Լրահոս

04.04.2013 15:28


Գագիկ Ծառուկյան. «Սահմանամերձ գյուղերին ցուցաբերվող աջակցությունը շարունակական է լինելու» (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյան. «Սահմանամերձ գյուղերին ցուցաբերվող աջակցությունը շարունակական է լինելու» (տեսանյութ)

Օրեր առաջ Տավուշի մարզի Այգեպար և Ներքին Կարմիր Աղբյուր համայնքների ղեկավարները դժգոհել էին, թե իբր «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից գյուղի բնակիչներին հատկացված տրակտորներն ու գյուղտեխնիկան չեն ծառայում նպատակին: Տեղեկանալով խնդրի մասին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպելու բոլոր կողմերի հետ և քննարկելու ստեղծված իրավիճակը:

Հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ մեքենատրակտորային կայանների ստեղծման նպատակը գյուղացուն օգնելն ու նրա առօրյա հոգսը թեթևացնելն է: Պատահական չէ, որ հատկացված տրակտորները պետք է ծառայեն բոլորին՝ անկախ կուսակցական պատկանելիությունից, ծառայություններն էլ պետք է մատուցվեն կիրառվող գների մինչև 50 տոկոսի չափով: Նշվեց, որ տրակտորները պետք է հատկացվեն այնպիսի գյուղացիների, ովքեր լավագույնս են տիրապետում տեխնիկայի հնարավորություններին:

Ներկաները նշեցին, որ սահմանամերձ Տավուշ գյուղում նույնպես նոր տեխնիկայի անհրաժեշտություն կա: Գագիկ Ծառուկյանը այս հարցում ևս խոստացավ ընդառաջել: ԲՀԿ նախագահը նաև տեղեկացրեց, որ ապրիլի 15-ին Բելառուսից 100 միավոր բարձրակարգ տեխնիկա կներկրվի Հայաստան, որը գյուղացիներին կտրամադրվի շահավետ պայմաններով:

Ներկաներն իրենց երախտագիտությունը հայտնեցին Գագիկ Ծառուկյանին՝ նշելով, որ սահմանամերձ շրջանները մշտապես կարևորվում են ԲՀԿ նախագահի կողմից, ինչի վկայությունը կատարած հսկայածավալ աշխատանքներն ու սրտացավ վերաբերմունքն են:

ԲՀԿ նախագահը ընդգծեց, որ աջակցությունը սահմանամերձ գյուղերին շարունակական է լինելու: Հանդիպման ավարտին Գագիկ Ծառուկյանը հորդորեց միմյանց հանդեպ լինել հարգալից ու ներողամիտ՝ պատրաստակամություն հայտնելով ցանկացած խնդրի պարագայում հանդիպել և աջակցել:

Այս խորագրի վերջին նյութերը