Քաղաքական

11.04.2013 15:10


Վլադիմիր Պուտինը Սիբիրում է. ՌԴ նախագահի մամուլի ծառայության արձագանքը Րաֆֆի Հովհաննիսյանի այցի վերաբերյալ

Վլադիմիր Պուտինը Սիբիրում է. ՌԴ նախագահի մամուլի ծառայության արձագանքը Րաֆֆի Հովհաննիսյանի այցի վերաբերյալ

Այսօր շատերի համար անակնկալ կերպով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կնոջ և որդու հետ մեկնել է Մոսկվա։ Նրա կողմնակիցները սկզբից հրաժարվում էին մեկնաբանություններ տալ, թե ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանը գնացել այնտեղ, «Ժառանգության» մամուլի խոսնակն էլ նշել էր միայն, թե այցը մեկօրյա է և մասնավոր։

Քիչ ավել ուշ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը «Aravot.am-ին» ասել էր, թե Մոսկվա մեկնելը եղել է ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ, այլ հենց պաշտոնական Մոսկվայի հրավերով:

Այս տեղեկությունը ճշտելու համար «7օր»–ը կապ է հաստատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի ծառայության հետ։ Այնտեղից դժվարացել են մեզ պատասխանել՝ ՌԴ նախագահի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպում նախատեսվա՞ծ է։

–Մենք մեկնաբանություններ չենք կարող տալ, քանի որ մեր մամուլի խոսնակը գործուղման մեջ է և մոտակա ժամերին՝ հավանաբար առաջիկա 2 ժամվա ընթացքում, հաստատ չի կարող ձեզ հետ խոսել։ Կարող ենք ասել միայն, որ այսօր պետխորհրդի նիստ է նախատեսված  Ուլան–Ուդեում, և ավանդաբար այն վարում է նախագահը,–մեզ հետ զրույցում ասել են Վ. Պուտինի մամուլի ծառայությունից։

ՌԴ ԱԳՆ–ից խոստացել են մեր հարցին պատասխանել գրավոր։ «7օր»–ը նույն տեղեկատվության պարզաբանման խնդրանքով գրավոր հարցում է ուղարկել նաև ՌԴ կառավարություն։ Լրացուցիչ տեղեկությունների մասին կհաղորդենք ավելի ուշ։

Նշենք նաև, որ ՌԴ նախագահի պաշտոնական կայքում (kremlin.ru) Րաֆֆի Հովհաննիսյանի հետ նախատեսվելիք հանդիպման մասին որևէ գրառում չկա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը