Հարցազրույց

01.07.2009 23:34


Աննա Հակոբյան.

Աննա Հակոբյան.

Հարցազրույց «Հայկական Ժամանակ» օրաթերթի տնօրեն, ՀԺ գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։

-Ինչո՞վ էր պայմանավորված Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ հանձնվել իրավապահ մարմիններին, և ինչո՞ւ՝ հենց այս պահին։

-Նիկոլի այն հայտարարությունից հետո, որտեղ նա ասաց, թե ներկայանալու է իրավապահ մարմիններին, սպառիչ կերպով տրվել է այդ հարցի պատասխանը։ Այսինքն, նա գտել է, որ սպառել է ընդհատակյա գործունեության բոլոր հնարավորությունները, ընդհատակում գտնվելով՝ արել է հնարավորը, և իր գործունեությունն ու քաղաքական պայքարը շարունակելու համար այս պահին ավելի նախընտրելի է եղել հայտվել ճաղերի հետևում։

-Դուք նախապես տեղյակ եղե՞լ եք Ձեր ամուսնու՝ իրավապահ մարմիններին ներկայանալու որոշման մասին և ինչպե՞ս ընդունեցիք այդ լուրը։

-Կարծում եմ, որ դա խիստ անձնական ոլորտից է, և պարտադիր չէ, որ ես այդ հարցին պատասխանեմ։

-Ես այլ կերպ կփորձեմ այն ձևակերպել։ Ամենացանկալի տարբերակն այն է, որ բոլոր քաղբանտարկյալները, այդ թվում և Նիկոլ Փաշինյանը, լինեն ազատության մեջ։ Դուք՝ որպես կին, ինչպե՞ս ընդունեցիք Ձեր ամուսնու հանձնվելու որոշումը ։

-Չգիտեմ, թե դա ինչպես կընկալվի, սակայն ես այդ լուրը բացասաբար չընդունեցի։ Մի կողմ դնենք, որ ես Նիկոլ Փաշինյանի կինն եմ։ Ես գիտեմ, թե իմ ամուսինն ինչ գործով է զբաղված, միշտ իմացել եմ նրա գործունեության, նպատակների մասին։ Եվ տվյալ դեպքում գործն այդ այնքան կարևոր է մեզ համար, մեր ընտանիքի համար, որ այս պահին պարզապես նման հարց գոյություն չունի։ Առաջնահերթն այն գործն է, որը մենք անում ենք, որն իմ ամուսինն է անում։ Եթե նա պետք է լինի բանտում, ուրեմն թող այդպես լինի։ Դա ընդհանրապես քննարկման թեմա չէ։

-Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում անազատության մեջ նրա քաղաքական պայքարը։

-Որքան որ ես եմ հասկանում՝ շատ ավելի դժվար է ընդհատակյա գործունեությունը, քան անազատության մեջ գտվելով՝ պայքարելը, որովհետև անազատության մեջ կան շփումներ, հաղորդակցվելու հնարավորություններ։ Այսինքն, եթե նա այս գործն արեց՝ գտնվելով ընդհատակում, իր պատկերացումներով՝ անազատության մեջ այն շարունակելն ավելի հեշտ կլինի։

-Այսօր ինչպիսի՞ն էր նրա տրամադրությունը։

-Այսօր ես հնարավորություն չունեցա նրան տեսնելու, բայց գիտեմ, որ տրամադրությունը լավ էր։ Ես նրան տեսա միայն ոստիկանության շենքից դուրս գալու պահին, և կարող եմ ասել, որ շատ լավ էր նրա տրամադրությունը։

-Նիկոլ Փաշինյանի ընդհատակում լինելը, նրա երկար բացակայությունը ինչ-որ ձևով անդրադարձա՞վ «Հայկական ժամանակի» վրա։

-Կարծում եմ, որ դա ավելի շատ պետք է գնահատեն մեր ընթերցողները։ Իմ կարծիքով, իհարկե, անդրադարձած կլինի, չէր կարող չանդրադառնալ։ Բայց մենք աշխատել ենք պահել օրաթերթի գիծը, բավարարել մեր ընթերցողների պահանջները, և ամեն կերպ աշխատել ենք անել հնարավորը, որ Նիկոլի բացակայությունը չնկատվի։

-Այնպես ստացվեց, որ լրագրող Նիկոլ Փաշինյանն աստիճանաբար վերածվեց քաղաքական գործչի։ Ինչպե՞ս եք գնահատում դա և, ընդհանրապես, Հայաստանի ներկայիս ներքաղաքական իրավիճակը։

-Այն, որ Նիկոլ Փաշինյանը վերածվեց քաղաքական գործչի, շարունակական և երկարատև գործընթաց էր։ Դա մեկ օրում կամ վերջին մեկ տարում չեղավ։ Գոնե ինձ համար դա վաղուց ամրագրված փաստ է, որը գնահատականի կարիք չունի։ Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, ապա այն պարտադրում է շարունակել մեր պայքարը՝  հաստատելու  երկրում սահմանադրական կարգեր, օրինականություն։ Միևնույն է, հաղթանակը լինելու է մերը։

-Հայ ազգային կոնգրեսի մի շարք ներկայացուցիչներ պնդում են, որ պետք է գնալ հեղափոխական ճանապարհով, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ սահմանադրականով։ Այս հարցում ինչպիսի՞ն են Ձեր և Նիկոլ Փաշինյանի տեսակետները։

-Ես չեմ կարող Նիկոլ Փաշինյանի փոխարեն այդ հարցին պատասխանել։ Նա այդ մասին ամեն օր գրում է։ Ինչ վերաբերում է իմ տեսակետին, ապա ես ուղղակի վստահ եմ, որ ամեն դեպքում հաղթանակը լինելու է։ Եվ այս դեպքում էական չէ, թե որ ճանապարհով է այն լինելու։ Կարևորը արդյունքն է։

-Այսինքն, քաղաքական պայքարի ճանապարհը սկզբունքային նշանակություն չունի՞։

-Եթե որևէ ճանապարհով հաղթանակը ավելի արագ է լինելու, իսկ մյուսով՝ ավելի ուշ, ապա, իմ կարծիքով, երկար ճանապարհն ավելի նախընտրելի է։ Եթե ցանկացած նպատակի հասնելու գործում մարդը ճանապարհների ընտրություն ունի, ապա դժվար ճանապարհը հանգեցնելու է ճիշտ և կայուն հանգրվանի։ Իսկ կարճ ճանապարհները միշտ խաբուսիկ են լինում, և չգիտես, թե ինչի կարող են դրանք բերել։ Այս առումով ես ուրախ եմ, որ մեր պայքարը, շարժումը անցնում է այս երկար ճանապարհով։ Դա մեր հաղթանակի և մեր պետության ապագայի երաշխիքն եմ համարում։

-Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել է, որ արտահերթ ընտրություններ լինելու են։ Ըստ Ձեզ, դրա հավանականությունն ինչպիսի՞ն է։

-Չի կարելի բացառել արտահերթ ընտրությունների հավանականությունը։ Ժամանակը ցույց կտա՝ դրանք արտահերթ են լինելու, թե՞ հերթական։ Սակայն այս գործընթացի հանգուցալուծումն անխուսափելի է։

-Հարցս միգուցե ոչ կոռեկտ թվա, և Դուք կարող եք դրան չպատասխանել։ Դուք տեղյա՞կ էիք, թե ամբողջ այս ժամանակահատվածում որտեղ էր Նիկոլ Փաշինյանը։

-Ես, իսկապես, չեմ կարող այդ հարցին պատասխանել։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը  

 

Այս խորագրի վերջին նյութերը