Լրահոս

09.04.2013 20:32


ՄԱԿ-ը և իր հայաստանյան գործընկերները նշում են մինչև 2015 թ.՝ Հազարամյակի զարգացման նպատակների վերջնաժամկետը մնացած 1000 օրվա մեկնարկը

ՄԱԿ-ը և իր հայաստանյան գործընկերները նշում են մինչև 2015 թ.՝ Հազարամյակի զարգացման նպատակների վերջնաժամկետը մնացած 1000 օրվա մեկնարկը

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և իր գործընկերները նշեցին մինչև 2015 թ.՝ Հազարմայակի զարգացման նպատակների (ՀԶՆ) իրագործման համար սահմանված վերջնաժամկետը մնացած 1000 օրվա մեկնարկը: Սկսած ապրիլի 5-ից ՄԱԿ-ն ամբողջ աշխարհի իր գործընկերների հետ կձգտի խթանել գործողությունները՝ մինչև 2015 թ. վերջնաժամկետն ավելի մեծ արդյունքներ արձանագրելու նպատակով:

Սահմանված լինելով 2000 թվականին՝ ՀԶՆ-ները հսկայական դրական փոփոխություններ են արձանագրել՝ նպաստելով համաշխարհային և ազգային առաջնահերթությունների սահմանմանը և զարկ տալով տեղերում գործողությունների իրականացմանը: Ութ՝ հստակ ժամկետով սահմանափակված ՀԶՆ-ներն ուղղված են աղքատության և սովի, կրթության, գենդերային հավասարության, մանկական մահացության, մայրական առողջության, ՁԻԱՀ-ի, մալարիայի և այլ հիվանդությունների դեմ պայքարի, շրջակա միջավայրի կայունության և հանուն զարգացման համաշխարհային գործընկերության ոլորտներում առկա խնդիրների հաղթահարմանը: 

 

Ըստ ՄԱԿ-ի ցուցանիշների՝ 2000 թվականին ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների կողմից ՀԶՆ-ների ընդունումից ի վեր ծայրահեղ աղքատության համաշխարհային մակարդակը կրճատվել է երկու անգամ, եւ եւս երկու միլիարդ մարդու համար հասանելի է դարձել խմելու մաքուր ջուրը:       

Ի լրումն, կրճատվել է մայրական և մանկական մահացության մակարդակը: Աշխարհը շարունակում է պայքարել մահացու հիվանդությունների դեմ, ինչպիսիք են մալարիան, տուբերկուլոզը և ՁԻԱՀ-ը: Բացի այդ, ռեկորդային թվով երեխաներ են հաճախում տարրական դպրոցներ, ընդ որում՝ առաջին անգամ աղջիկների և տղաների քանակը հավասար է:

Հայաստանը, ՄԱԿ-ի անդամ այլ երկրների հետ, 2000 թվականին սահմանեց այս 8 կոնկրետ նպատակները, և երկիրն ընդունեց ՀԶՆ-ներն ու դրանք ներառեց ազգային գերակայությունների շարքում:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն ողջունեց Հայաստանի իշխանություններին և լայն հանրությանը ՀԶՆ-ների իրականացման ուղղությամբ արձանագրված առաջընթացի կապակցությամբ և ասաց. «Նպատակներն օգնեցին սահմանել համաշխարհային և ազգային առաջնահերթությունները, մոբիլիզացնել գործողությունները և հասնել նշանակալի արդյունքների: Մենք շատ բանի ենք հասել համագործակցության ավելի քան 20 տարիների ընթացքում: Հպարտ եմ, որ Հայաստանում արձանագրվել է մայրական մահացության մակարդակի ավելի քան զգալի անկում. եթե 2000 թվականին յուրաքանչյուր 100,000 առողջ ծնունդի դիմաց գրանցվում էր մահվան ելքով 71 դեպք, ապա 2010 թվականին՝ 6-ը: Սա 5-րդ ՀԶՆ-ի՝ «Մայրական առողջության բարելավման»իրականացման լուրջ հայտ է: Այդուհանդերձ, այս ՀԶՆ-ի լիակատար իրականացման համար մենք դեռևս քայլեր պետք է կատարենք Հայաստանի կանանց համար վերարտադրողական առողջապահական ծառայությունների համընդհանուր հասանելիության ապահովման ուղղությամբ»:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Հայաստանը կարողացել է պահպանել հիմնական կրթության համակարգում երեխաների ներգրավվածության բարձր ցուցանշները: Այդուհանդերձ, երեխաների որոշ խմբեր դեռևս շարունակում են դուրս մնալ կրթության համակարգից: Հաշմանդամություն ունեցող, ինչպես նաեւ բնակչության խոցելի խմբերի երեխաների համար դեռեւս ամբողջովին հասանելի չէ կրթությունը, և հարկ է լրացուցիչ ջանքեր գործադրել ապահովելու, որ երկիրը հասնի 2-րդ ՀԶն-ի՝ «Տարրական համընդհանուր կրթության» ներքո իր ազգային թիրախներին:

Շոշափելի առաջընթաց է արձանագրվել Հայաստանում մանկական մահացության մակարդակի նվազեցման ուղղությամբ: Մասնավորապես, 1990-ականներից ի վեր հինգ տարեկանից ցածր տարիքի երեխաների շրջանում մահացության ցուցանիշը նվազել է՝ ամեն 1000 կենդանի ծնունդի դիմաց 24 մահվան դեպքից 2011 թվականին կազմելով 13.7, իսկ նույն ժամանակահատվածում մեկ տարեկանից ցածր երեխաների դեպքում մահացության մակարդակը 18.5-ից նվազել է մինչև 11.3: Այդուհանդերձ, նկատի ունենալով մանկական մահացության ասպարեզում ներկա միտումները՝ Հայաստանի համար դժվար կլինի մինչև 2015 թ. հասնել այս ասպարեզում իր տեղայնացված թիրախներին, այն է՝ հինգ տարեկանից ցածր երեխաների դեպքում` 10 տոկոսից ցածր  և մեկ տարեկանից ցածր երեխաների դեպքում` 8 տոկոսից ցածր մահացության մակարդակ:   

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունն ասել է. «1000 օր է մնացել ՀԶՆ-ների ուղղությամբ աշխատանքների ավարտին, որից հետո հիմք կլինի զարգացման նոր օրակարգի ձևավորման: Մենք պետք է էլ ավելի խթանենք գործողությունները և ընդլայնենք հաջողության ծավալները` երկրներիկառավարությունների, միջազգային համայնքի, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ակտիվ ներդրումներով: Մենք պետք է կրճատենք անհավասարությունները և առաջընթաց արձանագրենք բազմաթիվ ճակատներում, ինչպիսիք են պարենային ապահովության, մայրական առողջության, ջրամատակարարման և ջրահեռացման, գյուղական զարգացման, շրջակա միջավայրի կայունության բարելավումը և կլիմայի փոփոխությունները»:

 

«Հազարամյակի զարգացման նպատակները ցույց տվեցին, որ համաշխարհային զարգացման կենտրոնացված նպատակները կարող են հիմնարար փոփոխություններ անել: Դրանք կարող են մոբիլիզացնել, միավորել և ոգեշնչել: Դրանք կարող են զարկ տալ նորարարությանը և փոխել աշխարհը: Հաջորդ հազար օրերի հաջողությունը ոչ միայն կբարելավի միլիոնավոր մարդկանց կյանքը, այլև խթան կհանդիսանա, մինչ մենք ծրագրեր ենք կազմում 2015-ից հետո իրականացվելիք գործողությունների և կայուն զարգացման մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ»:

Այս խորագրի վերջին նյութերը