Հարցազրույց

03.07.2009 17:23


Մյասնիկ Մալխասյան.

Մյասնիկ Մալխասյան.

Հարցազրույց Հայ ազգային կոնգրեսի անդամ, համաներմամբ վերջերս ազատ արձակված Մյասնիկ Մալխասյանի հետ

-Ի՞նչ գնահատական կտաք ներքաղաքական պայքարի ներկա փուլին։

-Նորմալ, բնականոն ընթացքի մեջ է։

-Ըստ ձեզ՝ քաղբանտարկյալների ազատ արձակումով պայքարը նոր թափ ստացա՞վ, թե՞ նորից շարունակվելու է նույն հունով։

-Դա դուք պետք է ասեք։ Ես նախկինը չեմ տեսել, որ հիմա... Բնականաբար, պիտի որ փոփոխություն լինի, թափ հավաքի։ Բայց համաժողովրդական շարժումը պիտի իր նպատակին հասնի, որովհետև պատմության մեջ չկա դեպք, երբ ժողովուրդը պարտվի, ժողովրդին նման բռնությամբ, սպանդի ենթարկելով՝ կարողանան ջարդը տալ։ Ինձ հայտնի չէ նման պատմություն, որ կարողանան։ Ես համոզված եմ, որ ժողովուրդը հասնելու է իր նպատակին, ժողովուրդնի իր ուզած երկիրը, իր ուզած Հայաստանը կառուցելու է իր ջանքերով։

-Իսկ հիշո՞ւմ եք այնպիսի դեպք, որ Հայաստանում սահմանադրակա՛ն ճանապարհով ժողովուրդը հասնի իր նպատակին։

-Դե, ես չգիտեմ։ Ժողովուրդն ի՛նչ ճանապաչհով էլ հասնի՝ ճիշտ է։

-Բայց երբևէ եղե՞լ է այդպիսի դեպք, որ սահմանադրական ճանապարհով հասնի...

-Ինչու՞ չէ։ 1991թ. ժողովուրդն ի՞նչ ճանապարհով էր... Ես հիշում եմ, որովհետև համաժողովրդական շարժում էր, համաժողովրդական ընտրությամբ ընտրվեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Իհարկե, դրանից հետո նույնությամբ չի կրկնվել, բայց ժողովրդի այս ոգևորությունը, որ կա, համոզված եմ, որ կկրկնվի։

-Դուք կողմնակից եք պայքարի սահմանադրակա՞ն ճանապարհին, թե՞ հեղափոխությամբ իշխանափոխության հասնելուն։

-Գիտեք ի՞նչ։ Հեղափոխական ճանապարհը ոչ մի տեղ չի կարող լավ բանի բերել, որովհետև լավ կլինի, որ մենք էլ քաղաքակիրթ ժողովրդի նման կարողանանք գտնել լուծումը։ Որովհետև հեղափոխական ճանապարհներով բաները, դրանք որ ժողովուրդների մոտ որ եղել են, վերջապես եկել հասել են մի էվոլյուցիոն ճանապարհի, որտեղ գիտակցել են, որ պիտի ժողովրդավարական, սահմանադրական ճանապարհով կարողանա կերտել։ Առաջին նախագահի հետ ես համամիտ եմ, որ բռնությամբ ձեռքբերված իշխանությունը՝ բռնությամբ պիտի պահես, և պատմությունն ապացուցում է դա։ Սա ցանկալի չէ մեր ժողովրդի համար, և մեզանից որևէ մեկը չի ուզենա, որ գնանք այդ ճանապարհով։

-Սահմանադրական ճանապարհ ասելով՝ հասկանում եք արտահե՞րթ, թե՞ հերթական ընտրությունները։

-Բոլոր Ձեր ասած ձևերը սահմանադրական ճանապարհ են նշանակում։

-Ձեզ համար ո՞րն է նախընտրելի։

-Բոլորն էլ նախընտրելի են։

-Կարծում եք, որ շարժումը մինչև հերթական ընտրությունները կկարողանա՞ պահել իր...

-Ես չեմ կարող երաշխավորել որևիցե մեկի փոխարեն։ Կարծում եմ, որ կգա մի պահ, որ բոլոր քաղաքական ուժերը կգիտակցեն և ժողովրդի պահանջին ընդառաջ կգնան, և լուծում կստացվի։ Ժողովուրդը կհասնի իր նպատակին, բայց թե ո՞ր ճանապարհը կլինի, ես չեմ կարող կանխորոշել։

-Մինչև հերթական ընտրություններ համաժողովրդական շարժման մարտական հոգին, պայքարի շունչը կպահպանվի՞։

-Չեմ կարող ասել։ Բայց ինձ թվում է, որ արտահերթ ընտրություններ կլինեն։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններ պիտի լինեն, որպեսզի կարողանա այս մթնոլորտը լիցքաթափվել, ու հանդուրժողականության մթնոլորտ, վստահություն ձեռքբերվի։ Հակառակ դեպքում, հնարավոր չէ երկրում հաղթահարել այս ճգնաժամերը։ Համապետական ընտրություններ պետք է անցկացվեն՝ երկրում բնականոն ընթացքը վերականգնելու, երկիրը զարգացնելու համար։

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը