Լրահոս

09.04.2013 11:06


Կարգապահական տույժ` ինսուլին չտրամադրելու համար

Կարգապահական տույժ` ինսուլին չտրամադրելու համար

Ապրիլի 4-ին ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Գյումրու Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոնը Աննա Գաբոյանին ինսուլին չի տրամադրել։ Խնդիրն անմիջապես ներկայացվել է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանը։ 

Մարզպետարանի կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ կենտրոնն ապահովված է եղել ինսուլինով և հակադիաբեդիկ դեղամիջոցներով։ Հարցը քննարկվել է հիվանդի, նրա ընտանեկան բժիշկ Սարգիս Կարապետյանի, ընտանեկան բուժքույր Արմենուհի Հարոյանի և  Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանի մասնակցությամբ։ Պարզվել է, որ ի պատասխան հիվանդի այն հարցին, թե երբ կարող է ինսուլին ստանալ` բուժքույր Արմենուհի Հարոյանը հեռախոսով հայտնել է, որ իրենց կենտրոնն ինսուլին չունի։ Հիվանդը ստիպված Երևանում բնակվող մորեղբորից գումար է խնդրել դեղը գնելու համար։ Հենց նա էլ ահազանգել է ՀՀ առողջապահության նախարարություն։  

Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից հաղորդում են, որ հիվանդ Աննա Գաբոյանի նկատմամբ ցուցաբերած անբարեխիղճ և բուժաշխատողին անվայել պահվածքի, ինչպես նաև դեղորայքի հետ կապված թյուր տեղեկատվություն տրամադրելու համար բուժքույր Արմենուհի Հարոյանը ենթարկվել է կարգապահական տույժի։ Նրան հայտարարվել է խիստ նկատողություն, իսկ կրկնվելու դեպքում կքննարկվի աշխատանքից հեռացման հարցը։    

«Դեպքը խոսում է այն մասին, որ Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոնում գոյություն չունի ներքին կանոնակարգ։ Շաքարային դիաբետով հիվանդների դեղորայքի բաշխման հսկողությունն իրականացվում է բժիշկ ներզատաբանի կողմից և նա իրավունք ունի նման տեղեկատվություն տրամադրելու»,-գրում են Շիրակի մարզպետարանից։

Վերջին շրջանում մամուլում ահազանգեր են հնչում նաև այլ քաղաքների պոլիկլինիկաներում ինսուլինի կամ հակադիաբետիկ դեղամիջոցների  բաշխման գործում նկատվող բացասական երևույթների մասին։ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են շաքարային դիաբետով հիվանդներին անհրաժեշտ ինսուլինով և դեղահաբերով։ Ավելին, եթե նախորդ տարիներին հիվանդները դեղահաբերով ապահովվել են պահանջարկի 30 տոկոսի չափով, ապա այս տարի աշխատանքներ են տարվում այն 100 տոկոսի հասցնելու ուղղությամբ։ Նախարարությունը միաժամանակ շրջաբերական նամակ է ուղարկել բոլոր բուժհաստատություններին` պահանջելով շաքարային դիաբետով հիվանդներին ապահովել առկա դեղերի անխափան բաշխումը։ 

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը