Հարցազրույց

03.07.2009 17:49


Սուրեն Սիրունյան

Սուրեն Սիրունյան

Հարցազրույց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, օրերս համաներումով ազատ արձակված Սուրեն Սիրունյանի հետ։

-Ինչպե՞ս եք գնահատում երկրի ներքին քաղաքական իրավիճակը.

-Ներքին իրավիճակը, ինձ թվում է, նորից մնում է լարված, քանի որ այսօր Հայաստանում դեռ քաղբանտարկյալներ կան։ Հարցին կիսատ-պռատ լուծում տալով՝ վիճակը երբեք չի թուլանա, քանի որ մեր ընկերներից շատերը դեռ գտնվում են կալանավայրերում։

-Դուք պայքարում եք նաև արտահերթ ընտրությունների համար։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ են հավանական արտահերթ ընտրությունները։

-Ես կասեի՝ ոչ թե արտահերթ ընտրությունների, այլ նրա համար պետք է պայքարենք, որ հրապարակվեն  2008թ. փետրվարի 19-ի իրական արդյունքները։ Քանի որ ես վստահ եմ, որ նախագահական ընտրություններում հաղթել է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ինձ համար դա փաստ է, սակայն, եթե բանը հասնի նրան, որ լինեն արտահերթ ընտրություններ, որպեսզի կրկին արձանագրենք մեր հաղթանակը, ապա միանշանակ պայքարելու ենք արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների համար։

-Կարծում եք հասարակությունն իսկապե՞ս պատրաստ է արտահերթ ընտրությունների։ Չէ՞ որ, եթե համակարգն ամբողջությամբ չի աշխատում, ընտրությունների արդյունքը կարող է նույնը լինել, կրկնվել։

-Ես վերջերս ասել էի, որ եթե իշխանությունները չուզենան, որ ընտրությունները լինեն մաքուր, արդար և թափանցիկ, ապա կապ չունի, թե ովքեր են անցկացնելու դրանք։ Ինձ թվում է, պետք է ստիպել իշխանություններին, որ հոգնեն նախկինում իրենց որդեգրած քաղաքականությունից, որպեսզի Հայաստանում գոնե մեկ անգամ անցկացվեն արդար ընտրություններ։

-Փոփոխություններ կատարելու սահմանադրակա՞ն, թե՞ հեղափոխական ճանապարհն եք նախընտրում։

-Ես երկու տարբերակին էլ կողմնակից եմ։ Եթե Սահմանադրական ճանապարհով ժողովուրդը չի կարողանում հասնել իր ուզածին, չի կարողանում տեսնել Ազգային ժողովում իր պատգամավորին, ապա կողմնակից եմ, որ այդ ամենն իրականացվի հեղափոխության ճանապարհով, որովհետև հեղափոխություն անելը հանցագործություն չէ։

-Ի վերջո, Ձեր ազատ արձակումը ՀԱ՞Կ-ի պայքարի արդյունք է, թե՞ իշխանությունները «ռևերանս» կատարեցին միջազգային հանրության առջև։

-Ես, վստահ եմ, որ մեզ ազատ արձակելով՝ իշխանությունները դրանով իսկ ապահովագրեցին իրենց։ Իշխանությունները մեծահոգի չէին, որ թույլ տային դատարաններին, որ արդար դատավարություն տեղի ունենար։ Որովհետև արդար դատավարության դեպքում մենք արդարացված դուրս կգայինք դատարանի դահլիճից։ Եվ քանի որ իշխանությունը հանձնարարել էր, որ դատարանները մեր նկատմամբ դատավճիռներ կայացնեն, նրանք նաև գտան համաներման այս տարբերակը, որ մեզ ազատ արձակեն։ Ամեն դեպքում, իշխանությունները մեր ընկերների մի մասին պատանդ են պահում՝ ընդդիմության քայլերի դեմ հակաքայլեր անելու համար։

-Ի՞նչ զարգացումների եք սպասում։

-Գտնում եմ, որ մեկ րոպե չպետք է հանգիստ նստենք, առավոտից երեկո պետք է պայքարենք մեր ազատությունների, մեր իրավունքների վերականգնման և մեր ընկերներին անհապաղ ազատ արձակելու համար։

Հարցազրույցը վարեց Արփի Բեգլարյանը

Այս խորագրի վերջին նյութերը