Լրահոս

02.05.2013 08:26


Գագիկ Ծառուկյանն ընդունեց ԵԽ պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանն ընդունեց ԵԽ պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը (տեսանյութ)

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության ղեկավար Մարտին Քալանանի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկին և Եվրոպական խորհրդարանի պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության գլխավոր քարտուղար Ֆրանկ Բարեթը։
Ողջունելով հյուրերին՝ ԲՀԿ ղեկավարը նշեց, որ եվրոպական ինտեգրումը ԲՀԿ-ի համար կարևոր գերակայություն է, և կուսակցությունը նպատակ ունի է՛լ ավելի խորացնելու եվրոպական իր օրակարգը։ Գագիկ Ծառուկյանը կարևորեց «Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների» հետ դեռևս անցած տարի Բրյուսելում սկիզբ առած համագործակցությունը, նշելով, որ դավանած արժեքների ընդհանրությունն ու ավելի լավ Եվրոպա ունենալու ձգտումը լուրջ հիմք են՝ սկսված փոխգործակցությունը որակական նոր մակարդակի տեղափոխելու համար։

Իր հերթին Մարտին Քալանանը, բարձր գնահատելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի և խորհրդարանական խմբակցության անդամների հետ հանդիպումը, նշեց, որ անչափ կարևորում է հայաստանյան ազդեցիկ քաղաքական ուժերից մեկի՝ ԲՀԿ-ի հետ համագործակցությունը, և որ իրենք մեծապես շահագրգիռ են սկսված գործընկերային հարաբերությունները ԲՀԿ-ի հետ առավել խորացնելու հարցում։ 
Անդրադառնալով «Ասոցացման պայմանագրի» բանակցություններին, ինչպես նաև «Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրին»՝ ԲՀԿ նախագահը նշեց, որ Եվրոպական Միության հետ քաղաքական ասոցացումն ու տնտեսական ինտեգրումը կնպաստի երկրում ժողովրդավարական արժեքների հաստատմանը, ինչպես նաև առավել բաց ու մրցունակ տնտեսական հարաբերությունների կառուցմանը։ Կողմերը քննարկեցին նաև Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն «Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների» ու ԲՀԿ-ի միջև համագործակցությունը խորացնելու մասին ՝ այն տեղափոխելով որակական նոր հարթություն։

Այս խորագրի վերջին նյութերը