Լրահոս

22.04.2013 08:23


Թբիլիսիում տեղի ունեցավ «Արս-Լունգա» դուետի մենահամերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին

Թբիլիսիում տեղի ունեցավ «Արս-Լունգա» դուետի մենահամերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին

Ապրիլի 19-ին Թբիլիսիի «Շերատոն Մետեխի Պալաս» հյուրանոցի մեծ դահլիճում կայացավ Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված «Արս Լունգա» դուետի մենահամերգը, որը կազմակերպել էին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմը և Վրաստանում ՀՀ դեսպանությունը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Համերգին ներկա էին Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների քաղաքական և հասարակական գործիչներ, քույր եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ, Հայ Եկեղեցու հոգևոր սպասավորներ, Թբիլիսիի հայ մտավորականության և հասարակայնության ներկայացուցիչներ:

«Արս Լունգա» դուետը Արամ Թալալյանի (թավջութակ) և Ջուլիետա Վարդանյանի (դաշնամուր) կազմով իր ստեղծման օրից ակտիվորեն ընդգրկված է Հայաստանի երաժշտական կյանքին, հրավերներ է ունեցել հեղինակավոր արտերկրյա երաժշտական կազմակերպություններից, մասնակցել միջազգային մրցույթների և փառատոների:

Բացելով միջոցառումը՝ Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը ներկաներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Այնուհետև խոսքը փոխանցեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանպարոն Հովհաննես Մանուկյանին, ով երախտագիտություն հայտնեց այն միջազգային կազմակերպություններին և երկրներին, որոնք ընդունել են Հայոց մեծ Եղեռնը և հորդորեց շարունակել համազգային պայքարը միջազգային ասպարեզում սույն ոճրագործության ճանաչման և դատապարտման համար:

Պահանջատիրոջ իրավունքով Հայոց Ցեղասպանությունը դատապարտելու համար պայքարը շարունակելուն էր ուղղված Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանի ելույթը:

Դահլիճում ստեղծված մթնոլորտը միանգամայն համահունչ էր «Արս Լունգա» դուետի մենահամերգին: ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյանի և միջազգային մրցույթների և փառատոների մասնակից Ջուլիետա Վարդանյանի բարձրարվեստ կատարմամբ հնչեցին Ռոբերտ Շումանի, Սուլխան Ցինցաձեի, Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և այլոց ստեծագործությունները:

Վերջում իր օրհնությունը բաշխելով ներկաներին՝ Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հիշեց հայոց ցեղասպանության զոհերին՝ ընդգծելով, որ նմանատիպ հիշատակի համերգները հայի խոնարհումն են զոհերի հիշատակի առջև: «Ապրիլի 24-ը հայությանը միավորող մեծագույն գործոն է: Պահանջատիրության զգացումը, որ գեների միջոցով փոխանցվում է սերունդներին, հայության ապրելու առհավատչյան է և արդարության հաղթանակի գրավականը»,-հավելեց Վիրահայոց թեմի Առաջնորդը: Սրբազան Հայրը երախտագիտության խոսքեր ուղղեց հանրահռչակ «Արս Լունգա» դուետին՝ հիշատակի համերգին մասնակցության համար, իր գնահատանքը և օրհնությունը բերեց կազմակերպիչներին, հովանավորներին և մասնակիցներին:

Վիրահայոց համայնքում շարունակվում են Հայոց Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:

Այս խորագրի վերջին նյութերը