Քաղաքական

13.04.2013 14:49


Լևոն Տեր–Պետրոսյան. «Անհրաժեշտ է բուրժուադեմոկրատական հեղափոխություն» (տեսանյութ)

Լևոն Տեր–Պետրոսյան. «Անհրաժեշտ է բուրժուադեմոկրատական հեղափոխություն» (տեսանյութ)

Այսօր կայացած «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարի ավարտին ելույթ է ունեցել նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։ Նա հենց սկզբում ընդգծել է, որ ճառ չի ասելու, հռետորաբանությամբ չի զբաղվելու, ներկաներին չի քարոզելու կամ համոզելու, այլ պարզապես ուզում է նրանց հետ զրուցել։

Խոսելով 2013թ. փետրվարի 18–ի նախագահական ընտրությունների հետընտրական զարգացումների և մասնավորապես «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին՝ Լևոն Տեր–Պետրոսյանը հիշեցրել է, որ իրենք միակ քաղաքական ուժն են, որ հստակ հայտարարել է՝ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

Սա մեծագույն աջակցություն էր, առավելևս, որ մեր հարաբերությունները «Ժառանգության» հետ փայլուն չէին: Բայց մեզ էլի ասում են՝ ինչու չեք միանում նրան կամ նույնիսկ դեմագոգիկ բառ են օգտագործում՝ ինչու չեք միանում ժողովրդին։ Ասեմ, որ այս օրերին Ազատության հրապարակում հանրահավաքների մասնակիցների կեսը ՀԱԿ–ի ակտիվիստներն ու համակիրներն են,–նշել է Լ. Տեր Պետրոսյանը։

Ինչ վերաբերում է հնչեցվող հարցին, թե ինչո՞ւ ՀԱԿ–ի ղեկավարությո՛ւնը չի միանում Րաֆֆի Հովհաննիսյանին՝ Տեր–Պետրոսյանը պատասխանել է Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտությամբ.

–Միանայինք, որ ի՞նչ անեինք։ Միանայինք, որ Վովայի հետ աղոթեինք։ Կներեք, բայց Վովայի հետ աղոթելը իմ մանկության երազանքը չի եղել։

Տեր–Պետրոսյանի այս խոսքերից հետո համագումարին ներկա մարդիկ բավականին երկար ժամանակ ծիծաղել են և ծափահարություններով ընդունել դրանք։ Այնուհետև, Տեր–Պետրոսյանն ավելացրել է.

–Իսկ եթե ավելի լուրջ, ապա թող բոլորը հասկանան՝ մենք քաղաքական ուժ ենք, և մենք միանում ենք բացարձակապես քաղաքական պրոցեսներին։ Կլինի՛ քաղաքական պրոցես, մենք մշտապես այնտեղ ենք, չի լինի, մենք այնտեղ չկա՛նք։ Փոխարենը, այս օրերին մենք ամեն ինչ տեսանք, բացի քաղաքական պրոցեսից։ Ամեն ի՛նչ։ Մենք հիմա էլ ենք պատրաստ միանալ, եթե քաղաքական պրոցես տեսնենք։

Տեր-Պետրոսյանը հայտարարել է նաև, որ լավագույն հեղափոխությունը Հայաստանում բուրժուադեմոկրատական հեղափոխությունը կլիներ, և մինչև խոշոր բուրժուազիան չազատվի կապանքներից, Հայաստանը չի բարգավաճի, փոքր ու միջին բիզնեսն էլ չի ծաղկի.

–Մենք հենց դա էինք ուզում անել, բայց ոմանք կողմից ընդունեց սվիններով։

Իր խոսքը Լևոն Տեր–Պետրոսյանը եզարափակել է այն պնդմամբ, որ ստեղծված իրավիճակում նախագահ դառնալու ճանապարհը Երևանի ավագանու ընտրություններում հաղթանակ տանելն է։

Տեղեկացնենք, որ նորաստեղծ ՀԱԿ կուսակցության նախագահ ընտրվեց Լևոն Տեր–Պետրոսյանը։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը