Լրահոս

13.04.2013 14:47


Ամբաստանյալ. «Հարսնաքար»-ի ավտոկայանատեղիում վեճը վայրկյաններ է տևել

Ամբաստանյալ. «Հարսնաքար»-ի ավտոկայանատեղիում վեճը վայրկյաններ է տևել

2012թ. հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում համալիրի աշխատակիցների ու հաճախորդների միջև ընդհարումը տևել է ընդամենը 30-40 վայրկյան, տուժողները՝ հայտարարելով, որ իրենց 15 րոպե ծեծել են, «կինո էին պատմում»: Այս մասին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում բռնարարքի գործով այսօրվա նիստում իր ցուցմունքներում հայտարարեց ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը:

Ըստ ամբաստանյալի՝ ինքը շատ խիստ բարկացել է մատուցող Դավիթ Ադամյանի վրա տուժող Վահե Ավետյանին ապտակելու համար, ինքը տեղյակ չի եղել, թե այդ միջադեպն ինչ պատճառով է առաջացել, սակայն փորձել է հանդարտեցնել, հորդորելով բոլորին հարաբերություններ չպարզել հետաքրքրասեր հաճախորդների ներկայությամբ և հավաստիացրել, որ մատուցողը կպատժվի, եթե պարզվի, որ նա մեղավոր է:

Ըստ Նորայր Հայրապետյանի ցուցմունքի՝ տուժողները «շատ ագրեսիվ էին, գինովցած», մասնավորապես, տուժող Արտակ Բայադյանը «աջ ու ձախ բոլորին հայհոյում էր»: Տուժող Գարիկ Սողոմոնյանը բոլորից նորմալ էր պահվածքով ու բնավորությամբ, իր՝ Ն.Հայրապետյանի հետ զրույցը մատուցողի ու կռվի թեմայից սահուն անցում կատարեց միմյանց հետ ծանոթանալու խոսակցության: Ըստ ամբաստանյալի՝ ավտոկայանատեղի հասնելուց հետո ականատես են եղել վիճաբանության, ինքը տուժող Գարիկ Սողոմոնյանին հարվածել է այն բանից հետո, երբ վերջինս իրեն հայհոյել է:  

Ամբաստանյալը հայտարարեց նաև, որ ամբաստանյալներ Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին ու Գարիկ Մարգարյանին ավտոկայանատեղիում չի տեսել:

Ամբաստանյալ Արման Բաղդասարյանն իր ցուցմունքում հայտարարեց, որ տուժողները կամ ընդհանրապես իրեն չեն տեսել կամ տեսել են վեճից հետո:

«Փաստինֆո»

Այս խորագրի վերջին նյութերը