Քաղաքական

05.04.2013 17:55


Անահիտ Բախշյանը իշխանության մեջ ընդդիմություն է, բայց 10 րոպե հետո աշխատանքից չեն ազատում

Անահիտ Բախշյանը իշխանության մեջ ընդդիմություն է, բայց 10 րոպե հետո աշխատանքից չեն ազատում

Այսօր «Ավագանու ընտրություններին ընդառաջ. կանանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում» թեմայով քննարկում է կայացել։ Վերջինին մասնակցել են «Ժառանգության» նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանն ու ՀՀԿ-ական գործող պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Քննարկման ժամանակ, երբ Անահիտ Բախշյանը հայտարարել է, թե նշանակություն չունի՝ կին ես, թե տղամարդ, երկուսին էլ ջնջում են, եթե իշխանության մաս չեն կազմում, ՀՀԿ–ական Կարինե Աճեմյանը հակադարձել է.

–Գոնե դուք էդպիսի բան մի ասեք, տիկին Բախշյան. ախր դուք հիմա էնպիսի ոլորտում եք աշխատում

Ի պատասխան՝ Անահիտ Բախշյանը հակադարձել է.

Հերիք է, հա՞, աշխատանքս երեսով տաք:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցության ցուցակով ԱԺ–ում չհայտնվելուց հետո ՀՀԿ–ական կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից պաշտոն ստացավ՝ ՀՀ կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն։

Հիշեցնենք նաև, որ վերջերս որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր.

«Ինձ համար անհասկանալի են ոմանց այն մոտեցումները, որ լինելով իշխանության մեջ` ընդդիմություն են խաղում: Իշխանության մեջ գտնվողները չեն կարող անել հայտարարություններ, որոնք հակասում են իշխանությունների քաղաքական գծին: Իշխանության մեջ գտնվողը չի կարող ասել, որ մենք պետք է ճանաչենք ԼՂՀ անկախությունը: Ես 10 րոպե հետո նրան աշխատանքից կազատեմ: Իշխանության մեջ գտնվողը չի կարող տարածքային պահանջներ ներկայացնել որևէ հարևան երկրի: 10 րոպե հետո ես նրան աշխատանքից կազատեմ: Ընդհանրապես` իշխանության մեջ գտնվողը իրավունք չունի որևէ քաղաքական գծի նկատմամբ վերադասի հայտարարություններ անել: Բոլոր այն մարդիկ, ովքեր գտնվում են իշխանության մեջ և ցանկանում են քննադատել իրենց վերադասներին, պարտավոր են դիմում գրել, ներկայացնել հրաժարական, այնուհետև գնալ, քշտել թևքերը և անխնա քննադատել բոլորին: Սա իրենց իրավունքն է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը