Լրահոս

16.04.2013 12:17


Այսօր Չառլի Չապլինի ծննդյան օրն է

Այսօր Չառլի Չապլինի ծննդյան օրն է

Չառլի Չապլինը ծնվել է 1889թ. ապրիլի 16-ին Լոնդոնում` դերասանների ընտանիքում: Նրա հոր` Չարլզ Սպենսեր Չապլինի բեմական գործունեությունը ողբերգական ավարտ է ունեցել: Կորցնելով ձայնը` նա սկսել է խմել և մահացել է 1894թ: Չապլինի մայրը` Հաննա Չապլինը, ամուսնու մահից անմիջապես հետո ծանր հիվանդացել է և 1896 թվականին խելագարվել:

Չառլին առաջին անգամ բեմում ելույթ է ունեցել հինգ տարեկանում: Արդեն 9 տարեկանում նա ընդունվել է «Լանկաշիրցի ութ տղա» պարային խումբ: 14 տարեկանում Չապլինը մշտական աշխատանք է ստացել թատրոնում` կատարելով Բիլլի դերը «Շեռլոկ Հոմս» պիեսում: 16 տարեկանից Չապլինը սկսել է ջութակ նվագել` օրվա ընթացքում վարժվելով 4-16 ժամ և ուսանելով իր ծանոթներից մեկի` թատերական խմբավարի մոտ: 1912թ. բնակություն է հաստատում ԱՄՆ-ում` սկսելով նկարահանվել կարճամետրաժ ֆիլմերում:

Արդեն 1914 թվականին Չապլինն ինքնուրույն նկարահանում է իր առաջին ֆիլմը` «Անձրևի տակ մնացածը», որում նա հանդես է գալիս որպես դերասան, ռեժիսոր և սցենարի հեղինակ: Մեծ հաջողություն են ունենում Չառլի Չապլինի կողմից 1921թ. նկարահանված «Փոքրիկը», 1925թ.` «Ոսկու տենդ» 1928թ. «Կրկես» ֆիլմերը, որոնք այսօր համարվում են անգլիացի կինոգործչի լավագույն գործերը:
Չապլինի 3 ֆիլմ տեղէ գտել Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում («Ոսկու տենդը», «Նոր ժամանակներ», «Մեծ քաղաքի լույսերը»), իսկ «Մեծ քաղաքի լույսերը» ֆիլմը ընդգրկվել է «Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի» ցանկում՝ գլխավորելով ռոմանտիկ կատակերգությունների ցուցակը:

Չապլինին ճանաչում է բերել համր կինոն, ու չնայած 1927թ. կինոն արդեն ձայն ուներ, նա մի ամբողջ տասնամյակ հավատարիմ է մնացել «հին սարքավորումներին»: Առաջին անգամ ամբողջական ձայնային պատկեր ունեցել է 1940 թվականին նկարահանված Չապլինի հակաֆաշիստական «Հանճարեղ բռնապետը» ֆիլմը: Միևնույն ժամանակ այդ ֆիլմը վերջինն էր, որտեղ նա մարմնավորել է թափառաշրջիկ Չառլիի կերպարը:

Չապլինն ամուսնացած է եղել 4 անգամ և ունեցել է 11 երեխա: Նրա զավակներից ոմանք իրենց ուժերն են փորձել որպես դերասան, սակայն ամենամեծ ճանաչումն ունեցել է դերասանուհի Ջերալդինա Չապլինը:

Այս խորագրի վերջին նյութերը