Լրահոս

20.01.2011 16:17


ՀՀԿ–ական պատգամավոր. «Եթե գազը թանկանա, և մենք չփոխհատուցենք, ապա աղքատությունն ավելի կշատանա»

ՀՀԿ–ական պատգամավոր. «Եթե գազը թանկանա, և մենք չփոխհատուցենք, ապա աղքատությունն ավելի կշատանա»

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը 2010թ. արձանագրված 9,5% աննախադեպ գնաճը հիմնականում պայմանավորում է իշխանությունների կողմից տարիներ շարունակ իրականացված ապաշնորհ տնտեսական քաղաքականությամբ։ Ըստ նրա՝ գնաճի վրա որոշակի դերակատարություն ունեցել են նաև արտաքին գործոնները, բայց զգալի դերակատարություն են ունեցել հատկապես ներքին գործոնները։

-Մոնոլպոլիզացված օլիգարխիկ կոռումպացված համակարգն է, համակարգ, որը նպաստում է մի խումբ մարդկանց շահերին սպասարկելուն,-այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում ասել է Բ. Ասատրյանը։

Նրա հետ բանավիճող ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանն էլ ավելացրել է, որ 2011թ. համար պարտադիր է գնաճի պատճառներից հետևություններ անել։ Ի թիվս գնաճի մի շարք պատճառների՝ ՀՀԿ-ական պատգամավորը նշել է նաև արտաքին պարտքի ավելացումը։

-Մենք արտաքին պարտքը 2009-2010թթ. միանգամից ավելացրեցինք պետության սոցիալական պարտավորությունները կատարելու համար, որպեսզի բյուջեով նախատեսված սոցիալական պարտավորությունները կատարվեն։ Սա՛ էլ է պատճառ, երբ որ դու քո արտադրության բազային համապատասխան շրջանառության մեջ ես դնում գումարներ, որոնք որ չեն բարձրացնում արտադրության պրոցեսը,-նշել է Հ. Հակոբյանը՝ ավելացնելով, թե 2010թ. ցույց տվեց, որ Կենտրոնական բանկի՝ օրենքով ունեցած գործիքները բավարար չեն գնաճը կարգավորելու համար։

ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահն ասել է նաև, թե դեռ որոշակի չէ՝ գազի գինը ինչքա՞ն և ե՞րբ կբարձրանա, բայց որ այդ թանկացումը կանդրադառնա սոցիալական խավի վրա, հստակ է։

-Եթե գազը թանկանա, և մենք չփոխհատուցենք, ապա աղքատությունն ավելի կշատանա։ Դրա համար, կարծում եմ, պետք է լուրջ մտածել աղքատ շերտին որոշակի փոխհատուցում տալու ուղղությամբ,-հավելել է Հ. Հակոբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը