Լրահոս

25.04.2013 14:16


Լևոն Բարսեղյան. «Պարոնայք իշխանավորներ, չհամարձակվեք այլևս տեղի ունեցած զանգվածային կամ անհատական հանցագործությունների պատասխանատվությունը բարդել հանրության վրա»

Լևոն Բարսեղյան. «Պարոնայք իշխանավորներ, չհամարձակվեք այլևս տեղի ունեցած զանգվածային կամ անհատական հանցագործությունների պատասխանատվությունը բարդել հանրության վրա»

Մի անգամ մի գործով դատարանում վկա էինք կանչել, դատարանը պատշաճ որոշում էր կայացրել էդ վկային դատարան կանչելու, ու վկան երեք նիստ շարունակ ծանուցագիրը պատշաճ ստանում, դատարան չէր գալիս, ինչ-որ մի շատակեր պաշտոնյայի ենթական էր, երևի շեֆն ասել էր` չգնաս, ինքն էլ դատարան չէր գալիս: Դատավորը հոգնել էր արդեն, բանը հասել էր ԴԱՀԿ-ով դրան դատարան քարշ տալու մասին որոշման կայացմանը, մի անգամ նիստերից մեկի փակելուց հետո, զզված դատավորն ընկերական ասաց ինձ.-Լևոն, չեք կարո՞ղ էդինչին դատարան բերել …,-մոտավորապես: Մազ մնաց` հռհռայինք, ասացի.-Հարգելի դատարան, միանգամից կառավարություն կազմելու իրավունքն էլ տվեք, նայեք ի~նչ կառավարություն եմ կազմում:-Խնդացինք, խելացի մարդ էր, հասկացավ:

Նոր էին մարել հերթական կրակոցները Գյումրիում, մեկ էլ այսուայն կողմերից սկսեցինք լսել, թե ամբողջ հասարակությունն է մեղավոր տեղի ունեցածի համար, գյումրեցոնց գողական մտածելակերպն է դրա պատճառը և այլն: Նման բաներ նախկինում էլ էինք լսում, հենց մի քաղաքական կամ քրեական սրացում էր լինում: Նախագահական ընտրություններից հետո Վանաձորի քաղաքապետը նույնիսկ կարծիք հայտնեց, թե անգիտակիցներն են քվե տվել Րաֆֆուն և այլն:

Ակնհայտորեն գործ ունենք պատասխանատվությունը սեփական անձի վրայից ցրելու սինդրոմի հետ: Ով, որ կասի, թե Գյումրու կրակոցների և սպանությունների պատասխանատուն հենց գյումրեցիք են, կամ` հանրությունը` ընդհանրացնելով մեղքերը բոլորի վրա, հատուկ դիտավորություն ունի ուրեմն` իշխանության մեղքերը լղելու և լուծելու օդում:

Այդպես խոսողները տարիներ շարունակ ընտրակաշառքի և այլ հանցագործությունների պատասխանատվությունը գցել են հանրության վրա: Բա, ներողություն, իշխանություններն ինչի՞ համար են, նրանք, ովքեր իշխանությունը զավթելիս, գրավելիս, կամ ընտրվելիս ասում են, թե պատասխանատվություն են ստանձնում, երդվում են նույնիսկ, հենց իշխանությունները, լինեն օրինական եղանակով իշխանություն դարձածներ, թե զավթածներ, հենց իրենք են օժտված քաղաքացիների անվտանգությունը ապահովելու իրավասությամբ և համապատասխան լիազորություններով, հենց իրենք պիտի կատարեն այդ պարտականությունները, որովհետև որևէ մեկն իշխանությունից բացի օժտված չէ այդ իրավունքներով: Օրինակ, եթե ես սկսեմ մեր թաղի անվտանգությունը ապահովել իմ ունեցած հնարավորություններով, անմիջապես պատասխանատվության կենթարկեն ինձ ինքնիրավչության ու/կամ իշխանություն զավթելու համար: Ուրեմն հանրությունը համ գանձարան լցնի ու դրանով տասնյակ հազարավոր իրավապահներ պահի, համ էլ` անմիջականորեն անվտանգություն ապահովելու գործերով զբաղվի՞, ի՞նչ միջոցներով զբաղվի, ի՞նչ իրավունքով զբաղվի, երանի ձեզ:

Պարոնայք իշխանավորներ և դրանց հարազատներ, պետական կերամանից օգտվողներ, չհամարձակվեք այլևս տեղի ունեցած զանգվածային կամ անհատական հանցագործությունների պատասխանատվությունը բարդել հանրության վրա` ընդհանրացնելով ինձ կրակողի, ոստիկանի, զենքի մատակարարի և ընտրակեղծարարի հետ: Ոչ ոք հիմար չէ այնքան, որքան պատկերացնում եք հանրության մասին այդպես խոսելիս: Իսկ եթե շատ եք ուզում ինձ ու մյուսներին պատասխանատվության տակ կոխել, մի խանգարեք ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, կամ միանգամից մեզ կառավարություն, դատարաններ կազմելու հնարավորություն տվեք (խնդալու է իհարկե), որ հավասարվենք, այդ ժամանակ արդեն ձեր «մենք բոլորս ենք մեղավոր» կամ «ամբողջ հանրությունն է մեղավոր» արտահայտությունները որակ կստանան ու բարբաջանք չեն լինի:

Իսկ մինչ այդ, ուզում եմ հիշեցնել, որ ձեզ ոչ ոք ծեծելով ու զոռով չի դրել իշխանություն և պարտադրել` ծառայել մեզ, իշխանությունը ձերն է` ինչպես ուզել եք սրտանց ու հասել եք դրան, դե դուք էլ բարի եղեք անվտանգ միջավայր ապահովել ձեզ վճարողների համար` վազքով և արագ: Խոստովանում եմ, որ ես ամեն անգամ ապշում եմ, երբ նկատում եմ, թե ինչքան դժվար է որոշ հաստակճեպների համար էս հասարակ միտքը հասկանալ:

Լևոն Բարսեղյան

Այս խորագրի վերջին նյութերը