Ստորեւ ներկայացնում ենք Հայ Ազգային Կոնգրես կուսակցությանԾրագրի նախագիծը։ Կուսակցության անդամներին խնդրում ենք իրենց դիտողություններն ու առաջարկները նախապես, մինչեւ համագումար ուղարկել [email protected] էլեկտրոնայն հասցեով՝ դրանց քննարկումն առավել արդյունավետ կազմակերպելու համար։ Տեքստում առաջարկվող փոփոխությունների կամ լրացումների առաջարկները պետք է լինեն հստակ ձեւակերպված։
(Ծրագրի տեքստի՝ ըստ պարբերությունների փակագծերում պայմանական համարակալումն արված է քննարկման փուլում հղումները դյուրացնելու նպատակով)։
ՀԱԿ համագումարի կազմկոմիտեի Ծրագրի հանձնաժողով
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
ՄՈՒՏՔ
(1) Հայ ժողովուրդը, երկար դարեր օտարի տիրապետության տակ՝ պահպանել է ազատության ձգտումը եւ դրա երաշխիք անկախ պետականության ձեռքբերումը որպես ազգային նպատակ։ Հայաստանի պետականության վերականգնումը 1918-1920թթ., ապա որպես պետական միավոր Խորհրդային Հայաստանի գոյությունը հիմք դարձան Հայաստանի Հանրապետության ստեղծման համար։ Սակայն առաջինն իր կարճատեւությամբ, երկրորդն իր ոչ լիարժեք ինքնուրույնությամբ չէին կարող լինել այն միջավայրը, հիմքը, որի վրա կվերականգնվեր դարերի ընթացքում անխուսափելիորեն կորսված պետական զգացողության, բանական քաղաքական մտածողության, պետականության ավանդույթի բացը։ Այդ ամենը տեղի ունեցավ պատմականորեն կարճ, սակայն ազգային զարթոնքի ու քաղաքական հագեցվածության առումով գերխիտ՝ 1988-1990թթ. Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման ընթացքում. իրական քաղաքական կատեգորիաներով եւ մտածողությամբ հաղթահարվեց հարյուրամյակներ շարունակ հայ քաղաքական մտքի հիմքում դրված հուզական եւ իռացիոնալ ըմբռնումների ու պատկերացումների ծանր իներցիան։ Քաղաքական մշտական կողմնորոշման մերժման, սեփական ուժերին ապավինելու, իրատեսության սկզբունքների գործադրմամբ իրականացավ հայ ժողովրդի անկախության ձեռքբերումը։ Հայկական նորաստեղծ պետականության հիմքում դրված իրական քաղաքական սկզբունքների ու պատկերացումների շնորհիվ կարճ ժամանակում հնարավոր եղավ դիմագրավել այն մարտահրավերները, որ առաջացել էին Խորհրդային Միության փլուզմամբ, իսկ Հայաստանում այդ դժվարությունները քառապատկվել էին Աղետի գոտու, 300.000 փախստականների, տնտեսական շրջափակման եւ փաստացի պատերազմի հետեւանքով։ Չնայած պատերազմական պայմաններին, ներքաղաքական կյանքում հետեւողականորեն արմատավորվում էր ժողովրդավարությունը, կատարվում էին համակարգային արմատական բարեփոխումներ, տնտեսական շրջափակման մեջ գտնվող երկիրը 1994-ին արձանագրեց կայուն տնտեսական աճ, 1995-ին հաղթահարվեց էներգետիկ ճգնաժամը, հաղթանակով ավարտվեց Ղարաբաղյան պատերազմը՝ բոլորը միասին քաղաքական մի սխրանք, որ աննախադեպ էր Հայոց նորագույն պատմության մեջ։
(2) 1998թ. կատարված պետական հեղաշրջմամբ եւ ոչ օրինակարգ իշխանության հաստատմամբ խաթարվեց Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ Մի կողմ դրվեցին պետականության՝ իրենց կենսունակությունն ու արդյունավետությունն ապացուցած հիմնադրույթները, դրանք փոխարինվեցին իշխանության եւ քաղաքականության մասին գավառական պատկերացումներով եւ ընկալումներով։ Իշխանազավթման գործընթացն իր ավարտին հասավ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ, դրվեցին կոռուպցիոն համակարգի եւ ավազակապետական ռեժիմի ստեղծման հիմքերը։ Իր վերարտադրությունն ապահովելու համար ռեժիմը 2004թ. ապրիլի 12-ին դիմեց դաժան բռնության 2003 թ. նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող խաղաղ ցուցարարներ դեմ, իսկ 2008 թ. նախագահական ընտրություններից հետո նա իշխանությունը պահեց միայն մարտի 1-ին կատարած ռազմական հեղաշրջմամբ, ժողովրդի վրա կրակելով, 10 զոհերի գնով։ Ավազակապետական իշխանության կողմից մերժվեցին ոչ միայն 90-ականների քաղաքական սկզբունքներն ու պետականության հիմնադրույթները։ Նրա իշխանության պայմաններում վտանգված է հայ ժողովրդի ազգային ինքնության առանցքը կազմող ավանդական արժեքային համակարգը։ Շարունակություն չունեցան կամ կասեցվեցին 1990-ականների բարեփոխումները, մսխվեցին դրա արդյունքները։ Օրենքները փոխարինվեցին քրեական աշխարհի հարաբերություններով, արմատավորվեց ու խրախուսվեց տգիտությունը, ոչնչացվեց ժողովրդավարությունը, արհամարվեցին մարդու իրավունքները, քաղաքացին մնաց անպաշտպան ինչպես պետական մեքենայի, այնպես էլ իրեն արտոնյալ վիճակում դրած ավազակապետական «էլիտայի» հանդիման։ Աղետաբեր ներքին քաղաքականության առարկայական արդյունքն ու չափանիշը խաղաղ պայմաններում կայուն աճող արտագաղթն է, ինչը ժողովրդագրական խնդիրը երկրի ազգային անվտանգության համար դարձնում է թիվ մեկ սպառնալիքը։
(3) Հայ Ազգային Կոնգրեսը ձեւավորվել է որպես համաժողովրդական շարժում, որպես հակազդեցություն ռեժիմին 2008 թ. կեղծած նախագահական ընտրությունների առիթով՝ նպատակ ունենալով վերականգնել խաթարված սահմանադրական կարգը, կազմաքանդել ավազակապետական համակարգը եւ կոռուպցիոն բուրգը, քաղաքական կյանքը վերադարձնել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների նորմերին։ Հինգ տարի շարունակ իր ամենօրյա պայքարը մղելով որպես տասնյակ քաղաքական ուժերի եւ տասնյակ հազարավոր անհատների համախմբում՝ Հայ Ազգային Կոնգրես ժողովրդավարական շարժումը լուծել է կարեւոր ընթացիկ խնդիրներ՝ սասանել է ռեժիմի հիմքերը, հետամուտ եղել մարդու իրավունքների եւ ժողովրդավարության նորմերի պահպանմանը, քաղաքականապես կրթել ու քաղաքացիական շունչ է հաղորդել հասարակությանը, խոչընդոտել է ռեժիմի կողմից ժողովրդի կատարյալ ահաբեկմանը, նպաստել քաղաքացիական հասարակության ձեւավորմանը։ Իր առջեւ դրված առաջնահերթ քաղաքական խնդիրները լուծելու հաստատակամությամբ եւ Հայաստանն ազատ ու արժանապատիվ քաղաքացու երկիր դարձնելու նպատակով, Հայ Ազգային Կոնգրեսը վերածվում է առավել կազմակերպված քաղաքական ուժի՝ որպես քաղաքական ժառանգություն ու հենք ունենալով 1988-ի ժողովրդավարական շարժման եւ այդ հիմքի վրա կառուցված պետականության, 2008 թ. համաժողովրդական շարժման ավանդները եւ դավանած պետականության հիմնադրույթները։ Սույն ծրագիրի հիմքում ընկած են Հայոց Համազգային Շարժման, Հայ Ազգային Կոնգրեսի, ինչպես նաեւ 2008 թ. նախագահական եւ 2012 թ. խորհրդարանական ընտրությունների ծրագրային փաստաթղթերը։
***
(4) Արդեն շուրջ 15 տարի Հայաստանն ապրում է ոչ օրինակարգ իշխանության եւ սահմանադրական կարգի խաթարման պայմաններում։ Այս հանգամանքը թելադրում է Ծրագրում ունենալ որոշակի առաջնահերթ, մեկանգամյալուծելիք խնդիրներ, առանց որի անիմաստ է հասարակական կյանքը սոցիալ-ազատականության կամ քաղաքական որեւէ այլ գաղափարախոսության վրա վերափոխելու որեւէ ծրագիր։ Նույն ընթացքում ավազակապետական ռեժիմը ավերածություններ է գործել նաեւ քաղաքական դաշտում՝ հասարակական-քաղաքական մտքի ու գաղափարների բնագավառում, ուստիեւ սույն Ծրագրում անհրաժեշտաբար արված են նաեւ հանրահայտ իրողությունների արձանագրումներ, որոնք ժամանակավրեպ պիտի համարվեին երկրի բնականոն զարգացման դեպքում երկուսուկես տասնամյա պետականություն ապրած երկրի ու նրա քաղաքական մտքի համար։
ՀԻՄՆԱՐԱՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
(5) Իշխանության հասնելու եւ իր ծրագրերն իրականացնելու համար, Հայ Ազգային Կոնգրեսը գործելու է բացառապես օրինականության շրջանակներում՝ իր գաղափարներին համահունչ ձեւավորելով ժողովրդի քաղաքական կամքը։ Ոչ սահմանադրական ճանապարհով իշխանության գրավումը, անգամ ամենահնչեղ կարգախոսներով, ծրագրերով ու ցանկություններով, բերում է ճիշտ հակառակ՝ պետության եւ ժողովրդի համար կործանարար արդյունքի։
(6) Երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական խնդիրները պետք է ձեւակերպվեն քաղաքական իրատեսության հիմքի վրա։ Քաղաքական հաշվարկները պետք է կատարել ելնելով սեփական ուժերից ու հնարավորություններից, ինչի մեջ է մտնում նաեւ որեւէ հարցում դաշնակիցներ ձեռք բերելու կարողությունը։ Սեփական ուժերի սխալ հաշվառմամբ, օտարին ապավինելու հիմքի վրա կառուցված քաղաքական խնդիրները կամ սեփական ուժերին եւ հնարավորություններին անհամաչափ քայլերի կատարումը կարող է բերել անդառնալի կորուստների։Արտաքին գործոնները որոշակի քաղաքական խնդիրներ լուծելիս կարող են միայն օժանդակ դեր խաղալ։
(7) Հայ Ազգային Կոնգրեսն անընդունելի է համարում արտաքին քաղաքական որեւէ կողմնորոշում՝ որպես ազգի հավերժական դիրքորոշում: Դա հակասում է ազգերի ինքնորոշման միջազգային սկզբունքին, անկախ պետականության գաղափարին եւ թուլացնում ազգի կենսունակությունը։
(8) Անկախ պետականությունը– Անկախ պետականությունը յուրաքանչյուր ազգի ազատության եւ ինքնորոշման իրավունքի իրացումն է, ինչը ձեւակերպված է որպես ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունք։ Ազգի գոյատեւման, զարգացման ու բարգավաճման, անհատի ազատության եւ արժանապատիվ կյանքի ապահովման միջոցն անկախ ժողովրդավարական պետությունն է։ Պետության գործառույթն այդ խնդիրների լուծման համար ներքին եւ արտաքին լավագույն պայմանների ստեղծումն ու խոչընդոտների վերացումն է։
(9) Պատմականորեն ձեւավորված թյուրըմբռնում է ազգային եւ պետական շահերի տարբերության մասին պատկերացումը։ Անկախ պետականության պայմաններում ազգային գերագույն արժեքը սահմանադրությամբ օժտված, ժողովրդավար, ազատ, անկախ պետությունն է։ Պետության հոգածության առաջնային օբյեկտը քաղաքացին է։ Ներքին թե արտաքին ասպարեզում պետության հետապնդած յուրաքանչյուր խնդիր պետք է անմիջապես կամ միջնորդավորված բխի Հայաստանի ժողովրդի ու քաղաքացու շահերից ու սպասարկի նրանց կարիքները։
(10) Երկրի ապահովության խնդրի համապարփակ լուծման համար կարեւոր նշանակություն ունեն Հայաստանի բարիդրացիական հարաբերություններն անմիջական հարեւանների՝ կովկասյան եւ մերձավորարեւելյան երկրների հետ, ինչպես նաեւ բնականոն հարաբերությունների ապահովումն աշխարհի այլ պետությունների ու միջազգային կառույցների հետ։ Ազգային անվտանգության առումով անթույլատրելի է, ինչպես երկրի տարածքում այլ երկրների պետական սեփականության, այնպես էլ երկրի ներքաղաքական կյանքին միջամտելու եւ ուղղորդելու այլ լծակների օգտագործումը։
(11) Արտաքին վտանգներին համաչափ ռազմական կարողությունների եւ պաշտպանական մասնագիտացված կառույցների ձեւավորումն անկախ պետականության հրամայականն է, ինչը ժամանակակից աշխարհում պահանջում է տնտեսական համակարգի բարձր զարգացվածություն եւ ֆինանսատնտեսական մեծ ռեսուրսներ։ Ուստիեւ՝ որպես պետական անկախության, անվտանգության երաշխիք, մեծանում է զարգացող ու մրցունակ տնտեսության, սոցիալական արդարություն ապահովող համակարգերի, համաշխարհային եւ տարածաշրջանային կառույցներին, տնտեսական ծրագրերին ինտեգրվելու դերը։
(12) Ժողովրդավարության, օրինականության եւ իրատեսական քաղաքականության սկզբունքներով առաջնորդվելու դեպքում, Հայաստանը կարող է դառնալ տնտեսապես շահավետ բանուկ ճանապարհների խաչմերուկ, դրանով իսկ ստանալով ոչ միայն տնտեսական զարգացման խթան, այլեւ պետական անվտանգության լրացուցիչ երաշխիքներ։
(13) Ժողովրդավարությունը- Ժողովրդավարությունն ավելի քան որեւէ այլ քաղաքական համակարգ, պաշտպանում է մարդու արժանապատվությունը եւ ենթադրում է. մարդու իրավունքների եւ ազատությունների երաշխավորված պաշտպանություն, քաղաքական բազմակարծության ապահովում, իշխանությունների հստակ տարանջատման սկզբունքի կիրառում, օրենքի գերակայություն եւ բոլորի հավասարություն օրենքի առջեւ, իշխանության ձեւավորում ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների միջոցով, իրավական եւ սոցիալական պետության կայացում, էթնիկական, կրոնական եւ մշակութային բազմազանության հարգում, փոքրամասնության իրավունքների երաշխավորված պաշտպանություն։ Ժողովրդավարության պայմաններում է հնարավոր առավելագույնս ապահովել պետության իրավականությունը եւ սոցիալական արդարությունը։
(14) Ժողովրդավարության հիմունքներով ընտրված եւ իր պատասխանատվությունը գիտակցող իշխանությունը կարող է պատրաստ լինել անհրաժեշտ որոշումներ ընդունել նաեւ այն դեպքում, երբ հանդիպում է հասարակական կարծիքի դիմադրությանը։ Միայն դրան ընդունակ իշխանությունն է, որ կարող է իրականացնել անհրաժեշտ քաղաքական շրջադարձերը, ապահովել փոքրամասնության իրավունքները, արդարացնել իր պատասխանատվությունը ներկա եւ գալիք սերունդների առջեւ։
(15) Կարեւորելով նաեւ ներկուսակցական ժողովրդավարության դերն ու նշանակությունը, Կոնգրեսը նախատեսում է կուսակցության ներսում ֆրակցիաների գոյությունը եւ հանձնարարում է նորընտիր վարչությանը մշակել եւ հաջորդ համագումարին ներկայացնել ֆրակցիաների գործունեության կանոնակարգը։
(16) Իրավական պետությունը – Իրավական պետության գաղափարը հակադրությունն է ամեն տեսակ կամայականությունների՝ լինի դա մեծամասնության դիկտատուրա, բռնապետություն, ոստիկանական պետություն կամ, ինչպես Հայաստանում է՝ ավազակապետություն։ Ժողովրդավարական, իրավական պետության ստեղծման համար անհրաժեշտ է առաջնորդվել Սահմանադրությամբ։ Պատիժը պետք է նշանակվի բացառապես հրապարակված եւ հստակ որոշակիացված նորմերին եւ ընթացակարգերին համապատասխան։ Բոլորը հավասար են օրենքի առջեւ եւ հավասարապես պաշտպանված օրենքով՝ անկախ իրենց քաղաքական, սոցիալական եւ տնտեսական դիրքից։ Պետք է գործեն անկախ, անկողմնակալ եւ մատչելի դատարաններ։ Իրավական համակարգը կարգավորում է ազատ մարդկանց խաղաղ համակեցությունը։ Իրավական պետության պայմաններում քաղաքացիների միջեւ ծագող եւ այլ կոնֆլիկտները լուծվում են ոչ թե ուժեղի կամքի, այլ օրենքի եւ իրավունքի հիման վրա։
ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
(17) Ազատությունը – Բոլոր մարդիկ ծնվում են ազատ եւ ունեն ազատության իրավունք։ Ժողովրդի ազատությունն ինքնորոշման, անկախ ազգային պետականությամբ ապրելու իրավունքն է։ Ազատ Հայաստանը կարող է ապահովել իր քաղաքացների ազատությունը։ Մարդու ազատությունը սահմանափակված է այլ անձանց եւ ժողովրդի ազատությունը՝ այլ ժողովուրդների ազատության իրավունքը չխախտելու սկզբունքով։ՀՀ քաղաքացին ու նրա ազատությունը գերագույն արժեք են։ Ազատության ապահովումը հնարավոր է անկախ պետականության, օրինակարգ իշխանության, ժողովրդավարության պայմաններում՝ անհատի արժանապատվության, մարդու հիմնարար իրավունքների պահպանմամբ։ Լիարժեք ազատությունը ներառում է անձնական եւ համատեղ պատասխանատվություն։
(18) Սոցիալական արդարությունը – Ազատությունը եւ սոցիալական արդարությունը փոխկապակցված են.ազատությունը կարող է պահպանվել այն հասարակություններում, որը ձգտում է սոցիալական արդարության։Սոցիալական արդարությունը հնարավորությունների հավասարության սկզբունքի կիրառմամբ ապահովում է մարդու ազատ եւ առավել դյուրին անցման հնարավորությունը սոցիալապես ավելի պակաս ապահով խմբից ավելի ապահովը։ Պետությունը մարդու ստացած տարբեր տեսակի եկամուտների միջեւ համապատասխան նորմատիվային կապի օրենսդրորեն ապահովման եւ պրոգրեսիվ հարկային քաղաքականության միջոցով պետք է ապահովի բոլորի՝ առողջապահության, կրթության եւ այլ համակարգերից օգտվելու հավասար հնարավորությունը։
(19) Խաղաղությունը – Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի իր քաղաքացիների անվտանգության երաշխավորը: Պետությունը պետք է այդ անվտանգությունն ապահովի հզոր մարտունակ բանակի ստեղծմամբ, հավաքական անվտագության հուսալի համակարգերում ընդգրկվելու եւ արտաքին վտանգները նվազեցնելուն ուղղված հավասարակշիռ արտաքին քաղաքականությամբ: Հարեւան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը, տարածաշրջանային եւ միջազգային խաղաղությանը նպաստելը Հայաստանի անվտանգության ապահովման կարեւոր գործոն է, ինչի ապահովմանը պետք է ուղղված լինի մեր արտաքին քաղաքականությունը։ Հայաստանի տնտեսական զարգացման լավագույն պայմանները հարեւան երկրների հետ հարաբերություններում խաղաղության պահպանումն է, բարիդրացիական հարաբերությունների հաստատումն ու ամրապնդումը։
(20) Մարդու իրավունքները – Մարդու արժանապատիվ կյանքի ապահովման համար սոցիալական արդարության կողքին նույնքան անհրաժեշտ է մարդու իրավունքների ապահովումն ամբողջ ծավալով՝ նախատեսված ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ համապատասխան միջազգային փաստաթղթերով։
(21) Քաղաքացին – Պետության հոգածության առաջնային օբյեկտը եւ արժեքը երկրի քաղաքացին է։ Ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ պետությունը պետք է հետապնդի միմիայն այնպիսի խնդիրներ, որոնք անմիջապես կամ միջնորդավորված բխում են քաղաքացու շահերից եւ կոչված են այդ շահերի, նրա անվտանգության, ազատ ու արժանապատիվ կյանքով ապրելու սպասարկմանը։
(22) Հայոց լեզուն եւ ազգային մշակույթը– Հատուկհոգածության առարկա պետք է լինի հայոց լեզուն՝ որպես ՀՀ պետական լեզու, որպես աշխարհի հնագույն, հարուստ եւ ինքնատիպ լեզուներից մեկը՝ ապահովելով դարեր ի վեր համամարդկային արժեքներ փոխանցողի եւ համամարդկայինին համահունչ ուրույն հայկական արժեքներ ստեղծողի նրա գործառույթի շարունակականությունը։ Հայկական մշակույթի զարգացման պայմանները պետք է բավարարեն մի կողմից՝ նրա ազգային նկարագրի պահպանմանը, մյուս կողմից՝ համաշխարհային մշակույթի նվաճումների յուրացմանը, ինչպես եղել է դարեր շարունակ։
ՍՈՑԻԱԼ-ԱԶԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
(23) Ժողովրդավարությանը որպես պետության քաղաքական համակարգի կազմակերպման ձեւի, համապատասխանում է շուկան՝ որպես տնտեսության կազմակերպման ձեւ։ Բոլոր քաղաքացիները պետք է սեփականության տիրապետման հնարավորություն ունենան։ Սեփականության տիրապետելը մարդուն ինքնուրույն որոշումներ ընդունելու հնարավորություն է տալիս եւ դրանով իսկ ապահովում նրա անձնական ազատությունը։
(24) Որպես գաղափարախոսական ուղենիշ կուսակցությունը որդեգրում է սոցիալ-ազատականությունը։ Այդ գաղափարախոսության անունն իսկ ամփոփում է այն երկու հիմնական իղձերը` ազատություն եւ սոցիալական արդարություն, որոնք եղել են եւ մնում են համաշխարհային պատմության հիմնական շարժիչ ուժերը։ Նորագույն պատմության ընթացքում ազատականության ու սոցիալական արդարության համար պայքարողները հաճախ հայտնվել են հակադիր ճամբարներում, եւ նույնիսկ այսօր այդ երկու գաղափարները հակադրելու փորձերը հազվագյուտ չեն։ Ազատությունն ու սոցիալական արդարությունը, սակայն, ոչ միայն հակադիր իղձեր չեն, այլեւ փոխկապակցված են եւ միմյանց փոխլրացնող, քանի որ հնարավոր չէ ունենալ ազատ հասարակություն՝ միաժամանակ չձգտելով սոցիալական արդարության, ինչպես հնարավոր չէ ապահովել արդարություն, երբ սահմանափակված են քաղաքացիական եւ տնտեսական ազատությունները։
(25) Սոցիալ-ազատականութունը ենթադրում է հավատարմություն շուկայական տնտեսության սկզբունքներին եւ գտնում է, որ պետությունը չի կարող լինել ժողովրդավարական՝ միաժամանակ մերժելով տնտեսության շուկայական կազմակերպման մոդելը։ Այդ մոդելի հիմքում ընկած է մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը եւ մասնավոր ձեռնարկատիրության քաջալերումը։ Սոցիալ-ազատականությունը հիմնականում ընդունելով շուկայի՝ որպես ինքնակարգավորվող համակարգի դերը, այնուամենայնիվ նախատեսում է պետության կարգավորիչ այնպիսի ներգործություն, որն ուղղված է ազատականության, ազատ մրցակցության համար հավասար պայմանների պաշտպանությանը, բոլորի տնտեսական նախաձեռնության խրախուսմանն ու գործարար շրջանակների ընդլայնմանը։ Թե՛ համաշխարհային փորձը, թե՛ ժամանակակից տնտեսագիտության տեսական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չկարգավորվող եւ պետության վերահսկողությունից ձերբազատված շուկան պարունակում է պարբերական եւ աղետալի ճգնաժամերի, տնտեսության մոնոպոլիզացիայի, անհավասար ստարտային հնարավորությունների խրամատավորման, շրջակա եւ հանրային ռեսուրսների նկատմամբ գիշատիչ վարքագծի դրդիչներ ստեղծելու եւ այլ բազմաթիվ վտանգներ։
(26) Սոցիալ-ազատականությունը չի սահմանափակում պետության գործառույթները բացառապես երկրի պաշտպանությամբ եւ կարգուկանոնի ապահովմամբ։ Սոցիալ-ազատական գաղափարախոսությունը պետության համար գործառույթների ավելի լայն շրջանակ է նախատեսում։ Մասնավորապես, պետությունը պետք է ունենա որոշակի երաշխիքներ տրամադրողի եւ ստարտային հավասարություններ ապահովող ինստիտուտի գործառույթ։ Խոսքը վերաբերում է հատկապես հասարակության առավել խոցելի խավերի համար արժանապատիվ կյանք ապահովելուն, համընդհանուր առողջապահական ապահովագրությանը եւ յուրաքանչյուր անհատի համար որակյալ կրթություն, այդ թվում բարձրագույն եւ մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելուն։
(27) Սոցիալ-ազատական գաղափարախոսությունը շեշտը դնում է հնարավորությունների, եւ ոչ արդյունքների հավասարության վրա, տնտեսական կարողությունների գերկենտրոնացումն ու հասարակության սուր շերտավորումը համարում սպառնալիք՝ ուղղված հավասար ստարտային հնարավորությունների սկզբունքին։ Գերկենտրոնացումն ու սուր շերտավորումը սպառնալիք են նաեւ ժողովրդավարական կառավարման համար, քանի որ չափազանց մեծ կարողություններ վերահսկող ուժերն ընտրությունների, քաղաքականության եւ պետական որոշումների վրա ազդելու անհավասար եւ արտոնյալ հնարավորություններ են ձեռք բերում։ Սոցիալ-ազատականությունը տեսնում է պրոգրեսիվ հարկման մեխանիզմը, ինչպես նաեւ որոշակի սահմանից անդին ժառանգության հարկումը, որպես նման հետեւանքներից խուսափելու անհրաժեշտ միջոց։ Խնդիրը հատկապես արդիական է այսօրվա Հայաստանի համար, քանի որ տնտեսության ապօրինի մենաշնորհացումը, տնտեսական ռեսուրսների գերկենտրոնացումը մի քանի ընտանիքների ձեռքում եւ տնտեսական շերտավորումը աղետալի չափերի են հասել եւ պահանջում է պետության նշանակալից միջամտություն երկիրը դեպի իրական ազատականություն տանելու նպատակով:
ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
(28) Սահմանադրական կարգի վերականգնումից հետո անհրաժեշտ է հետեւողականորեն շարունակել 1990-ական թվականների բարեփոխումները։ Բարեփոխումների առաջնահերթ կարիք ունեն ընտրական համակարգը, դատաիրավական, առողջապահության, կենսաթոշակային, բարձրագույն կրթության եւ գիտության, հանրակրթության, գյուղատնտեսության, բնապահպանության, մշակույթի բնագավառները, որոնցից յուրաքանչյուրի համար առանձին Հայ Ազգային Կոնգրեսը պաշտոնապես ներկայացրել է մանրամասն ծրագրեր։ Այլ բնագավառների բարեփոխման ծրագրային թեզերն ամփոփված են Կոնգրեսի՝ Հայաստանի համակարգային վերափոխման «100 քայլ» ծրագրում։
Ներքին քաղաքականության առաջնահերթ խնդիրներ
(29) - Սահմանադրական կարգի վերականգնումը, այն է՝ իշխանության ձեւավորումն ազատ եւ օրինական ընտրությունների միջոցով.
(30) - Կոռուպցիոն բրգաձեւ համակարգի եւ ավազակապետության կազմաքանդումը, գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների՝ սահմանադրությամբ նախատեսված անկախության եւ միմյանց հակակշիռ լինելու վիճակի վերականգնումը.
(31) - Ժողովրդավարության հաստատումը, խոսքի, մամուլի, խղճի, տեղեկատվություն ստանալու ազատության ապահովումը, բազմակուսակցականության եւ պառլամենտարիզմի վերջնական արմատավորումը.
(32) – Քաղաքացիական հասարակության ինստիտուտների՝ տեղական ինքնակառավարման մարմինների, արհմիությունների, ստեղծագործական միությունների, հասարակական կազմակերպությունների ամրապնդումը.
(33) – Իրավապահ մարմինների եւ բանակի՝ քաղաքականության մեջ ներքաշվածության գոյություն ունեցող պրակտիկայի բացառումը.
(34) – Վարչական ավելորդ օղակների վերացումը եւ վերջին տասնհինգ տարիների ընթացքում անհարկի ուռճացած պետական ապարատի կրճատումը.
Օրինականության վերականգնում
(35) Ոչ օրինակարգ իշխանության հաստատած ավազակապետական ռեժիմի պայմաններում խաթարվել է մարդկանց հավատն իրավական պետության, օրենքի, արդարության նկատմամբ, խեղաթյուրվել երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը։ Այդ ամենի վերականգնման համար անհրաժեշտ են հետեւյալ հրատապ միջոցառումները.
(36) – Օրենքի առջեւ մարդկանց հավասարության եւ դատարանների լիակատար անկախության ապահովում՝ բացառելով իշխանության մյուս թեւերի կողմից դատավորների վրա գործադրվող որեւէ ճնշում.
(37) – Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների ընդլայնում՝ նպատակ հետապնդելով այդ ինստիտուտը վերածելու պետական հաստատությունների, մասնավորապես, իրավապահ մարմինների իրական եւ արդյունավետ հակակշռի.
(38) – Անզիջում պայքար կոռուպցիայի, պաշտոնեական չարաշահումների, կաշառակերության, դրամաշորթության, վիճակագրական կեղծարարությունների, քրեական եւ տնտեսական հանցագործությունների դեմ.
(39) – Առանձնահատուկ վերաբերմունքի դրսեւորում անցյալում կատարված աղմկոտ հանցագործությունների՝ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, 2008թ. մարտի 1-ին խաղաղ ցուցարարների սպանությունների, քաղաքական մյուս սպանությունների, ինչպես նաեւ տնտեսական հանցագործությունների եւ սեփականաշնորհման բնագավառում տեղի ունեցած չարաշահումների բացահայտման նկատմամբ.
(40) – Տնտեսական հանցագործությունների բացահայտման ընթացքում օրինականության լիարժեք գործադրում, վհուկների որսի եւ սեփականության վերաբաշխման միտվածության իսպառ բացառում.
Տնտեսական բնագավառ
(41) – Կառավարման բարելավում, օրինականության հաստատում, բարեփոխումների նոր փաթեթի ընդունում, ստվերայնության կրճատում կամ, ավելի ճիշտ, պետական ռեկետի վերացում.
(42) – Շուկայական տնտեսության երեք հիմնական սկզբունքների հետեւողական գործադրում, ինչը ենթադրում է՝ տնտեսավարող սուբյեկտներին հավասար հնարավորությունների ընձեռում, ազատ մրցակցության ապահովում եւ սեփականության անձեռնմխելիության երաշխավորում.
(43) – Օրինականության եւ լիակատար թափանցիկության ապահովում սեփականաշնորհման, պետական գույքի եւ հողի վաճառքի, աճուրդների եւ տենդերների կազմակերպման, լիցենզիաների տրամադրման եւ շինարարական աշխատանքների թույլտվության հարցերում.
(44) – Հարկային օրենսդրության կատարելագործում, հարկման բազայի ընդլայնում, հարկային բեռի հավասարաչափ բաշխում, խոշոր ձեռներեցների անխտիր ընդգրկում հարկման դաշտ, պետության կողմից հարկային կանխավճարների եւ ավելացված արժեքի հարկի վերադարձման երաշխավորում.
(45) – Հակամենաշնորհային քաղաքականության հետեւողական իրագործում, ներմուծվող ապրանքների շուկայում քվոտաների բաշխման եւ մենաշնորհային դիրքի առաջացման անթույլատրելիություն, ոչ բարեխիղճ մրցակցության կամ մենաշնորհային գործելակերպի պարագայում օրենքով նախատեսված խիստ պատժամիջոցների կիրառում.
(46) – Արտադրության խթանմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների իրականացում, նկատի ունենալով, մասնավորապես, հիմնական կապիտալում ներդրվող միջոցների հաշվառումը արտադրանքի ինքնարժեքի կազմում եւ դրանց ազատումը շահութահարկից, ինչպես նաեւ շահութահարկից կանխավճարներ մուծելու պրակտիկայի դադարեցումը եւ ներքին արտադրողի շահերի հավասարեցումը ներմուծողի նկատմամբ.
(47) – Պետական աջակցության ցուցաբերում բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության, մասնավորապես, տեղեկատվական եւ հեռահաղորդակցության բնագավառներում գործող արտադրությունների եւ մատուցվող ծառայությունների զարգացման, ինչպես նաեւ՝ արագագործ եւ մատչելի ինտերնետային ցանցի համատարած ներդրման գործում.
(49) – Բանկային գործունեությանը վերաբերող օրենսդրության վերանայում, մասնավորապես, Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությունների ընդլայնում՝ ի հաշիվ նրա նախագահին վերապահված անհամաչափ լիազորությունների, նոր բանկերի գրանցման պահանջների մեղմացում, ներդրումային հիմնադրամների, ֆոնդային բորսայի, վարկային կազմակերպությունների գործունեության խթանում։
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
(50) Հայաստանը ներկա ռեժիմի օրոք շեղվել է համաշխարհային գործընթացների գլխավոր մայրուղուց, դատապարտվել քաղաքական եւ տնտեսական մեկուսացման, դուրս մնացել տարածաշրջանային զարգացման ծրագրերից եւ հայտնվել երրորդ աշխարհի հետամնաց երկրների շարքում։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը պետք է ուղղված լինի տարածաշրջանում եւ աշխարհում կայուն խաղաղության եւ տնտեսական համագործակցության ապահովմանը: Ըստ այդմ՝ արտաքին քաղաքական խնդիրների շարքում իրենց կարեւորությամբ առանձնանում են.
(51) – Ազգային շահերի վրա հիմնված հավասարակշիռ եւ կառուցողական դիվանագիտության վերականգնումը, բոլոր երկրների հետ բարեկամության եւ փոխշահավետ համագործակցության ձգտումը, համագործակցություն «բոլոր ազիմուտներով».
(52) - Սերտ համագործակցություն միջազգային քաղաքականության խոշոր դերակատարների հետ. Ռուսաստանի`ռազմական գործընկերության, համատեղ անվտանգության երկկողմ եւ հավաքական համակարգերի ամրապնդման, տնտեսական համագործակցության բնագավառում, Եվրոպական Միության, նրա անդամակից երկրների, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների`տնտեսական համագործակցության եւ ժողովրդավարության ու ազատական շուկայական տնտեսության զարգացման, ՆԱՏՕ-ի հետ համգործակցության բնագավառներում, Չինաստանի`տնտեսական եւ քաղաքական կապերի սերտացման հարցում.
(53) – Միջազգային կազմակերպությունների առջեւ ստանձնած պարտավորությունների կատարումը.
(54) – Բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումն ու խորացումն անմիջական հարեւանների՝ Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի հետ, կառուցողական ջանքերի գործադրումը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ.
(55) – Հայաստանի քաղաքական եւ տնտեսական մեկուսացման հաղթահարումը, միջազգային եւ տարածաշրջանային տնտեսական համակարգերում երկրի ներգրավվածության աստիճանի բարձրացումը.
(56) – Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում քաղաքական կամքի դրսեւորումը, հանդես գալով արցախահայության ինքնորոշման իրավունքի պաշտպանության եւ հարցի լուծման փոխզիջումային տարբերակի որոնման դիրքերից.
(57) - Հայաստանի խնդիրն է նպաստել սփյուռքի կրթական, հոգեւոր եւ մշակութային հաստատությունների ամրապնդմանը, միջհամայնքային կապերի սերտացմանը եւ ակտիվ համագործակցությանը՝ միաժամանակ խուսափելով միջամտել ներհամայնքային հարաբերություններին: Հայաստանը պետք է արագորեն արձագանքի որեւէ երկրի հայ համայնքի նկատմամբ այլատյացության եւ այլ կարգի սպառնալիքների, իրավունքների սահմանափակումների դրսեւորումներին:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
(58) Սոցիալական քաղաքականության հիմքում պետք է ընկած լինեն աղքատության վերացման, սոցիալական արդարության ապահովման, զբաղվածության եւ ծնելիության խթանման խնդիրները, որոնց լուծման համար, առաջին հերթին, անհրաժեշտ է իրականացնել հետեւյալ անհետաձգելի միջոցառումները.
(59) ա) Բնակչության իրական եկամուտների անշեղ աճի ապահովում։
(60) բ) Քաղաքացու կենսաթոշակային ապահովության պատասխանատվությունն ընկած է պետության, գործատուի եւ քաղաքացու վրա։ Պետական պարտադիր վճարումներից ձեւավորվում է կայուն, երաշխավորված պետական կենսաթոշակը։ Դրան պետք է ավելանա լրացուցիչկենսաթոշակը՝ քաղաքացիների կամավոր եւ գործատուների պարտադիր վճարումներից։ Պետք է անցում կատարել կենսաթոշակների նորմատիվային ձեւավորման սկզբունքին։ Յուրաքանչյուր տարվա միջին պարտադիր պետական աշխատանքային կենսաթոշակը պետք է սահմանվի տվյալ տարվա միջին աշխատավարձի որոշակի տոկոսով։
(61) գ) Ձեւավորել բժշկական արտադրողա-ֆինանսական ենթակառուցվածք, որը կնպաստի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վերարտադրողական առողջության ապահովմանը։ Ավելացնել երեխաների ծննդյան համար մայրերին տրվող միանվագ նպաստները՝ այն կապելով միջին աշխատավարձի հետ։
(62) դ) Բնակչության խորհրդային ավանդները ձեւակերպել որպես պետական պարտատոմսեր՝ դրանք մարելով կրկնակի անգամ ավելի արագ եւ կրկնակի անգամ ավելի մեծ ծավալներով, քան նախատեսված է 2005 թվականին ընդունված օրենքով։
(63) (ե) Պետության կողմից իրականացնել սոցիալական բնակարանային շինարարության ծրագիր՝ երիտասարդ կամ բնակարանազուրկ ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար։
(64) զ) Առողջապահության, կրթության, գիտության ոլորտներում մեծացնել պետական ծրագրերի դերը եւ տեսակարար կշիռը, ներդնել հավաստագրային եւ հասցեագրված ֆինանսավորման համակարգեր՝ մասնավոր կապիտալի ներգրավվածության ընդլայնմամբ, ապահովագրական եւ հիպոթեկային հիմնադրամների հնարավորությունների լիարժեք օգտագործմամբ։
(65) է) ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար ձգտել հասնել սոցիալական ստանդարտների ապահովմանը ՄԱԿ-ի մարդկային զարգացման համաթվի միջին վիճակագրական ցուցանիշից ոչ պակաս մակարդակով:
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ՍՇԱԿՈՒՅԹ
(66) Գիտական, կրթական ու մշակութային քաղաքականության հիմքում պետք է լինեն ստեղծագործական նախաձեռնություններին աջակցելը, ինքնությունների ստեղծման ողջունումը, մշակութային բազմազանության եւ միջմշակութային հաղորդակցության քաջալերումը:
(67) Հանրակրթության ոլորտում պետք է ներդրվի բյուջետային միջոցների հատկացման՝ սովորողների ֆինանսավորման կրթության պետական հավաստագրման քարտային անհատական համակարգ, ֆինանսավորվեն ոչ թե դպրոցները, այլ աշակերտները:
(68) Գիտության եւ բարձրագույն կրթության զարգացումը խիստ կենսական նշանակություն ունի բնական պաշարներով ոչ հարուստ Հայաստանի համար: Հիմնարար գիտությունների եւ բարձր տեխնոլոգիաների զարգացումն արդյունավետ եւ մրցունակ հիմք է գիտատար ապրանքի վրա հիմնված տնտեսության հիմնադրման եւ արդի մարտահրավերների հաղթահարման համար:
(69) Պետության կողմից պետք է ներդաշնակվեն գիտության, կրթության եւ մշակույթի կառավարումը եւ տարվող քաղաքականությունը՝ նկատի ունենալով, որ վերոգրյալ ոլորտները փոխկապակցված են հետեւյալ բանաձեւով՝ «գիտությունը նոր գիտելիք է գեներացնում, այն` կրթության միջոցով, փոխանցում է սերունդներին, իսկ ձեռք բերված գիտելիքը պահպանում է մշակույթը»:
(70) Գիտության եւ կրթության կարեւորագույն առաքելությունն է գիտելիքի «կուտակման, տնօրինման, փոխանցման» կամ «ստանալու, զարգացնելու, հաղորդելու» փիլիսոփայությունը: Այն քաղաքացի-պետություն փոխհարաբերության եւ պետության զարգացման հիմնական կենսափիլիսոփայության առանցքն է` երբ յուրաքանչյուրը հնարավորություն ունի ազատորեն ինքնադրսեւորվելու եւ պատասխանատվություն ստանձնելու իր «ստացածի, զարգացրածի եւ հաղորդածի» համար:
(71) Արդյունավետ մշակութային քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ է անցնել նոր` տարբերակված, ապակենտրոնացված համակարգի, որտեղ կապահովվի մշակութային հաստատությունների եւ ստեղծագործական նախաձեռնությունների սեփականության, ղեկավարման, ֆինանսավորման ձեւերի բազազանությունը:
(72) Մշակութային քաղաքականության արդիականացման հիմնական սկզբունքը համընդհանուր հաղորդակցությունն ու մատչելիությունն է, որն իրականացվում է մշակութային թարգմանությամբ: Մշակութային քաղաքականությունը պետք է նպաստի ինչպես պատմամշակութային ժառանգության ներկայացմանն ու տարածմանը, այնպես էլ համամարդկային արժեքների ներգրավմանը հայկական միջավայր:
(73) Ազգային փոքրամասնությունների մշակութային եւ լեզվական բազմազանությունը պետք է դիտարկել որպես Հայաստանի մշակութային միջավայրի բաղկացուցիչ՝ օժտված պատշաճ պետական հոգածությամբ։
(74) Մշակութային ժառանգության հոգեւոր եւ նյութական արժեքները պետք է գտնվեն պետության հոգածության ներքո, որպես առաջնային պահպանման օբյեկտ:
Հայ ազգային կոնգրես կուսակցության ծրագրի նախագիծը
Ստորեւ ներկայացնում ենք Հայ Ազգային Կոնգրես կուսակցությանԾրագրի նախագիծը։ Կուսակցության անդամներին խնդրում ենք իրենց դիտողություններն ու առաջարկները նախապես, մինչեւ համագումար ուղարկել [email protected] էլեկտրոնայն հասցեով՝ դրանց քննարկումն առավել արդյունավետ կազմակերպելու համար։ Տեքստում առաջարկվող փոփոխությունների կամ լրացումների առաջարկները պետք է լինեն հստակ ձեւակերպված։
(Ծրագրի տեքստի՝ ըստ պարբերությունների փակագծերում պայմանական համարակալումն արված է քննարկման փուլում հղումները դյուրացնելու նպատակով)։
ՀԱԿ համագումարի կազմկոմիտեի Ծրագրի հանձնաժողով
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
ՄՈՒՏՔ
(1) Հայ ժողովուրդը, երկար դարեր օտարի տիրապետության տակ՝ պահպանել է ազատության ձգտումը եւ դրա երաշխիք անկախ պետականության ձեռքբերումը որպես ազգային նպատակ։ Հայաստանի պետականության վերականգնումը 1918-1920թթ., ապա որպես պետական միավոր Խորհրդային Հայաստանի գոյությունը հիմք դարձան Հայաստանի Հանրապետության ստեղծման համար։ Սակայն առաջինն իր կարճատեւությամբ, երկրորդն իր ոչ լիարժեք ինքնուրույնությամբ չէին կարող լինել այն միջավայրը, հիմքը, որի վրա կվերականգնվեր դարերի ընթացքում անխուսափելիորեն կորսված պետական զգացողության, բանական քաղաքական մտածողության, պետականության ավանդույթի բացը։ Այդ ամենը տեղի ունեցավ պատմականորեն կարճ, սակայն ազգային զարթոնքի ու քաղաքական հագեցվածության առումով գերխիտ՝ 1988-1990թթ. Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման ընթացքում. իրական քաղաքական կատեգորիաներով եւ մտածողությամբ հաղթահարվեց հարյուրամյակներ շարունակ հայ քաղաքական մտքի հիմքում դրված հուզական եւ իռացիոնալ ըմբռնումների ու պատկերացումների ծանր իներցիան։ Քաղաքական մշտական կողմնորոշման մերժման, սեփական ուժերին ապավինելու, իրատեսության սկզբունքների գործադրմամբ իրականացավ հայ ժողովրդի անկախության ձեռքբերումը։ Հայկական նորաստեղծ պետականության հիմքում դրված իրական քաղաքական սկզբունքների ու պատկերացումների շնորհիվ կարճ ժամանակում հնարավոր եղավ դիմագրավել այն մարտահրավերները, որ առաջացել էին Խորհրդային Միության փլուզմամբ, իսկ Հայաստանում այդ դժվարությունները քառապատկվել էին Աղետի գոտու, 300.000 փախստականների, տնտեսական շրջափակման եւ փաստացի պատերազմի հետեւանքով։ Չնայած պատերազմական պայմաններին, ներքաղաքական կյանքում հետեւողականորեն արմատավորվում էր ժողովրդավարությունը, կատարվում էին համակարգային արմատական բարեփոխումներ, տնտեսական շրջափակման մեջ գտնվող երկիրը 1994-ին արձանագրեց կայուն տնտեսական աճ, 1995-ին հաղթահարվեց էներգետիկ ճգնաժամը, հաղթանակով ավարտվեց Ղարաբաղյան պատերազմը՝ բոլորը միասին քաղաքական մի սխրանք, որ աննախադեպ էր Հայոց նորագույն պատմության մեջ։
(2) 1998թ. կատարված պետական հեղաշրջմամբ եւ ոչ օրինակարգ իշխանության հաստատմամբ խաթարվեց Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ Մի կողմ դրվեցին պետականության՝ իրենց կենսունակությունն ու արդյունավետությունն ապացուցած հիմնադրույթները, դրանք փոխարինվեցին իշխանության եւ քաղաքականության մասին գավառական պատկերացումներով եւ ընկալումներով։ Իշխանազավթման գործընթացն իր ավարտին հասավ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ, դրվեցին կոռուպցիոն համակարգի եւ ավազակապետական ռեժիմի ստեղծման հիմքերը։ Իր վերարտադրությունն ապահովելու համար ռեժիմը 2004թ. ապրիլի 12-ին դիմեց դաժան բռնության 2003 թ. նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող խաղաղ ցուցարարներ դեմ, իսկ 2008 թ. նախագահական ընտրություններից հետո նա իշխանությունը պահեց միայն մարտի 1-ին կատարած ռազմական հեղաշրջմամբ, ժողովրդի վրա կրակելով, 10 զոհերի գնով։ Ավազակապետական իշխանության կողմից մերժվեցին ոչ միայն 90-ականների քաղաքական սկզբունքներն ու պետականության հիմնադրույթները։ Նրա իշխանության պայմաններում վտանգված է հայ ժողովրդի ազգային ինքնության առանցքը կազմող ավանդական արժեքային համակարգը։ Շարունակություն չունեցան կամ կասեցվեցին 1990-ականների բարեփոխումները, մսխվեցին դրա արդյունքները։ Օրենքները փոխարինվեցին քրեական աշխարհի հարաբերություններով, արմատավորվեց ու խրախուսվեց տգիտությունը, ոչնչացվեց ժողովրդավարությունը, արհամարվեցին մարդու իրավունքները, քաղաքացին մնաց անպաշտպան ինչպես պետական մեքենայի, այնպես էլ իրեն արտոնյալ վիճակում դրած ավազակապետական «էլիտայի» հանդիման։ Աղետաբեր ներքին քաղաքականության առարկայական արդյունքն ու չափանիշը խաղաղ պայմաններում կայուն աճող արտագաղթն է, ինչը ժողովրդագրական խնդիրը երկրի ազգային անվտանգության համար դարձնում է թիվ մեկ սպառնալիքը։
(3) Հայ Ազգային Կոնգրեսը ձեւավորվել է որպես համաժողովրդական շարժում, որպես հակազդեցություն ռեժիմին 2008 թ. կեղծած նախագահական ընտրությունների առիթով՝ նպատակ ունենալով վերականգնել խաթարված սահմանադրական կարգը, կազմաքանդել ավազակապետական համակարգը եւ կոռուպցիոն բուրգը, քաղաքական կյանքը վերադարձնել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների նորմերին։ Հինգ տարի շարունակ իր ամենօրյա պայքարը մղելով որպես տասնյակ քաղաքական ուժերի եւ տասնյակ հազարավոր անհատների համախմբում՝ Հայ Ազգային Կոնգրես ժողովրդավարական շարժումը լուծել է կարեւոր ընթացիկ խնդիրներ՝ սասանել է ռեժիմի հիմքերը, հետամուտ եղել մարդու իրավունքների եւ ժողովրդավարության նորմերի պահպանմանը, քաղաքականապես կրթել ու քաղաքացիական շունչ է հաղորդել հասարակությանը, խոչընդոտել է ռեժիմի կողմից ժողովրդի կատարյալ ահաբեկմանը, նպաստել քաղաքացիական հասարակության ձեւավորմանը։ Իր առջեւ դրված առաջնահերթ քաղաքական խնդիրները լուծելու հաստատակամությամբ եւ Հայաստանն ազատ ու արժանապատիվ քաղաքացու երկիր դարձնելու նպատակով, Հայ Ազգային Կոնգրեսը վերածվում է առավել կազմակերպված քաղաքական ուժի՝ որպես քաղաքական ժառանգություն ու հենք ունենալով 1988-ի ժողովրդավարական շարժման եւ այդ հիմքի վրա կառուցված պետականության, 2008 թ. համաժողովրդական շարժման ավանդները եւ դավանած պետականության հիմնադրույթները։ Սույն ծրագիրի հիմքում ընկած են Հայոց Համազգային Շարժման, Հայ Ազգային Կոնգրեսի, ինչպես նաեւ 2008 թ. նախագահական եւ 2012 թ. խորհրդարանական ընտրությունների ծրագրային փաստաթղթերը։
***
(4) Արդեն շուրջ 15 տարի Հայաստանն ապրում է ոչ օրինակարգ իշխանության եւ սահմանադրական կարգի խաթարման պայմաններում։ Այս հանգամանքը թելադրում է Ծրագրում ունենալ որոշակի առաջնահերթ, մեկանգամյալուծելիք խնդիրներ, առանց որի անիմաստ է հասարակական կյանքը սոցիալ-ազատականության կամ քաղաքական որեւէ այլ գաղափարախոսության վրա վերափոխելու որեւէ ծրագիր։ Նույն ընթացքում ավազակապետական ռեժիմը ավերածություններ է գործել նաեւ քաղաքական դաշտում՝ հասարակական-քաղաքական մտքի ու գաղափարների բնագավառում, ուստիեւ սույն Ծրագրում անհրաժեշտաբար արված են նաեւ հանրահայտ իրողությունների արձանագրումներ, որոնք ժամանակավրեպ պիտի համարվեին երկրի բնականոն զարգացման դեպքում երկուսուկես տասնամյա պետականություն ապրած երկրի ու նրա քաղաքական մտքի համար։
ՀԻՄՆԱՐԱՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
(5) Իշխանության հասնելու եւ իր ծրագրերն իրականացնելու համար, Հայ Ազգային Կոնգրեսը գործելու է բացառապես օրինականության շրջանակներում՝ իր գաղափարներին համահունչ ձեւավորելով ժողովրդի քաղաքական կամքը։ Ոչ սահմանադրական ճանապարհով իշխանության գրավումը, անգամ ամենահնչեղ կարգախոսներով, ծրագրերով ու ցանկություններով, բերում է ճիշտ հակառակ՝ պետության եւ ժողովրդի համար կործանարար արդյունքի։
(6) Երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական խնդիրները պետք է ձեւակերպվեն քաղաքական իրատեսության հիմքի վրա։ Քաղաքական հաշվարկները պետք է կատարել ելնելով սեփական ուժերից ու հնարավորություններից, ինչի մեջ է մտնում նաեւ որեւէ հարցում դաշնակիցներ ձեռք բերելու կարողությունը։ Սեփական ուժերի սխալ հաշվառմամբ, օտարին ապավինելու հիմքի վրա կառուցված քաղաքական խնդիրները կամ սեփական ուժերին եւ հնարավորություններին անհամաչափ քայլերի կատարումը կարող է բերել անդառնալի կորուստների։Արտաքին գործոնները որոշակի քաղաքական խնդիրներ լուծելիս կարող են միայն օժանդակ դեր խաղալ։
(7) Հայ Ազգային Կոնգրեսն անընդունելի է համարում արտաքին քաղաքական որեւէ կողմնորոշում՝ որպես ազգի հավերժական դիրքորոշում: Դա հակասում է ազգերի ինքնորոշման միջազգային սկզբունքին, անկախ պետականության գաղափարին եւ թուլացնում ազգի կենսունակությունը։
(8) Անկախ պետականությունը – Անկախ պետականությունը յուրաքանչյուր ազգի ազատության եւ ինքնորոշման իրավունքի իրացումն է, ինչը ձեւակերպված է որպես ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունք։ Ազգի գոյատեւման, զարգացման ու բարգավաճման, անհատի ազատության եւ արժանապատիվ կյանքի ապահովման միջոցն անկախ ժողովրդավարական պետությունն է։ Պետության գործառույթն այդ խնդիրների լուծման համար ներքին եւ արտաքին լավագույն պայմանների ստեղծումն ու խոչընդոտների վերացումն է։
(9) Պատմականորեն ձեւավորված թյուրըմբռնում է ազգային եւ պետական շահերի տարբերության մասին պատկերացումը։ Անկախ պետականության պայմաններում ազգային գերագույն արժեքը սահմանադրությամբ օժտված, ժողովրդավար, ազատ, անկախ պետությունն է։ Պետության հոգածության առաջնային օբյեկտը քաղաքացին է։ Ներքին թե արտաքին ասպարեզում պետության հետապնդած յուրաքանչյուր խնդիր պետք է անմիջապես կամ միջնորդավորված բխի Հայաստանի ժողովրդի ու քաղաքացու շահերից ու սպասարկի նրանց կարիքները։
(10) Երկրի ապահովության խնդրի համապարփակ լուծման համար կարեւոր նշանակություն ունեն Հայաստանի բարիդրացիական հարաբերություններն անմիջական հարեւանների՝ կովկասյան եւ մերձավորարեւելյան երկրների հետ, ինչպես նաեւ բնականոն հարաբերությունների ապահովումն աշխարհի այլ պետությունների ու միջազգային կառույցների հետ։ Ազգային անվտանգության առումով անթույլատրելի է, ինչպես երկրի տարածքում այլ երկրների պետական սեփականության, այնպես էլ երկրի ներքաղաքական կյանքին միջամտելու եւ ուղղորդելու այլ լծակների օգտագործումը։
(11) Արտաքին վտանգներին համաչափ ռազմական կարողությունների եւ պաշտպանական մասնագիտացված կառույցների ձեւավորումն անկախ պետականության հրամայականն է, ինչը ժամանակակից աշխարհում պահանջում է տնտեսական համակարգի բարձր զարգացվածություն եւ ֆինանսատնտեսական մեծ ռեսուրսներ։ Ուստիեւ՝ որպես պետական անկախության, անվտանգության երաշխիք, մեծանում է զարգացող ու մրցունակ տնտեսության, սոցիալական արդարություն ապահովող համակարգերի, համաշխարհային եւ տարածաշրջանային կառույցներին, տնտեսական ծրագրերին ինտեգրվելու դերը։
(12) Ժողովրդավարության, օրինականության եւ իրատեսական քաղաքականության սկզբունքներով առաջնորդվելու դեպքում, Հայաստանը կարող է դառնալ տնտեսապես շահավետ բանուկ ճանապարհների խաչմերուկ, դրանով իսկ ստանալով ոչ միայն տնտեսական զարգացման խթան, այլեւ պետական անվտանգության լրացուցիչ երաշխիքներ։
(13) Ժողովրդավարությունը - Ժողովրդավարությունն ավելի քան որեւէ այլ քաղաքական համակարգ, պաշտպանում է մարդու արժանապատվությունը եւ ենթադրում է. մարդու իրավունքների եւ ազատությունների երաշխավորված պաշտպանություն, քաղաքական բազմակարծության ապահովում, իշխանությունների հստակ տարանջատման սկզբունքի կիրառում, օրենքի գերակայություն եւ բոլորի հավասարություն օրենքի առջեւ, իշխանության ձեւավորում ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների միջոցով, իրավական եւ սոցիալական պետության կայացում, էթնիկական, կրոնական եւ մշակութային բազմազանության հարգում, փոքրամասնության իրավունքների երաշխավորված պաշտպանություն։ Ժողովրդավարության պայմաններում է հնարավոր առավելագույնս ապահովել պետության իրավականությունը եւ սոցիալական արդարությունը։
(14) Ժողովրդավարության հիմունքներով ընտրված եւ իր պատասխանատվությունը գիտակցող իշխանությունը կարող է պատրաստ լինել անհրաժեշտ որոշումներ ընդունել նաեւ այն դեպքում, երբ հանդիպում է հասարակական կարծիքի դիմադրությանը։ Միայն դրան ընդունակ իշխանությունն է, որ կարող է իրականացնել անհրաժեշտ քաղաքական շրջադարձերը, ապահովել փոքրամասնության իրավունքները, արդարացնել իր պատասխանատվությունը ներկա եւ գալիք սերունդների առջեւ։
(15) Կարեւորելով նաեւ ներկուսակցական ժողովրդավարության դերն ու նշանակությունը, Կոնգրեսը նախատեսում է կուսակցության ներսում ֆրակցիաների գոյությունը եւ հանձնարարում է նորընտիր վարչությանը մշակել եւ հաջորդ համագումարին ներկայացնել ֆրակցիաների գործունեության կանոնակարգը։
(16) Իրավական պետությունը – Իրավական պետության գաղափարը հակադրությունն է ամեն տեսակ կամայականությունների՝ լինի դա մեծամասնության դիկտատուրա, բռնապետություն, ոստիկանական պետություն կամ, ինչպես Հայաստանում է՝ ավազակապետություն։ Ժողովրդավարական, իրավական պետության ստեղծման համար անհրաժեշտ է առաջնորդվել Սահմանադրությամբ։ Պատիժը պետք է նշանակվի բացառապես հրապարակված եւ հստակ որոշակիացված նորմերին եւ ընթացակարգերին համապատասխան։ Բոլորը հավասար են օրենքի առջեւ եւ հավասարապես պաշտպանված օրենքով՝ անկախ իրենց քաղաքական, սոցիալական եւ տնտեսական դիրքից։ Պետք է գործեն անկախ, անկողմնակալ եւ մատչելի դատարաններ։ Իրավական համակարգը կարգավորում է ազատ մարդկանց խաղաղ համակեցությունը։ Իրավական պետության պայմաններում քաղաքացիների միջեւ ծագող եւ այլ կոնֆլիկտները լուծվում են ոչ թե ուժեղի կամքի, այլ օրենքի եւ իրավունքի հիման վրա։
ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
(17) Ազատությունը – Բոլոր մարդիկ ծնվում են ազատ եւ ունեն ազատության իրավունք։ Ժողովրդի ազատությունն ինքնորոշման, անկախ ազգային պետականությամբ ապրելու իրավունքն է։ Ազատ Հայաստանը կարող է ապահովել իր քաղաքացների ազատությունը։ Մարդու ազատությունը սահմանափակված է այլ անձանց եւ ժողովրդի ազատությունը՝ այլ ժողովուրդների ազատության իրավունքը չխախտելու սկզբունքով։ ՀՀ քաղաքացին ու նրա ազատությունը գերագույն արժեք են։ Ազատության ապահովումը հնարավոր է անկախ պետականության, օրինակարգ իշխանության, ժողովրդավարության պայմաններում՝ անհատի արժանապատվության, մարդու հիմնարար իրավունքների պահպանմամբ։ Լիարժեք ազատությունը ներառում է անձնական եւ համատեղ պատասխանատվություն։
(18) Սոցիալական արդարությունը – Ազատությունը եւ սոցիալական արդարությունը փոխկապակցված են.ազատությունը կարող է պահպանվել այն հասարակություններում, որը ձգտում է սոցիալական արդարության։Սոցիալական արդարությունը հնարավորությունների հավասարության սկզբունքի կիրառմամբ ապահովում է մարդու ազատ եւ առավել դյուրին անցման հնարավորությունը սոցիալապես ավելի պակաս ապահով խմբից ավելի ապահովը։ Պետությունը մարդու ստացած տարբեր տեսակի եկամուտների միջեւ համապատասխան նորմատիվային կապի օրենսդրորեն ապահովման եւ պրոգրեսիվ հարկային քաղաքականության միջոցով պետք է ապահովի բոլորի՝ առողջապահության, կրթության եւ այլ համակարգերից օգտվելու հավասար հնարավորությունը։
(19) Խաղաղությունը – Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի իր քաղաքացիների անվտանգության երաշխավորը: Պետությունը պետք է այդ անվտանգությունն ապահովի հզոր մարտունակ բանակի ստեղծմամբ, հավաքական անվտագության հուսալի համակարգերում ընդգրկվելու եւ արտաքին վտանգները նվազեցնելուն ուղղված հավասարակշիռ արտաքին քաղաքականությամբ: Հարեւան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը, տարածաշրջանային եւ միջազգային խաղաղությանը նպաստելը Հայաստանի անվտանգության ապահովման կարեւոր գործոն է, ինչի ապահովմանը պետք է ուղղված լինի մեր արտաքին քաղաքականությունը։ Հայաստանի տնտեսական զարգացման լավագույն պայմանները հարեւան երկրների հետ հարաբերություններում խաղաղության պահպանումն է, բարիդրացիական հարաբերությունների հաստատումն ու ամրապնդումը։
(20) Մարդու իրավունքները – Մարդու արժանապատիվ կյանքի ապահովման համար սոցիալական արդարության կողքին նույնքան անհրաժեշտ է մարդու իրավունքների ապահովումն ամբողջ ծավալով՝ նախատեսված ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ համապատասխան միջազգային փաստաթղթերով։
(21) Քաղաքացին – Պետության հոգածության առաջնային օբյեկտը եւ արժեքը երկրի քաղաքացին է։ Ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ պետությունը պետք է հետապնդի միմիայն այնպիսի խնդիրներ, որոնք անմիջապես կամ միջնորդավորված բխում են քաղաքացու շահերից եւ կոչված են այդ շահերի, նրա անվտանգության, ազատ ու արժանապատիվ կյանքով ապրելու սպասարկմանը։
(22) Հայոց լեզուն եւ ազգային մշակույթը – Հատուկ հոգածության առարկա պետք է լինի հայոց լեզուն՝ որպես ՀՀ պետական լեզու, որպես աշխարհի հնագույն, հարուստ եւ ինքնատիպ լեզուներից մեկը՝ ապահովելով դարեր ի վեր համամարդկային արժեքներ փոխանցողի եւ համամարդկայինին համահունչ ուրույն հայկական արժեքներ ստեղծողի նրա գործառույթի շարունակականությունը։ Հայկական մշակույթի զարգացման պայմանները պետք է բավարարեն մի կողմից՝ նրա ազգային նկարագրի պահպանմանը, մյուս կողմից՝ համաշխարհային մշակույթի նվաճումների յուրացմանը, ինչպես եղել է դարեր շարունակ։
ՍՈՑԻԱԼ-ԱԶԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
(23) Ժողովրդավարությանը որպես պետության քաղաքական համակարգի կազմակերպման ձեւի, համապատասխանում է շուկան՝ որպես տնտեսության կազմակերպման ձեւ։ Բոլոր քաղաքացիները պետք է սեփականության տիրապետման հնարավորություն ունենան։ Սեփականության տիրապետելը մարդուն ինքնուրույն որոշումներ ընդունելու հնարավորություն է տալիս եւ դրանով իսկ ապահովում նրա անձնական ազատությունը։
(24) Որպես գաղափարախոսական ուղենիշ կուսակցությունը որդեգրում է սոցիալ-ազատականությունը։ Այդ գաղափարախոսության անունն իսկ ամփոփում է այն երկու հիմնական իղձերը` ազատություն եւ սոցիալական արդարություն, որոնք եղել են եւ մնում են համաշխարհային պատմության հիմնական շարժիչ ուժերը։ Նորագույն պատմության ընթացքում ազատականության ու սոցիալական արդարության համար պայքարողները հաճախ հայտնվել են հակադիր ճամբարներում, եւ նույնիսկ այսօր այդ երկու գաղափարները հակադրելու փորձերը հազվագյուտ չեն։ Ազատությունն ու սոցիալական արդարությունը, սակայն, ոչ միայն հակադիր իղձեր չեն, այլեւ փոխկապակցված են եւ միմյանց փոխլրացնող, քանի որ հնարավոր չէ ունենալ ազատ հասարակություն՝ միաժամանակ չձգտելով սոցիալական արդարության, ինչպես հնարավոր չէ ապահովել արդարություն, երբ սահմանափակված են քաղաքացիական եւ տնտեսական ազատությունները։
(25) Սոցիալ-ազատականութունը ենթադրում է հավատարմություն շուկայական տնտեսության սկզբունքներին եւ գտնում է, որ պետությունը չի կարող լինել ժողովրդավարական՝ միաժամանակ մերժելով տնտեսության շուկայական կազմակերպման մոդելը։ Այդ մոդելի հիմքում ընկած է մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը եւ մասնավոր ձեռնարկատիրության քաջալերումը։ Սոցիալ-ազատականությունը հիմնականում ընդունելով շուկայի՝ որպես ինքնակարգավորվող համակարգի դերը, այնուամենայնիվ նախատեսում է պետության կարգավորիչ այնպիսի ներգործություն, որն ուղղված է ազատականության, ազատ մրցակցության համար հավասար պայմանների պաշտպանությանը, բոլորի տնտեսական նախաձեռնության խրախուսմանն ու գործարար շրջանակների ընդլայնմանը։ Թե՛ համաշխարհային փորձը, թե՛ ժամանակակից տնտեսագիտության տեսական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չկարգավորվող եւ պետության վերահսկողությունից ձերբազատված շուկան պարունակում է պարբերական եւ աղետալի ճգնաժամերի, տնտեսության մոնոպոլիզացիայի, անհավասար ստարտային հնարավորությունների խրամատավորման, շրջակա եւ հանրային ռեսուրսների նկատմամբ գիշատիչ վարքագծի դրդիչներ ստեղծելու եւ այլ բազմաթիվ վտանգներ։
(26) Սոցիալ-ազատականությունը չի սահմանափակում պետության գործառույթները բացառապես երկրի պաշտպանությամբ եւ կարգուկանոնի ապահովմամբ։ Սոցիալ-ազատական գաղափարախոսությունը պետության համար գործառույթների ավելի լայն շրջանակ է նախատեսում։ Մասնավորապես, պետությունը պետք է ունենա որոշակի երաշխիքներ տրամադրողի եւ ստարտային հավասարություններ ապահովող ինստիտուտի գործառույթ։ Խոսքը վերաբերում է հատկապես հասարակության առավել խոցելի խավերի համար արժանապատիվ կյանք ապահովելուն, համընդհանուր առողջապահական ապահովագրությանը եւ յուրաքանչյուր անհատի համար որակյալ կրթություն, այդ թվում բարձրագույն եւ մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելուն։
(27) Սոցիալ-ազատական գաղափարախոսությունը շեշտը դնում է հնարավորությունների, եւ ոչ արդյունքների հավասարության վրա, տնտեսական կարողությունների գերկենտրոնացումն ու հասարակության սուր շերտավորումը համարում սպառնալիք՝ ուղղված հավասար ստարտային հնարավորությունների սկզբունքին։ Գերկենտրոնացումն ու սուր շերտավորումը սպառնալիք են նաեւ ժողովրդավարական կառավարման համար, քանի որ չափազանց մեծ կարողություններ վերահսկող ուժերն ընտրությունների, քաղաքականության եւ պետական որոշումների վրա ազդելու անհավասար եւ արտոնյալ հնարավորություններ են ձեռք բերում։ Սոցիալ-ազատականությունը տեսնում է պրոգրեսիվ հարկման մեխանիզմը, ինչպես նաեւ որոշակի սահմանից անդին ժառանգության հարկումը, որպես նման հետեւանքներից խուսափելու անհրաժեշտ միջոց։ Խնդիրը հատկապես արդիական է այսօրվա Հայաստանի համար, քանի որ տնտեսության ապօրինի մենաշնորհացումը, տնտեսական ռեսուրսների գերկենտրոնացումը մի քանի ընտանիքների ձեռքում եւ տնտեսական շերտավորումը աղետալի չափերի են հասել եւ պահանջում է պետության նշանակալից միջամտություն երկիրը դեպի իրական ազատականություն տանելու նպատակով:
ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
(28) Սահմանադրական կարգի վերականգնումից հետո անհրաժեշտ է հետեւողականորեն շարունակել 1990-ական թվականների բարեփոխումները։ Բարեփոխումների առաջնահերթ կարիք ունեն ընտրական համակարգը, դատաիրավական, առողջապահության, կենսաթոշակային, բարձրագույն կրթության եւ գիտության, հանրակրթության, գյուղատնտեսության, բնապահպանության, մշակույթի բնագավառները, որոնցից յուրաքանչյուրի համար առանձին Հայ Ազգային Կոնգրեսը պաշտոնապես ներկայացրել է մանրամասն ծրագրեր։ Այլ բնագավառների բարեփոխման ծրագրային թեզերն ամփոփված են Կոնգրեսի՝ Հայաստանի համակարգային վերափոխման «100 քայլ» ծրագրում։
Ներքին քաղաքականության առաջնահերթ խնդիրներ
(29) - Սահմանադրական կարգի վերականգնումը, այն է՝ իշխանության ձեւավորումն ազատ եւ օրինական ընտրությունների միջոցով.
(30) - Կոռուպցիոն բրգաձեւ համակարգի եւ ավազակապետության կազմաքանդումը, գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների՝ սահմանադրությամբ նախատեսված անկախության եւ միմյանց հակակշիռ լինելու վիճակի վերականգնումը.
(31) - Ժողովրդավարության հաստատումը, խոսքի, մամուլի, խղճի, տեղեկատվություն ստանալու ազատության ապահովումը, բազմակուսակցականության եւ պառլամենտարիզմի վերջնական արմատավորումը.
(32) – Քաղաքացիական հասարակության ինստիտուտների՝ տեղական ինքնակառավարման մարմինների, արհմիությունների, ստեղծագործական միությունների, հասարակական կազմակերպությունների ամրապնդումը.
(33) – Իրավապահ մարմինների եւ բանակի՝ քաղաքականության մեջ ներքաշվածության գոյություն ունեցող պրակտիկայի բացառումը.
(34) – Վարչական ավելորդ օղակների վերացումը եւ վերջին տասնհինգ տարիների ընթացքում անհարկի ուռճացած պետական ապարատի կրճատումը.
Օրինականության վերականգնում
(35) Ոչ օրինակարգ իշխանության հաստատած ավազակապետական ռեժիմի պայմաններում խաթարվել է մարդկանց հավատն իրավական պետության, օրենքի, արդարության նկատմամբ, խեղաթյուրվել երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը։ Այդ ամենի վերականգնման համար անհրաժեշտ են հետեւյալ հրատապ միջոցառումները.
(36) – Օրենքի առջեւ մարդկանց հավասարության եւ դատարանների լիակատար անկախության ապահովում՝ բացառելով իշխանության մյուս թեւերի կողմից դատավորների վրա գործադրվող որեւէ ճնշում.
(37) – Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների ընդլայնում՝ նպատակ հետապնդելով այդ ինստիտուտը վերածելու պետական հաստատությունների, մասնավորապես, իրավապահ մարմինների իրական եւ արդյունավետ հակակշռի.
(38) – Անզիջում պայքար կոռուպցիայի, պաշտոնեական չարաշահումների, կաշառակերության, դրամաշորթության, վիճակագրական կեղծարարությունների, քրեական եւ տնտեսական հանցագործությունների դեմ.
(39) – Առանձնահատուկ վերաբերմունքի դրսեւորում անցյալում կատարված աղմկոտ հանցագործությունների՝ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, 2008թ. մարտի 1-ին խաղաղ ցուցարարների սպանությունների, քաղաքական մյուս սպանությունների, ինչպես նաեւ տնտեսական հանցագործությունների եւ սեփականաշնորհման բնագավառում տեղի ունեցած չարաշահումների բացահայտման նկատմամբ.
(40) – Տնտեսական հանցագործությունների բացահայտման ընթացքում օրինականության լիարժեք գործադրում, վհուկների որսի եւ սեփականության վերաբաշխման միտվածության իսպառ բացառում.
Տնտեսական բնագավառ
(41) – Կառավարման բարելավում, օրինականության հաստատում, բարեփոխումների նոր փաթեթի ընդունում, ստվերայնության կրճատում կամ, ավելի ճիշտ, պետական ռեկետի վերացում.
(42) – Շուկայական տնտեսության երեք հիմնական սկզբունքների հետեւողական գործադրում, ինչը ենթադրում է՝ տնտեսավարող սուբյեկտներին հավասար հնարավորությունների ընձեռում, ազատ մրցակցության ապահովում եւ սեփականության անձեռնմխելիության երաշխավորում.
(43) – Օրինականության եւ լիակատար թափանցիկության ապահովում սեփականաշնորհման, պետական գույքի եւ հողի վաճառքի, աճուրդների եւ տենդերների կազմակերպման, լիցենզիաների տրամադրման եւ շինարարական աշխատանքների թույլտվության հարցերում.
(44) – Հարկային օրենսդրության կատարելագործում, հարկման բազայի ընդլայնում, հարկային բեռի հավասարաչափ բաշխում, խոշոր ձեռներեցների անխտիր ընդգրկում հարկման դաշտ, պետության կողմից հարկային կանխավճարների եւ ավելացված արժեքի հարկի վերադարձման երաշխավորում.
(45) – Հակամենաշնորհային քաղաքականության հետեւողական իրագործում, ներմուծվող ապրանքների շուկայում քվոտաների բաշխման եւ մենաշնորհային դիրքի առաջացման անթույլատրելիություն, ոչ բարեխիղճ մրցակցության կամ մենաշնորհային գործելակերպի պարագայում օրենքով նախատեսված խիստ պատժամիջոցների կիրառում.
(46) – Արտադրության խթանմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների իրականացում, նկատի ունենալով, մասնավորապես, հիմնական կապիտալում ներդրվող միջոցների հաշվառումը արտադրանքի ինքնարժեքի կազմում եւ դրանց ազատումը շահութահարկից, ինչպես նաեւ շահութահարկից կանխավճարներ մուծելու պրակտիկայի դադարեցումը եւ ներքին արտադրողի շահերի հավասարեցումը ներմուծողի նկատմամբ.
(47) – Պետական աջակցության ցուցաբերում բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության, մասնավորապես, տեղեկատվական եւ հեռահաղորդակցության բնագավառներում գործող արտադրությունների եւ մատուցվող ծառայությունների զարգացման, ինչպես նաեւ՝ արագագործ եւ մատչելի ինտերնետային ցանցի համատարած ներդրման գործում.
(48) – Գյուղացիական տնտեսությունների սպասարկման ենթակառուցվածքների ստեղծում, գյուղատնտեսության զարգացման համալիր մջոցառումների ձեռնարկում.
(49) – Բանկային գործունեությանը վերաբերող օրենսդրության վերանայում, մասնավորապես, Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությունների ընդլայնում՝ ի հաշիվ նրա նախագահին վերապահված անհամաչափ լիազորությունների, նոր բանկերի գրանցման պահանջների մեղմացում, ներդրումային հիմնադրամների, ֆոնդային բորսայի, վարկային կազմակերպությունների գործունեության խթանում։
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
(50) Հայաստանը ներկա ռեժիմի օրոք շեղվել է համաշխարհային գործընթացների գլխավոր մայրուղուց, դատապարտվել քաղաքական եւ տնտեսական մեկուսացման, դուրս մնացել տարածաշրջանային զարգացման ծրագրերից եւ հայտնվել երրորդ աշխարհի հետամնաց երկրների շարքում։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը պետք է ուղղված լինի տարածաշրջանում եւ աշխարհում կայուն խաղաղության եւ տնտեսական համագործակցության ապահովմանը: Ըստ այդմ՝ արտաքին քաղաքական խնդիրների շարքում իրենց կարեւորությամբ առանձնանում են.
(51) – Ազգային շահերի վրա հիմնված հավասարակշիռ եւ կառուցողական դիվանագիտության վերականգնումը, բոլոր երկրների հետ բարեկամության եւ փոխշահավետ համագործակցության ձգտումը, համագործակցություն «բոլոր ազիմուտներով».
(52) - Սերտ համագործակցություն միջազգային քաղաքականության խոշոր դերակատարների հետ. Ռուսաստանի`ռազմական գործընկերության, համատեղ անվտանգության երկկողմ եւ հավաքական համակարգերի ամրապնդման, տնտեսական համագործակցության բնագավառում, Եվրոպական Միության, նրա անդամակից երկրների, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների`տնտեսական համագործակցության եւ ժողովրդավարության ու ազատական շուկայական տնտեսության զարգացման, ՆԱՏՕ-ի հետ համգործակցության բնագավառներում, Չինաստանի`տնտեսական եւ քաղաքական կապերի սերտացման հարցում.
(53) – Միջազգային կազմակերպությունների առջեւ ստանձնած պարտավորությունների կատարումը.
(54) – Բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումն ու խորացումն անմիջական հարեւանների՝ Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի հետ, կառուցողական ջանքերի գործադրումը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ.
(55) – Հայաստանի քաղաքական եւ տնտեսական մեկուսացման հաղթահարումը, միջազգային եւ տարածաշրջանային տնտեսական համակարգերում երկրի ներգրավվածության աստիճանի բարձրացումը.
(56) – Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում քաղաքական կամքի դրսեւորումը, հանդես գալով արցախահայության ինքնորոշման իրավունքի պաշտպանության եւ հարցի լուծման փոխզիջումային տարբերակի որոնման դիրքերից.
(57) - Հայաստանի խնդիրն է նպաստել սփյուռքի կրթական, հոգեւոր եւ մշակութային հաստատությունների ամրապնդմանը, միջհամայնքային կապերի սերտացմանը եւ ակտիվ համագործակցությանը՝ միաժամանակ խուսափելով միջամտել ներհամայնքային հարաբերություններին: Հայաստանը պետք է արագորեն արձագանքի որեւէ երկրի հայ համայնքի նկատմամբ այլատյացության եւ այլ կարգի սպառնալիքների, իրավունքների սահմանափակումների դրսեւորումներին:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
(58) Սոցիալական քաղաքականության հիմքում պետք է ընկած լինեն աղքատության վերացման, սոցիալական արդարության ապահովման, զբաղվածության եւ ծնելիության խթանման խնդիրները, որոնց լուծման համար, առաջին հերթին, անհրաժեշտ է իրականացնել հետեւյալ անհետաձգելի միջոցառումները.
(59) ա) Բնակչության իրական եկամուտների անշեղ աճի ապահովում։
(60) բ) Քաղաքացու կենսաթոշակային ապահովության պատասխանատվությունն ընկած է պետության, գործատուի եւ քաղաքացու վրա։ Պետական պարտադիր վճարումներից ձեւավորվում է կայուն, երաշխավորված պետական կենսաթոշակը։ Դրան պետք է ավելանա լրացուցիչ կենսաթոշակը՝ քաղաքացիների կամավոր եւ գործատուների պարտադիր վճարումներից։ Պետք է անցում կատարել կենսաթոշակների նորմատիվային ձեւավորման սկզբունքին։ Յուրաքանչյուր տարվա միջին պարտադիր պետական աշխատանքային կենսաթոշակը պետք է սահմանվի տվյալ տարվա միջին աշխատավարձի որոշակի տոկոսով։