Քաղաքական

15.04.2013 15:14


Նաիրա Զոհրաբյան. «Այդ մարդը մայիսի 5-ին վրեժ է լուծելու...» (տեսանյութ)

Նաիրա Զոհրաբյան. «Այդ մարդը մայիսի 5-ին վրեժ է լուծելու...» (տեսանյութ)

Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին քաղաքական ուժերի կողմից իրականացվող նախընտրական քարոզարշավն ընթանում է կոռեկտության սահմաններում: ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ակտիվորեն  քարոզարշավ է իրականացնում:

«Շատ ակտիվ քարոզարշավ այլ քաղաքական ուժերի կողմից չեմ տեսնում, կարծես թե ամենաակտիվը` քարոզչության առումով, լինենք օբյեկտիվ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որովհետև այլ քաղաքական ուժերի կողմից նկատելի չեն բակային հանդիպումներ, բացի թերևս գործող ուժի կազմակերպած հանդիպումներից, այսպես ասած, բերված, հրավիրված մարդկանցից` այսպես ձևակերպեմ, ես չեմ տեսնում այլ ակտիվ քարոզարշավ»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Վերջինս հայտնել է, որ ԲՀԿ-ն 12 քարոզչական թիմ է ձևավորել, ովքեր տարբեր հանդիպումներ են կազմակերպում ընտրողների հետ` փորձելով ներգրավել ամբողջ Երևանը: ԲՀԿ խմբակցության քարտուղարի տեղեկացմամբ` կուսակցությունը արդեն իսկ օրենքի խախտման մի քանի ահազանգ ստացել է.

«Մասնավորապես, քաղաքապետարանի կողմից հատկացված անվճար պաստառների համար, մի քանի կուսակցություններ ուղղակիորեն մեր պաստառների փոխարեն փակցրել են իրենց պաստառները, երևի թե իրենք այդպես որոշել են, թե իրենց էլեկտրագրավչությունը շատ ավելի մեծ է»: Կուսակցությունը այդ խախտումների վերաբերյալ կազմել է արձանագրություն և ուղարկել ԿԸՀ:

Պատասխանելով ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե այս օրերին ավելացել են ահազանգերն այն մասին, որ իշխող թեկնածուի քարոզարշավին մասնակցելու համար ստիպողաբար ներգրավում են նաև ուսումնական հաստատությունների աշխատակիցներին և ծնողներին, և արդյոք դա չի՞ փաստում, որ հօգուտ Տարոն Մարգարյանի վարչական ռեսուրսի կիրառում է կատարվում, Նաիրա Զոհրաբյանը ասել է.

«Նրանք, ովքեր մարդկանց ստիպողաբար բերում են իրենց քարոզարշավին, չեն հասկանում, որ այդ մարդը մայիսի 5-ին վրեժ է լուծելու իրեն ստիպողաբար հրապարակ բերած քաղաքական ուժից և քվեարկելու է այդ քաղաքական ուժի դեմ: Նրանք, ովքեր զբաղվում են այդ քաղաքական ուժի նախընտրական քարոզարշավով, ովքեր իրենց համարում են մտքի գիգանտներ, իսկ այնտեղ մարդիկ կան, որոնք կարծում են, թե իրենք այդպիսի կրեատիվ, նախաձեռնողական մտքեր ունեն, ուղղակի շատ մեծ և վատ ծառայություն են մատուցում իրենց թեկնածուին»:

Նաիրա Զոհրաբյանը համոզված է, որ եթե ընտրությունները լինեն ազատ և արդար, ապա հաղթանակը միանգամայն կլինի ԲՀԿ-ինը: 

Այս խորագրի վերջին նյութերը