Լրահոս

02.07.2009 11:19


Ընդհարում հայերի և ուկրաինացիների միջև

Դնեպրոպետրովսկի Մարգանեց քաղաքում հայերի և ուկրաինացիների միջև ազգամիջյան ընդհարում է տեղի ունեցել։

Ուկրաինայի «Ինտեր» հեռուստաալիքի տվյալներով՝ քաղաքի սրճարաններից մեկում իրենց հանգստն են կազմակերպել երկու ընկերախումբ։ Դրանցից մեկում գտնվել է պարեկային ծառայության սերժանտ Սերգեյ Բոնդարենկոն։ Ըստ ականատեսների՝ բախման առիթը թնդանոթն է եղել։ Երկու խմբերը գրազ են եկել, թե ով կարող է ավելի շատ բարձրացնել այդ զենքը։

«Ամեն ինչ սկսվել է զրույցից, թե ով ավելի կբարձրացնի թնդանոթը։ Վիրավորել են ուկրաինացերին, և սկսվել է ահավոր ծեծկռտուք։ Մեր տղաները մերկ ձեռքերով էին, իսկ նրանց մոտ, չգիտես որտեղից, դանակներ հայտնվեցին, օղու կոտրված շշեր»,-պատմել է ականատեսը։

Դրանից հետո ծեծկռտուք է սկսվել։ Բոնդարենկոն սրտին հասցված դանակի հարվածից տեղում մահացել է։ Նրա ընկերներից երկուսը վիրավորված են և գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Ինչպես հաղորդել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության Դնեպրոպետրովսկի մարզի ղեկավար Անատոլի Նաումենկոն, հայկական ծագում ունեցող ուկրաինաբնակ կասկածյալը ձերբակալված է։ Նա գտնվում է Դնեպրոպետրովսկի մեկուսարանում։

Առիթից օգտվելով՝ ուկրաինական ծայրահեղ ազգայնական կազմակերպությունները հակահայկական տրամադրություններ են տարածում։

Այս խորագրի վերջին նյութերը