Լրահոս

20.01.2011 17:51


Մշակույթի նախարարությունում անտեղյա՞կ են, թե՞ փաստերը խեղաթյուրում են

Վերջին շարջանում «7օր»-ը բազմացիս անդրադարձել է ՀՀ կառավարություն 2010թ. օգոստոսի 5-ի որոշմանը, ըստ որի երաժիշտ Ակսել Բակունցի տնօրինությամբ գործող Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը պետք է վերակազմակերպվի՝ միացվելով երգչուհի Նադեժդա Սարգսյանի տնօրինությամբ գործող Երևանի մշակույթի պետական քոլեջին, ինչին, սակայն, Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի անձնակազմը դեմ է՝ մատնանշելով իրենց 30-ամյա պատմությունը։

Երբ «7օր»-ը ՀՀ մշակույթի նախարությունից այս հարցի վերաբերյալ պարզաբանումներ էր խնդրել, նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Դուրգարյանը նշել էր, թե նախ և առաջ քոլեջը 30 տարվա պատմություն չունի, այլ՝ 17 տարվա։

Սակայն Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի դասախոս Գևորգ Անդրիկյանը մեզ ներկայացրել է ՀՀ նախարարության հրամանը, ըստ որի ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը քոլեջի մի շարք աշխատողների հիմնադրման 30-ամյակի կապակցույամբ պատվոգիր է շնորհել։

-Շատ տարօրինակ է, որ մալո խոսնակը չգիտի, թե նախարարության ենթակայության տակ գտնվող քոլեջը քանի տարվա պատմություն ունի կամ գործունեության նպատակն ինչն է։ Եթե մենք սուտ ենք ասում, ուրեմն նախարարն էլ է ստում, քանի որ նախարարի հրամանով մեզ պատվոգիր է շնորհվել։ Ցիտում եմ. «ՀՀ մշակույթի նախարարության N 843-Ա 06.12.2010թ. պարգևատրելու մասին հրաման։ Մշակութային կրթության ասպարեզում ունեցած զգալի ներդրման համար, ինչպես նաև Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի հիմնադրման 30-ամյա հոբելյանի առթիվ հրամայում եմ ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով պարգևատրել Կարինե Թադևոսյանին, Անահիտ Մազմանյանին, Գևորգ Անդրիկյանին, Իրինա Մալխասյանին, Լևոն Սահակյանին, Սաթենիկ Ավետիսյանին, Ջուլիետա Թադևոսյանին, Ստեփան Բաբաթորոսյանին, Տատյանա Մինասյանին, Նաիրի Մելիքյանին, Սիմոն Քեսոյանին»։ Եվ այս ամենը՝ Հասմիկ Պողոսյանի ստորագրությամբ, և այս պատվոգրերը տվել է մեզ փոխնախարարը։ Մեկնաբանություններն ինքներդ արեք,-ասել է նա։

Գևորգ Անդրիկյանն անդրադարձել է նաև Գայանե Դուրգարյանի այն պնդմանը, թե ոչ մի իրավահաջորդության խնդիր չկա, և ընդգծել, որ ՀՀ կառավարության որոշումն ակնհայտ հակասում է նրա ասածին։

-Որոշմամբ նշված է, թե  ի գիտություն պետք է ընդունել, որ Երևանի մշակույթի պետական քոլեջը Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի իրավահաջորդն է, ու վերջինիս իրավունքներն ու պարտականություններն անցնում են Երևանի մշակույթի պետական քոլեջին՝ փոխանցման ակտին համապատասխան։ Եթե «Երևանի մշակույթի պետական քոլեջ» անվանման մեջ գոնե մի ստորակետի տարբերություն լիներ, նոր կարելի էր ասել, թե երկու քոլեջներն են միավորվում իրար, բայց իրականում որոշման համաձայն մեր քոլեջն է միավորվում մշակույթի քոլեջին, ու դա ակնհայտ է,-ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը