Լրահոս

15.04.2013 13:12


Կայացավ ԻՏՁՄ 13-րդ համագումարը

Կայացավ ԻՏՁՄ 13-րդ համագումարը

Ապրիլի 13-ին կայացավ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) 13-րդ տարեկան համագումարը: Բացի միության անդամ կազմակերպություններից, համագումարին մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Տրանսպորտի և կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Տեղեկատվական և hեռահաղորդակցման (ՏՀՏ) ոլորտի այլ ընկերությունների ղեկավարներ և հյուրեր: 

Համագումարի ընթացքում ներկայացվեցին ԻՏՁՄ 2012 թվականի հաշվետու և գործառնական զեկույցները, 2013թ. իրականացվելիք հիմնական ծրագրերը և նախագծերը, որոնցից են ԴիջիԹեք Բիզնես ֆորումը, ԴիջիԹեք ցուցահանդեսը, ԱրմՌոբոտիքսը, Համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնությունը, ՏՀՏ լիդերների հանդիպում ֆորումը: Այս տարվա համար նախատեսված նոր միջոցառումներից և ծրագրերից են Բիզնես ինովացիոն ֆորումը, Հայաստանի առաջնորդների Ակումբը` «E'Club», երիտասարդ  տեխնոլոգիական ձեռներեցների ամառային ճամբարը, ԴիջիՆյուզ էլեկտրոնային պարբերականը, Co –Working` անհատ ծրագրավորողների աշխատանքային միջավայրը, Տեխնոլոգիական սփյուռքի շտեմարանը:

Կայացավ նաև ԻՏՁՄ վարչության անդամների ընտրություն: Վարչության կազմում ընդգրկվեցին «Սինոփսիս Արմենիա», «Յունիքոմփ», «Օրանժ Արմենիա», «Ինսթիգեյթ», «Սի ԷյջԷս Վերիսել Սերվիս», «Մայքրոսոֆթ», «Նեյշնլ Ինսթրումենթս»,  «ՋիԷնՍի–Ալֆա», «ԱրմենՏել» ընկերությունները և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը։ «Վեբ» ընկերությունը ստանձնեց ԻՏՁՄ վերահսկիչի պարտականությունները:  

Ներկայումս Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը միավորում է ոլորտի 61 կազմակերպությունների, որոնք Հայաստանում գործող տեղական և միջազգային կազմակերպություններ են, ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների և էլեկտրոնային առևտրի, հետազոտման և զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի և այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրավում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում: Միության անդամների շարքում են «ԱրմենՏել», «Օրանժ Արմենիա», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Սինոփսիս Արմենիա», «Մայքրոսոֆթ»,  «Ինսթիգեյթ», «Դ-Լինկ» և այլ կազմակերպություններ:

Հիշեցնենք նաև,  որ  Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով:

Այս խորագրի վերջին նյութերը