Լրահոս

12.04.2013 18:38


Սերժ Սարգսյանն ընդունել է Մայա Փանջիկիձեին

Սերժ Սարգսյանն ընդունել է Մայա Փանջիկիձեին

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 12-ին ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեին։ Այս մասին հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է, որ անցած քսան տարիների ընթացքում հարևան Վրաստանի հետ ձևավորված բարձր մակարդակի հարաբերությունները համապատասխանում են երկու բարեկամ ժողովուրդների պատմական հարաբերություններին:

Հանդիպմանը Մայա Փանջիկիձեին և Էդվարդ Նալբանդյանը Սերժ Սարգսյանին ներկայացրել են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաև հայ-վրացական պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին՝ Վրաստանում գտնվող հայկական հուշակոթողների հանդեպ ցուցաբերած ուշադրության, դրանց վերականգնմանն աջակցելու պատրաստակամության համար:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև մշակույթի, կրթության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության խորացման, տնտեսական կապերի ամրապնդման և այդ ոլորտներում առկա մեծ ներուժը լիարժեքորեն օգտագործելու հնարավորությունները:

Վրաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելու առիթով Սերժ Սարգսյանին ևս մեկ անգամ փոխանցել իր երկրի ղեկավարության շնորհավորանքն ու բարեմաղթանքները:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների, ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցության վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը