Հարցազրույց

02.07.2009 19:23


Գայանե Ասլամազյան

Գայանե Ասլամազյան

Հարցազրույց Հանրային հեռուստառադիո ընկերության խորհրդի ռազմավարության և ռեյտինգների բաժնի ղեկավար Գայանե Ասլամազյանի հետ

 -Առանց երկմտելո՞ւ որոշեցիք մասնակցել «Ֆորտ Բոյար» խաղին։

-Նախ, խաղի մասնակիցներին ընտրելու կարգը մի քանի կետեր էր ենթադրում։ Նախնական համաձայնագիր կնքվեց, որ եթե ըտրվենք,ապա պետք է համաձայնենք մասնակցել խաղին։ Իսկ ես, բնականաբար, ցանկանում էի մասնակցել, որովհետև դեռ փոքր հասակից  «Ֆորտ Բոյար»-ը տպավորվել էր իմ մեջ։ Եվ շատ հետաքրքիր էր գնալ ու տեսնել այդ ամենը սեփական աչքերով։ Մասնակիցների ընտրությունը տևեց երկու ամիս, որից հետո «sms» քվեարկությամբ և այլն, և այլն, ընտրվեցին 30 մասնակիցները, այդ թվում և ես։

-Ի՞նչ չափանիշներով էին մասնակիցներն ընտրվել։

-Ճիշտն ասած՝ չեմ կարող ասել, թե ինչ չափանիշներով են ընտրվել, քանի որ դա կազմակերպիչներն են որոշել։

-Իսկ թիմերն ի՞նչ սկզբունքով կազմվեցին։

-Թիմերն էլ անկախ մեզանից կազմվեցին։ Մեզ՝ հայերիս ոչ բնորոշ փակ մթնոլորտում այդ ամենը անցավ։ Նախ, մեզնից ոչ մեկը չգիտեր, թե 30 մասնակիցներն ովքեր են լինելու, չգիտեինք, թե թիմերում ովքեր էին ընդգրկվելու։ Դա իմացել ենք անմիջապես գնալուց առաջ, երբ մեզ տրվեցին ցուցակները, որոնք փոփոխվելու ենթակա չէին։ Մեծ հաշվով, ոչ մեկիս հետաքրքիր էլ չէր փոխել ցուցակները, որովհետև բոլորս արդեն միմյանց ճանաչում էինք, և տարբերություն չկար, թե ով ում հետ է նույն թիմում ընդգրկվելու։

-Ձեր թիմը ինչպե՞ս իրեն դրսևորեց։

-Ինքը՝ խաղը, տարբերվում է նմանատիպ բոլոր խաղերից։ Օրինակ՝ «Վերջին հերոսը», կարծես, մարդկանց մեջ ի հայտ է բերում բոլոր բացասական կողմերը։ Իսկ այս խաղը, ինքն իրենով, նպաստում է բոլոր դրական կողմերի արտահայտմանը, առաջացնում է թիմային մտածողություն, երբ բոլորը միասին են ձգտում ինչ-որ բանի հասնել։ Եվ կողքինի անհաջողության համար ցավում են բոլորը։

-Իսկ կայի՞ն այնպիսի մարդիկ, որոնց Դուք, մեղմ ասած, դրական չէիք վերաբերվում, սակայն խաղի ընթացքում փոխեցիք նրանց մասին ունեցած Ձեր կարծիքը։

-Նման բան չեմ կարող ասել։ Կային մարդիկ, որոնց ես չէի ճանաչում, բայց ճանապարհին, խաղերի ընթացքում, բնականաբար, բոլորն ավելի բացվեցին։ Ասեմ, որ իմ տպավորություններն այն մարդկանց մասին, որոնց ես հանդիպել էի բեմում, ետնաբեմում կամ լավ չէի ճանաչում, շատ-շատ դրական են։

- «Ֆորտ Բոյար»-ն իսկապե՞ս այնքան դժվար խաղ է, ինչպես որ ներկայացվում է։

-Իսկապես դժվար էր։ Խաղին մասնակցելուց հետո հասկացանք, որ, այո՛, կարևոր է մարզական լավ վիճակում լինել, բայց, մեծ հաշվով, հաղթելու համար դա չէ կարևորը։ Կարևորը ներքին տոկունությունն է, կարևորը հաղթելու ցանկությունն է և այդ երեք րոպեների ընթացքում շատ արագ և ճիշտ կողմնորոշվելու ունակությունը։

-Ձեր թիմը հաղթե՞ց, թե ոչ։

-Ինձ թվում է՝ ճիշտը չասելն է, որպեսզի ավելի հետաքրքիր լինի խաղը դիտելը։

-Ի՞նչ «կուրյոզներ» եղան։

-Կուրյոզ... Չգիտեմ՝ որքանով դա կարելի է կուրյոզ համարել՝ ինձ և Մարկ Սաղաթելյանին օձերը կծեցին։

-Թունավո՞ր։

-Մեզ ասել էին, որ բոլոր թունավոր օձերը թունազերծված են։ Երբ Մարկին կծեցին, ասվեց՝ դա նրանից էր, որ նա կանգնել էր օձի վրա։ Իմ պարագայում այդպես էլ չհասկացվեց օձերի նման վերաբերմունքի պատճառը։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը