Լրահոս

05.04.2013 17:31


Ցեղասպանության կանխարգելմանը նվիրված միջոցառում ՄԱԿ-ում

Ապրիլի 4-ին ՄԱԿ-ի կենտրոնատեղիում Հայաստանի մշտական ներկայացուցչության ու մի շարք հասարակական կազմակերպությունների հովանավորությամբ անցկացվեց ցեղասպանության կանխարգելմանը նվիրված գիտաժողով, որին մասնակցեցին անդամ պետությունների ներկայացուցիչներ, փորձագետներ ու մեծ թվով օտարերկրյա հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: ՀՀ դեսպանը նշեց, որ ցեղասպանության հանցագործությունը կրկնվում է աշխարհի տարբեր անկյուններում՝ ընդգծելով ցեղասպանության կանխարգելման և այդ հանցագործության պատժման գործում միջազգային համագործակցության կարևորությունը: Այս համատեքստում դեսպանն անդրադարձավ վերջերս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից Հայաստանի նախաձեռնությամբ ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ ընդունված բանաձևին՝ կարևորելով ճշմարտության, արդարության վերականգնման, հատուցման և հանցագործներին քրեական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը և ընդգծելով կրթության, ներառյալ՝ մարդու իրավունքների բնագավառում կրթական ծրագրերի կարևորությունը կանխարգելման հարցում:

Կարեն Նազարյանը խոսեց նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին՝ նշելով, որ այդ ուղղությամբ Հայաստանը շարունակելու է իր հետևողական քայլերը, և թուրքական կառավարությունը, չնայած իր կողմից որդեգրած մերժողականությանը, վաղ թե ուշ ստիպված կլինի ընդունել ճշմարտությունը: ՄԱԿ-ում ՀՀ դեսպանը ողջունեց Հայոց Ցեղասպանությունը ճանաչած բոլոր պետությունների և միջազգային կազմակերպությունների դիրքորոշումը,  ինչպես նաև այն թուրք մտավորականների, ուսանողների ու քաղաքացիների կեցվածքը, ովքեր  գիտակցում են ճանաչման ու դրա միջոցով այդ հանցագործության կանխարգելման կարևորությունը՝ սատար կանգնելով Ցեղասպանության ճանաչման և դատապարտման պայքարին:

Օրվա բանախոսները, որոնց շարքում էին գիտնականներ, դասախոսներ և արվեստագետներ, ներկայացրեցին իրենց ուսումնասիրություններն ու շեշտեցին նմանօրինակ միջոցառումների անցակցման կարևորությունը ցեղասպանությունների վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման առումով:

Միջոցառմանը նաև ցուցադրվեց Մայքլ Հակոբյանի՝ Խարբերդի ջարդերին անդրադարձող «Ձայներ լճից» վավերագրական կինոնկարը, որը ներկայացրեց հայտնի կինոռեժիսոր, մեկնաբան Կառլա Կարապետյանը:

Հանդիպման կազմակերպիչների կողմից պարգևներ ու շնորհակալագրեր հանձնվեցին ուսանողներին, ովքեր հաղթող էին ճանաչվել ցեղասպանության թեմայով շարադրությունների մրցույթում: 

Այս խորագրի վերջին նյութերը