ճանապարհին, երբ մենք ընդհանուր համախառն ներքին արդյունքի շուրջ 16%-ոց անկում ունենք, ծախսերը չկրճատելու միակ ճանապարհը դեֆիցիտի ավելացումն է։ Մենք գիտակցաբար գնացինք այդ ճանապարհով՝ համագործակցելով Արժութային հիմնադրամի, Համաշխարհային և Ասիական բանկերի հետ՝ հայթայթելով միջոցներ, որպեսզի կարողանանք դիմագրավել այս ճգնաժամին։

Տ. Սարգսյանը նաև նշել է, որ կառավարությունն ԱԺ օրենքի նախագիծ է ներկայացրել, որով թույլտվություն է խնդրել ՀՆԱ-ի արդյունքի մեջ մինչև 7,5%  ավելացնել բյուջետային դեֆիցիտը.

-Դա աննախադեպ ցուցանիշ է ՀՀ-ի համար, որովհետև վերջին տարիների ընթացքում մեր դեֆիցիտը երբևիցե չի գերազանցել 3%-ը և միշտ ծրագրվածից եղել է շատ ավելի ցածր մակարդակի վրա։ Մենք առաջին անգամ այս փոփոխությունը գիտակցաբար կատարեցինք, և այսօրվա մեր գնահատականներով չի բացառվում, որ դեֆիցիտը լինի նույնիսկ 7,5%-ից ավելի՝ պայմանավորված ՀՆԱ-ի ցուցանիշի շարունակական վատթարացմամբ։ Այսօրվանից սկսած՝ մենք պետք է աչքի տակ ունենանք զարգացումների առնվազն երեք սցենար։ Մեկն այն է, որ մենք 9,5%-ոց անկում կունենանք, երկրորդը՝ 16%-ոց,  և երրորդը, որ մենք կունենանք 20%-ոց անկում։ Այդ պարագայում մենք բյուջեի ծախսային մասը պլանավորում ենք 900 մլրդ դրամի շրջանակներում, ինչը օրենսդրությունը կառավարությանը թույլ է տալիս՝ մինչև 10% ճշգրտումներ կատարել բյուջեի ծախսային մասի կատարողականի առումով։

Վարչապետը հայտնել է նաև, որ նախարարությունների հետ համատեղ կառավարությունում արդեն սկսել են քննարկել 2010թ. բյուջեի նախագիծը, որի հիմքում, նախնական գնահատականներով, ընկած է ՀՆԱ-ի 1%-ոց աճի կանխատեսում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը