Լրահոս

19.04.2013 15:51


«Տարոն, ատկատ եղիր». քաղաքապետարանի դիմաց մեկնարկել է բողոքի ցույցը

«Տարոն, ատկատ եղիր». քաղաքապետարանի դիմաց մեկնարկել է բողոքի ցույցը

Քաղաքապետարանի դիմաց արդեն մեկնարկել է ՀԱյ ազգային կոնգրեսի երիտասարդների բողոքի ցույցը: Ինչպես դեպքի վայրից փոխանցում է iLur.am-ի թղթակիցը, ոստիկանությունը սկզբում դիմադրություն է ցույց տվել և թույլ չի տվել, որ մասնակիցները մոտենան քաղաքապետարանի շենքին, սակայն ավելի ուշ ակցիայի մասնակիցների ճնշման ներքո ոստիկանները թույլ են տվել նրանց մոտենալ քաղաքապետարանին:

Մասնակիցները գոռում են՝ «Տարոն, հանցագործ», նրանց ձեռքին «Տարոն, դատվելու ես», «Տարոն+Նեմեց=Սերժ», «Տարոն, Սերժիկի կամակատար», «Տարոն հանցագործ», «Տարոն, ատկատ եղիր» բովանդակությամբ պաստառներ: Քաղաքապետարանից որևէ մեկը դեռ չի արձագանքել:

Երբ Հայ ազգային կոնգրեսի անդամ Արեգ Գևորգյանը փորձել է հայտարարություն ընթերցել, նրան է մոտեցել փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ու փորձել է խոչընդոտել: Դրանից հետո քաշքշուկ է սկսվել ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջեւ: Արեգ Գևորգյանը, այնուամենայնիվ, ընթերցել է հայտարարությունը: Այս պահին ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Կոնգրեսի կենտրոնական գրասենյակ: 

Նշենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են «Երևան» հիմնադրամի գործունեության վերաբերյալ հայտարարագրերի հրապարակում, վերահսկիչ պալատի կողմից քաղաքապետարանում անցկացրած ստուգումների արդյունքների հրապարակում, օրինազանց և թալանչի պաշտոնյաների, նրանց գլխավորող ռեժիմի կամակատար Տարոն Մարգարյանի պաշտոնանկություն ու նրանց նկատմամբ քրեական գործերի հարուցում:

Այս խորագրի վերջին նյութերը