Լրահոս

08.04.2013 11:46


10 և 15 տարեկան տղաները նռնակի չպայթած մասերի հետ խաղալու պատճառով զոհվել են. ո՞վ է պատասխանատուն

10 և 15 տարեկան տղաները նռնակի չպայթած մասերի հետ խաղալու պատճառով զոհվել են. ո՞վ է պատասխանատուն

Ապրիլի 7–ի կեսօրին Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղից արեւելք գտնվող «Կամխուտ» հրաձգարան-պոլիգոնի տարածքում, ոչխարի հոտն արածեցնելիս գտած նռնակի չպայթած մասերի հետ խաղալու պատճառով, զոհվել են Վահրամաբերդ գյուղի բնակիչ երեխաներ` Արթուր Էդվարդի Մկրտչյանը (10 տարեկան) եւ Մուշեղ Արարատի Գեւորգյանը (15 տարեկան):

Երեխաները Արթուրի հոր` Էդվարդի հետ ոչխարներին են արածեցնելիս եղել Վահրամաբերդից արեւելք` Մարմաշեն գյուղից հյուսիս գտնվող զինվորական հրաձգարանում, որը ի թիվս այլ ռազմական օբյեկտների, անհատույց վարձակալման է տրամադրված Ռուսաստանի Դաշնությանը, եւ որտեղ դեռ խորհրդային ժամանակներից զրահատանկային եւ այլ տիպի հրաձգային վարժանքների տարածք է: Օրական 2500 դրամով հովվություն անող, ծանր սոցիալական դրությամբ ապրող, 8 երեխաների հայր Էդվարդ Մկրտչյանը իր որդու եւ հարեւանի որդու հետ հոտը տարել է արածացնելու հրաձգարանի մոտակա տարածքները եւ որեւէ սահմանազատող պարսպի կամ պատնեշի բացակայության հետեւանքով մուտք գործել հրաձգարանի դաշտային եւ նախալեռնային տարածք: Երեխաները մի պահ ջրի համար մոտ 100 մետր հեռացել է հովվից եւ հոտից, գտնելով ամենուր ցաքուցիր զանազան տեսակների արկերի եւ նռնակների մնացորդներն ու կտորները, ամենայն հավանականությամբ փորձել են դրանցից ալյումինը զատել եւ հավաքել պարկի մեջ` հանձնելու համար կամ խաղացել են, սկսել են հարվածել ժայռաբեկորին: Պայթյունը պոկել էր նրանցից մեկի ոտքն ու ձեռքը, իսկ մյուսի մարմինը կիսով չափ մասնատել: Երեխաների հագուստն ու կոշիկները շաղ էր եկել մոտ 15 մետր շառավղով:

Ժամը 16-ին մոտ երեխաների մարմինների մնացորդները շտապ օգնության մեքենաներով հեռացվեցին տարածքից: Մինչ այդ այստեղ աշխատել էին ոստիկաններն ու փորձագետները:

Զոհված երեխաները  իրար հարեւան էին, ապրում էին 50 մետր հեռավորությամբ, Արթուրն ունի 7 քույր եւ 1 եղբայր, մայրը սպասում է նոր զավակի, իսկ Մուշեղից բացի նրա ընտանիքում 4 երեխա կա: Ժամը 16-ին մոտ վահրամաբերդցիները սկսեցին հավաքվել երեխաների տների մոտ:

«Կամխուտ» պոլիգոնը Գյումրուց 10 կմ հյուսիս արեւելք է, Մարմաշենի կողմից գրուտային ճանապարհը գնում, դեմ է առնում 102-րդ ռազմաբազայի այս պոլիգոնի պահակակետին, որը ժամը 15-ի հատվածում պատշաճ հսկվում էր, ինձ բացատրեցին, որ մուտքն արգելվում է: Հարեւան դաշտում աշխատող տրակտորիստը բացատրեց, որ բացի այդ հատվածից, հրաձգարանը փաստացի բաց է բոլոր մնացած կողմերից, եւ մեքենայով մուտք գործելու համար, հարկավոր է Շիրակի ջրանցքի կողքի դաշտային ճանապարհով հասնել Վահրամաբերդ ապա գյուղի միջով` հյուսիս ու մի քանի ճյուղավորումներով ուղղակի հայտնվել հրաձգարանի տարածքում: Փաստորեն այս եղանակով էլ տասնամյակներ շարունակ գյուղացիները իրենց հոտերը տանում են արածացնելու այդ տարածքները:

Հուշած ճանապարհով, ես դեպքի վայր հասնելիս որեւէ պատնեշի, արգելափակոցի, փշալարի կամ պարսպի չհանդիպեցի: Բացի հրաձգարանին հատուկ կահավորանքը, շարժական թիրախների ռելսերը եւ թիրախները տեղաշարժելու համար գետնի տակից երես ելած էլեկտրական հոսանքալարերն ու բետոնե եւ քարե բազմաթիվ դզոտները, տեսա բազմաթիվ` հարյուրավոր արկերի, նռնակների ու հրթիռների մնացորդներ, որոնք ամեն քայլափոխի էին ու ոտի տակ էին ընկնում: Ակնհայտորեն այս տարածքում երբեք պարիսպներ կամ պատնեշներ չեն եղել:

Երեխաների մահվան վայրում անհասկանալի պատճառներով ոստիկանները չէին վերցրել երեխաների կոշիկներից երկուսը, հագուստների վառված կտորներից մի քանիսը, երեւում էր երեխաների արյունը, այն ժայռակտորը, որի վրա երեւի փորձել էին կոտրել հրթիռի կամ նռնակի կտորը:

Գյուղացիները պատմեցին, որ տարիներ շարունակ այս տարածներում կամ անասուն է պայթում զինամթերքի վրա, կամ սատկում է գետնից բուսած հաղորդալարերը ծամելիս` էլեկտրահարվելուց: Մի քանի տարի առաջ հովիվներից մեկի մատներն էր պոկել պայթուցիկը:

Հայաստանի իշխանությունները, գյուղական բնակավայրերին կիպ կպած դաշտային տարածքը ռազմական նպատակով այլ պետության հատկացնելիս, փաստորեն չեն պահանջել այն պատշաճ սահմանազատել մնացած տարածքներից: Կամ` պահանջել են, իսկ նրանք շան տեղ չեն դրել մերոնց: Երեւի տեղն է մեզ, երեխաներն էին ափսոս: Երկու ապագա զինվոր զոհվեց փաստորեն:

Գյուղացիներից որեւէ մեկը չէր կարծում, թե որեւէ մեկը պատասխանատվություն կկրի այդ ողբերգական թափթփվածության համար:

Այս խորագրի վերջին նյութերը