2013թ. Հայաստանում արձանագրվել է բոտուլիզմի 20 դեպք, որից 3-ը` մահվան ելքով
2013 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 20 դեպք` 34 տուժածով, որից 3-ը` մահվան ելքով: Սննդային թունավորման դեպքերն արձանագրվել են Լոռու, Կոտայքի, Տավուշի, Արարատի, Շիրակի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում և Երևանում: Բոլոր թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, վարունգի, լոլիկի մարինադի, լեչոյի, շուշանի, ծիծակի պահածոների օգտագործման հետևանքով:
Հիշեցնենք, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է, որը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Հիվանդության հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում են և արտադրում թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում, բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և 120-130 ջերմաստիճանի ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում դրանք հնարավոր չէ ապահովել:
Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը:
Հիվանդության ախտանիշներն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում:
Հիվանդության ախտանշաններն են` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, որովայնի շրջանում ցավեր, գլխապտույտ, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, կոպի իջեցում, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում:
Բոտուլիզմից զերց մնալու նպատակով
• խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,
• սննդամթերքը պահածոյացնել սառեցման, չորացման կամ աղադրման եղանակով,
• տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,
• մի գնե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,
• առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի:
2013թ. Հայաստանում արձանագրվել է բոտուլիզմի 20 դեպք, որից 3-ը` մահվան ելքով