Լրահոս

22.04.2013 14:10


ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

Ապրիլի 22-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկեց եւ ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար դրական եզրակացություն տվեց ՀՀ կառավարության ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծին, որը քննարկվում էր երկրորդ ընթերցմամբ:

Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ ընդունվել են պատգամավորների ներկայացրած գրեթե բոլոր առաջարկները:

Նախագծով առաջարկվող փոփոխությունները վերաբերում են ավագանու եւ համայնքի ղեկավարի լիազորությունների դադարեցմանը, սահմանվում են հիմքերն ու լիազորությունների դադարեցման համար նախադեպ հանդիսացող հանգամանքները: Օրենքը համալրվում է նոր դրույթով, ըստ որի նախատեսվում է արձանագրել ավագանու նիստերը:

Հանձնաժողովը որոշեց առաջիկա հունիսի կեսին կազմակերպել խորհրդարանական լսումներ` «Ֆինանսական համահարթեցման իրավական կարգավորման խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով:

Որոշվեց նաեւ հանձնաժողովի առաջիկա հերթական նիստն անցկացնել Արմավիրի մարզում, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ կքննարկվի «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության հեղինակած մեկ այլ օրինագիծ: 

Այս խորագրի վերջին նյութերը