Հարցազրույց

06.05.2013 19:51


Արեգ Գևորգյան. «ՀՀԿ–ի 321 քվեաթերթիկներից մոտ 200-ը քվեարկված էին 5-6 գույնի գրիչներով»

Արեգ Գևորգյան. «ՀՀԿ–ի 321 քվեաթերթիկներից մոտ 200-ը քվեարկված էին 5-6 գույնի գրիչներով»

Հարցազրույց Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Արեգ Գևորգյանի հետ

–ԿԸՀ–ն արդեն հրապարակել է 2013թ. մայիսի 5–ի Երևանի ավագանու ընտրությունների նախնական տվյալները։ Արժանահավատ համարո՞ւմ եք ներկայացված այդ տոկոսները։

-Ընդհանրապես Սերժ Սարգսյնաի գլխավորած վարչախմբի առկայության պայմաններում որևէ ընտրության արդյունք անհնար է համարել արժանահավատ: Այս իշխանությունները ընտրակեղծարարության ծնունդ են և նրանք չեն կարող գոյատևել կամ վերարտադրվել առանց կեղծիքների: Այս արդյունքների արժանահավատությունը կասկածի տակ են դնում նաև արձանագրված հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ընտրակեղծիքները, թե’ նախընտրական շրջանում, թե’ բուն քվեարկության օրը, թե’ տեղամասերում, և թե’ դրանցից դուրս:

–Դուք Կիլիկիայի 9/26 տեղամասում ՀԱԿ–ից հանձնաժողովի անդամ էիք։ Կոնկրետ ձեր տեղամասում ի՞նչ բնույթի խախտումներ են արձանագրվել։

-Արձանագրված խախտումները հատուկ են եղել նաև այլ բազմաթիվ տեղամասերում: Հիմնական մեխանիզմը եղել է ընտրողների բացահայտ ուղղորդումը, կուտակումները ընտրատեղամասում և դրանից դուրս, իշխանահպատակ հանձնաժողովի անդամների կողմից իմ օրինական պահանջների չկատարումը, լրագրողի և մեր վստահված անձի աշխատանքի խոչընդոտումը: Իսկ արդեն հաշվարկի ժամանակ ամբողջովին պարզվեց նաև ընտրակաշառքի բաժանման և ահաբեկման հիմնական մեխանիզմի պատկերը: Հանրապետական կուսակցությանը պատկանող 321 քվեաթերթիկներից մոտ 200-ը քվեարկված էին նույնանման, 5-6 գույնի գրիչներով, ինչը պատահականություն լինել չեր կարող: Սա նշանակում էր, որ ընտրակաշառք տալուց և ընտրողին տեղամաս բերելուց բացի նրան տրվում էր նաև հատուկ գրիչ քվերակելու համար, որպեսզի հետագայում հնարավոր լինի պարզել, թե ում է գնացել գնված ձայնը:

–Մինչ ընտրությունները շատ էր ասվում, որ ոչ իշխանական ուժերը տեղամասերում համագործակցելու են ընտրախախտումները կանխելու հարցում։ Ձեր տեղամասում նման համագործակցություն եղա՞վ։

-Ընդհանուր առմամբ համագործակցությունը չի կայացել: Դրա հիմնական պատճառը կրկին իշխանությունների կողմից հանձնաժողովականների, վստահված անձանց ահաբեկումն ու կաշառումն է եղել, ինչպես նաև անհասկանալի պատճառներով ընդդիմադիրների հանձնաժողովի անդամների տեղերում հայտնված բացահայտ իշխանամետ մարդիկ: Այն տեղամասում, որտեղ ես էի, համագործակցություն եղավ ԲՀԿ ներկայացուցչի հետ` ընտրողների ցուցակները վերահսկելու գործում: Սակայն, բարդ էր աշխատանքը մյուսների հետ: Իմ օրինական գործողություններին առաջին ընդդիմացողները ՀՅԴ և «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչներն էին: Հանձնաժողվի նախագահը, որ «Ժառանգության» կողմից էր ներկայացված, բացահայտ համագործակցում էր ՀՀԿ ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հրաժարվեց ինձ տրամադրել քաղվածք` արձանագրված ընտրախախտումների մասին, ինչի վերաբերյալ ես և ՀԱԿ վստահված անձը նախապատրաստեցինք հաղորդում հանցագործության մասին և պատրաստվում ենք այն ներկայացնել Հատուկ քննչական ծառայություն: Այս իշխանահպատակ հանձնաժողովականները նաև փորձ կատարեցին խոչընդոտել իմ և Կենտրոն հեռուստաընկերության կողմից ընտրությունների ընթացքի տեսա և լուսանկարահանումը: Նույնանման իրավիճակներ արձանագրվել են նաև մյուս ընտրատեղամասերում:

–ՀԱԿ–ը ընտրախախտումների բազմաթիվ դեպքեր է արձանագրել։ Դրանք բավարա՞ր են բողոքարկման և ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու համար։ Ի՞նչ եք պատրաստվում ձեռնարկել։

-Այո’, ընտրախախտումների դեպքերը ավելի քան բավարար են, չնայաց որ դրանց հավաքումը դեռևս շարունակվում է: Այն նախնական պատկերը որ մենք ունեինք դեռ քվեարկույթան մեկնարկից ժամեր անց արդեն իսկ բավար են ընտրությունները անվավեր ճանաչելու համար: Հայ Ազգային Կոնգրեսը արդեն իսկ սկսել է բողոքարկման գործընթացը, ինչպես նաև մենք հետևողական ենք լինելու ընտրախախտումներ իրականացնողների, դրանց կազմակերպիչներին քրեական պատասխանատվության ենթարկելու գործին: Իսկ ընդհանուր առմամբ, ելքը և ազատ ընտրություններ կազմակերպելու միակ երաշխիքը դա Հայաստանի ազատագրումն է Սերժ Սարգսյանի գլխավորած ավազակախմբից: Էնպես որ, ոչ թե պատրաստվում ենք ձեռնարկել, այլ շարունակելու ենք ավելի քան հինգ տարի առաջ ձեռնարկածը:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը