Լրահոս

19.04.2013 21:08


ՀՅԴ կոմիտեն ամերիկահայերին կոչ է անում ապրիլի 24-ին փակել սեփական բոլոր հիմնարկները և աշխատանքի չգնալ

ՀՅԴ կոմիտեն ամերիկահայերին կոչ է անում ապրիլի 24-ին փակել սեփական բոլոր հիմնարկները և աշխատանքի չգնալ

ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն ամերիկահայերին կոչ է արել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ապրիլի 24-ին, ի նշան հարգանքի, փակել սեփական բոլոր ձեռնարկությունները և աշխատանքի չհաճախել:
Ասպարեզը հայտնում է, որ կառույցի հայտարարությունում նշվում է, որ ապիլի 24-ը պետք է տարբերվի մյուս օրերից. մարդիկ պետք է մի կողմ դնեն իրենց առօրյա հոգսերն ու զբաղմունքը և հարգանքի տուրք մատուցեն Ցեղասպանությանը զոհ դարձած 1,5 միլիոն հայերի հիշատակին:
«Հայոց ցեղասպանության տարելիցը մոտենում է, և յուրաքանչյուր հայ ևս մեկ անգամ պատրաստվում է ոգեկոչելու սարսափելի այդ հանցագործության զոհերի հիշատակը, ոգեկոչման միջոցառումների կամ բողոքի ակցիաների մասնակցելու միջոցով իրենց հավատարմությունը հայտնելու մեր պահանջատիրությանը: Ապիլի 24-ը բոլորիս համար այն օրն է, երբ մենք պետք է հարգենք մեր նահատակների սուրբ հիշատակը, այն օրն է, երբ մենք գնահատում ենք մեր անձնական և համընդհանուր կորստի չափը, այն ժամանակն է, երբ մենք պետք է վերանայենք մեր ներկան և ուղեգծենք մեր պայքարի հետագա ընթացքը՝ հանուն արդարության և մեր իրավունքների վերականգնման: Ապրիլի 24-ին անձնական նպատակով արձակուրդ ձևակերպելով և աշխատանքի չհաճախելով, կամ սեփական ձեռնարկությունները փակելով՝ մարդիկ համազգային սգո օրվան վայել դիրքորոշում են արտահայտում: Այդուհանդերձ, որոշ հայեր շեղվել են այդ ավանդույթից, և այդ օրը սովորականի նման հաճախում են աշխատանքի»,-ասված է հայտարարությունում:
Կոմիտեից նաև նշել է, որ ապրիլի 24-ը որևէ հայի համար սովորական օր լինել չի կարող. «Այդ պատճառով մենք մեր համայնքին հորդորում ենք հավատարիմ մնալ մեր նահատկված նախնիների հիշատակը հարգելու ավանդույթին և այդ օրը փակել սեփական բոլոր ձեռնարկությունները և մասնակցել հիշատակի միջոցառումներին»:

Այս խորագրի վերջին նյութերը