Լրահոս

10.04.2013 15:47


Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ապրիլի 10-ին ընդունեց Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատարություններով դեսպան Մարիա Պլիեգոյին եւ ՀՀ-ում Իսպանիայի պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանին:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արտակ Զաքարյանը կարեւոր համարեց Իսպանիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացումն ու խորացումը: ԱԺ հանձնաժողովի նախագահը նշեց, որ չնայած հայ խորհրդարանականներն ակտիվորեն համագործակցում են Եվրոպայի խորհրդի իսպանացի պատգամավորների հետ, սակայն դեռեւս թույլ են կապերը Իսպանիայի խորհրդարանի հետ: Արտակ Զաքարյանն անհրաժեշտ համարեց նաեւ Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ակտիվ համագործակցության արդյունքում զարգացնել եւ ամրապնդել միջխորհրդարանական հարաբերությունները:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը ներկայացրեց ՀՀ առաջնահերթությունները, անդրադարձավ տարածաշրջանային հիմնախնդիրներին, ՀՀ ներքաղաքական իրավիճակին եւ ժողովրդավարության ամրապնդման գործընթացին: Ըստ նրա՝ կարեւոր է, որ Իսպանիայի խորհրդարանականները զերծ մնան Ադրբեջանի հակահայկական քարոզչական ազդեցությունից: Նշվեց, որ այս օրերին Իսպանիայում են գտնվում հայ պատգամավորները. նրանք մասնակցելու են խորհրդարանում կազմակերպվելիք քննարկումներին, ինչի համար Արտակ Զաքարյանը երախտագիտություն հայտնեց իսպանական կողմի աջակցության համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Հարավային Կովկասի հարցերով դեսպանը տեղեկացրեց, որ Հայաստան է ժամանել ՀՀ նորընտիր նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով: Մարիա Պլիեգոն նշեց, որ Իսպանիան հետաքրքրված է Հարավային Կովկասի երկրներով, մասնավորապես՝ Հայաստանով եւ ցանկանում է խորացնել այդ երկրների հետ իր հարաբերությունները:

Երկկողմ կապերերի ամրապնդման գործում կողմերը կարեւորեցին փոխադարձ այցելություններն ու շփումները:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությանը եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Ողջունելով խաղաղ ճանապարհով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով հակամարտությունը կարգավորելու հայկական կողմի դիրքրոշումը՝ Իսպանիայի ներկայացուցիչը նկատեց, որ այն դրական ազդեցություն կունենա նաեւ տարածաշրջանի վրա:

Հյուրի խնդրանքով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը ներկայացրեց խորհրդարանի եւ մասնավորապես՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի գործառույթները, անդրադարձավ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում հայ պատգամավորների աշխատանքին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Իսպանիայի տնտեսական ճգնաժամին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Արտակ Զաքարյանը շնորհակալություն հայտնեց Մարիա Պլիեգոյին Հայաստան այցելելու եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնի ստանձնման նպատակով հրավիրված Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցելու համար: 

Այս խորագրի վերջին նյութերը