Հարցազրույց

13.05.2013 16:10


Արմեն Հովհաննիսյան. «Կրկնում եմ նկուղումս մի քանի հանրապետական պահելու պատրաստակամությունը»

Արմեն Հովհաննիսյան. «Կրկնում եմ նկուղումս մի քանի հանրապետական պահելու պատրաստակամությունը»

Հարցազրույց վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանի հետ

–ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է՝ ՀՀԿ-ին իշխանությունից հնարավոր կլինի հեռացնել միայն, երբ Փոքր Մհերը ժայռից դուրս գա՝ որպես Փոքր Մհերի խորհրդանիշ նկատի ունենալով մեր հասարակությանը։ Համամի՞տ եք այս մտքին։

Հաշվի առնելով պատեհապաշտների ու կերակրատաշտակից անբաժան կերպարների առատությունը ՀՀԿ–ում՝ կարծում եմ, որ այդ ուժը չէր դիմանա անգամ շատ ավելի մեղմ ցնցումների: Հատկապես այս նոր՝ հետմարգարյանական ՀՀԿ–ն, որ ԽՄԿԿ–ի շատ վատ տնազն է դարձել: Իսկ եթե հանկարծ «Փոքր Մհերը» արթնանար․․․ կրկնում եմ նկուղումս մի քանի հանրապետական պահելու պատրաստակամությունը: Մարդ են, մեր հայրենակիցներն են վերջին հաշվով:

– Չե՞ք կարծում, որ Գալուստ Սահակյանի այս համեմատությունը չափից դուրս ցինիկ է։

Օրիգինալ կհամարեք ինձ, բայց ես պարոն Սահակյանին առանձնապես ցինիկ չեմ համարում: Մարդու մտքին ինչ կա՝ լեզվի ծայրին է: Իսկ թե դրանք ինչ որակի մտքեր են... համենայնդեպս՝ կուսակցությանը համարժեք ու արժանի:

–Իրականում ե՞րբ և ի՞նչ պայմաններում հասարակությունը կկարողանա ՀՀԿ–ին հեռացնել իշխանությունից։

Վախենամ՝ ՀՀԿ–ին իշխանությունից հեռացնելը մեր խնդիրների տեսակետից բավարար չէ: ՀՀԿ–ին կարող են հեռացնել և վերևից, երբ մինչև վերջ վարկաբեկեն ու խայտառակեն այդ բրենդը: Մեր խնդիրների լուծումը Ազգային հեղափոխությունն է, թող ոմանք դա Մհերի զարթոնք կոչեն:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը