Լրահոս

06.04.2013 13:56


Սպառնացել են փաստաբան Լուսինե Սահակյանին. նա կդիմի դատախազություն

Սպառնացել են փաստաբան Լուսինե Սահակյանին. նա կդիմի դատախազություն

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով ապրիլի 5-ի դատական նիստի ժամանակ իր հասցեին հնչած և դատարանի կողմից անարձագանք մնացած սպառնալիքների առնչությամբ փաստաբան Լուսինե Սահակյանը մտադիր է դիմել դատախազություն: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին այսօր հայտնեց փաստաբանը՝ նկատելով, որ մամուլում եղած հրապարակումն արդեն իսկ հիմք է քրեական գործ հարուցելու համար: Ուստի ինքը մի փոքր կսպասի իրավապահ մարմինների արձագանքին, եթե համապատասխան իրավական արձագանք չլինի, ինքը կդիմի դատախազություն: Փաստաբանը հայտնեց, որ կսպասի մի քանի օր, նաև չբացառեց, որ կարող է այսօր ևեթ դիմել դատախազություն:

Հիշյալ սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի պաշտպան Լ. Սահակյանը հայտնեց, որ դատարանում նախկին քաղաքապետի կողմնակիցների կողմից իր պաշտպանյալի հարազատների ու ընկերների հասցեին սպառնալիքներ անընդհատ են հնչում, սակայն իր հասցեին առաջին անգամ հնչել են երեկվա դատական նիստի ընթացքում:

Փաստաբանը գտնում է, որ այս դեպքում հիշյալ անձինք նպատակ ունեին դատարան հրավիրված վկայի՝ մտավոր հիվանդությամբ տառապող երեխայի վրա ճնշում գործադրել ու դատարանում գոռգոռոցներով ու սպառնալիքներով վախեցնել նրան: Վերջինս մեղադրող կողմի համար առանցքային վկա է, ըստ գործի նյութերի, նա տեսել է, թե ինչպես է Հ. Սարգսյանը նստում Կարեն Եսայանի մեքենան:

Ի դեպ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեցին, որ հաշմանդամ երեխայի մայրը ահազանգով դիմել է ոստիկանություն, հայտարարելով, որ իր երեխային որպես վկայի ահաբեկել են: Ոստիկանությունն էլ ներկայումս ահազանգի հիման վրա նյութեր է նախապատրաստում:

Այս խորագրի վերջին նյութերը