Լրահոս

19.04.2013 16:22


Շնորհակալագրեր Լոռու մարզպետից` հուշարձանների պահպանության ոլորտում ներդրած ավանդի համար

Շնորհակալագրեր  Լոռու մարզպետից` հուշարձանների պահպանության ոլորտում ներդրած ավանդի համար

Լոռու մարզի հուշարձանների պահպանության ոլորտում իրականացրած աշխատանքների, ներդրած ավանդի համար մարզպետ Արմեն Նալբանդյանի շնորհակալագրերին են արժանացել ’’Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն’’ ՊՈԱԿ-ի Լոռու ՊՄՊ մարզային  ծառայության պետ Արմեն Գերյանը, տեղակալներ  Վազգեն Կարապետյանը, Էմիլ Ադիբեկյանը, մարզային ծառայության գիտաշխատող  Հրաչիկ Մարուքյանը: Շնորհակալագրերը երեկ` Հուշարձանների պահպանության միջազգային օրը, նրանց  հանձնել է մարզպետարանի մշակույթի բաժնի պետ Արամ Ռեւազյանը: Իսկ մինչ այդ Վանաձորի  Ս. Աստվածածին եկեղեցու բակից  ՊՄՊ մարզային ծառայության  աշխատակիցները, դպրոցականներն ու ուսանողները  երթով հասել են Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցի, որտեղ կազմակերպվել է նաեւ  մարզի հուշարձանների լուսանկարների ցուցադրություն: Երթին չի խանգարել նույնիսկ տեղացող ձյունախառն անձրեւը:

«Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը /ԻՄՕՄՕՍ/ առաջարկել է այս տարի տոնը նշել ’’Կրթության ժառանգություն»  խորագրի ներքո` անդրադառնալով կրթությանն առնչվող ժառանգության տեսակներին:

«Հենց այս համատեքստում էլ կարեւորում ենք մշակութային ժառանգության հանրահռչակումն ու կրթությունը երիտասարդ սերնդի  համար:  Նրանք մեր ապագան են ու պարտավոր են  իմանալ, ուսումնասիրել,  պահպանել,  նաեւ հանրահռչակել մեր պատմամշակութային ժառանգությունը», - իր խոսքում նշեց  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը: Նրա   համոզմամբ`  «Կրթության ժառանգություն»  խորագիրը կրող միջոցառումները կնպաստեն, որ  հանրությունը մոտիկից հաղորդակցվի մեր դարավոր մշակույթին:

«Լոռի բերդ» արգելոցում  տեղի հիմնական դպրոցի տարրական դասարանների աշակերտների մասնակցությամբ, երեկ, օրվա խորհրդին համահունչ, անցկացվել է նաեւ բաց  դաս` «Լոռի բերդի պատմությունը եւ Լոռի բերդի ստեղծման անհրաժեշտությունը» թեմայով:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ

Մարինե Ավանեսյան

 

Այս խորագրի վերջին նյութերը