Լրահոս

04.04.2013 15:53


Գալուստ Սահակյանը գյուղապետի սպանության մասին. «Հանրապետականները հո Դաշնակցությունը չե՞ն, որ զենքի մշակույթ ունենան»

Գալուստ Սահակյանը գյուղապետի սպանության մասին. «Հանրապետականները հո Դաշնակցությունը չե՞ն, որ զենքի մշակույթ ունենան»

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանի պնդմամբ` իր կուսակիցները որեւէ առնչություն չունեն Պռոշյանի դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությանը։

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, հիշեցնենք, երեկ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե իրենք քաղաքական ենթատեքստ են տեսնում դաշնակցական գյուղապետի սպանության գործում:

ՀՀԿ-ի փոխնախագահ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «անհեթեթություն» է որակել կասկածները, թե Հանրապետականը կարող է որեւէ առնչություն ունենալ սպանությանը:

«Հանրապետականները հո Դաշնակցությունը չե՞ն, որ զենքի մշակույթ ունենան: Հանրապետականները ի՞նչ կապ ունեն, որ սպանության մեջ ներգրավված լինեն: Անհեթեթություն է ընդհանրապես այդ միտքը շրջանառության մեջ դնելը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Սահակյանը` հավելելով, թե իր կուսակիցները «զենքի հետ առնչություն ունենում են միայն այլոց դեմ, ազգի թշնամիների դեմ». - «Բայց յուրայինների նկատմամբ` երբեք»:

Հրաչ Մուրադյանի սպանության գործով կան ձերբակալվածներ, սակայն ոստիկանությունը չի բացահայտում նրանց ինքնությունը` նախաքննության շահերից ելնելով:

Հավելենք, որ այսօր երեկոյան ֆեյսբուքյան «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը կազմակերպում է մոմավառությունը` ի հիշատակ Հրաչ Մուրադյանի:

Այս խորագրի վերջին նյութերը